Հայաստանի կառավարությունն այսօր հաստատել է Ռուսաստանից 100 միլիոն դոլար վարկ վերցնելու նախագիծը։ Ըստ համաձայնագրի՝ վարկն օգտագործվելու է Ռուսաստանից ժամանակակից սպառազինություն և զինտեխնիկա ձեռք բերելու նպատակով։ Համաձայնագրում նշվում է, որ վարկը տրամադրվում է պետությունների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման նպատակով։ Հայկական կողմը վարկը օգտագործելու է 2018-2022 թվականների ընթացքում։
Սկզբունքորեն, իհարկե, անհասկանալի է վարկի տրամադրումը «բարեկամության» մոտիվով հիմնավորելը: Ռուսական կողմը, թերևս, ակնարկում է, որ Հայաստանին զենքը մատակարարում է ավելի էժան գներով, և իր տված վարկով իրականում մեր երկիրը ձեռք է բերում ավելի շատ զենք, քան շուկայական հարաբերություններում հնարավոր է գնել 100 միլիոն դոլարով: Մյուս կողմից` նույն 200 միլիոն դոլար վարկի գործարքը թափանցիկ չէ, և հասարակության համար դժվար է գնահատել, թե վարկային այդ բեռն ինչքանով է նպաստել Հայաստանի անվտանգության կամ պաշտպանունակության ամրապնդմանը, արդյո՞ք ռուսական կողմը կատարել է իր բոլոր պարտավորությունները, եղե՞լ են սպառազինության մատակարարման ձգձգումներ, թե՞ ոչ:
Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության անդամ է և, եթե նրա վարքագիծը ներդաշնակ լիներ մյուս համանախագահների` Ֆրանսիայի և ԱՄՆ-ի իրապես միջնորդական քաղաքականությանը, ապա հնարավոր կլիներ նույնիսկ էմբարգո կիրառել ԼՂ հակամարտության կողմերին սպառազինություն մատակարարելու վրա, ինչը տարածաշրջանում էապես կնվազեցներ միլիտարիզացիայի մակարդակը` չեզոքացնելով պատերազմի ռիսկերը: Մոսկվան վարում է իր միջնորդական առաքելությանը տրամագծորեն հակառակ քաղաքականություն: Նա միշտ «տաք» է պահում Ղարաբաղյան հակամարտությունը` կողմերին սպառազինելու միջոցով:
Սպառազինությունների մատակարարումն Ադրբեջանին ու Հայաստանին` Մոսկվայի համար առաջին հերթին քաղաքական գործիք է, որի միջոցով նա վերահսկում է Ղարաբաղյան հակամարտությունը և դրա կողմերի քաղաքականությունը: Դա առաջին հերթին վերաբերում է Հայաստանին, որն, ի տարբերություն Ադրբեջանի, զրկված է սպառազինություն ձեռք բերելու հնարավորությունից և, ըստ էության, ռուսական վարկի հույսին է, ինչն ավելի է կաշկանդում Հայաստանի արտաքին քաղաքականությունը և պրոբլեմներ է հարուցում անվտանգության համակարգի դիվերսիֆիկացման ճանապարհին:
Ադրբեջանին ռազմական սպառազինության մատակարումը Ռուսաստանի համար նաև կոմերցիա է, սակայն նախ և առաջ շանտաժի գործիք է, որի միջոցով միանգամայն կառավարելի է դառնում Հայաստանի քաղաքականությունը:
Այս իրավիճակը հնարավոր է փոխել միայն այն պարագայում, երբ Հայաստանը կդառնա այնպիսի մրցունակ և կենսունակ մոդելի կրող, որ քաղաքականության համաշխարհային կենտրոնների համար լեգիտիմացված կլինեն տարածաշրջանային անվտանգության ձևավորմանն ուղղված Երևանի պահանջները: Իսրայելի օրինակը, որն ունի ոչ պակաս ագրեսիվ հարևաններ, խիստ ուսանելի է: Հրեական պետությունը կարողացել է հասնել այնպիսի մակարդակի, որ ԱՄՆ-ն դադարեցնում է իր անդամակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին` վերջինիս ընդունած հակաիսրայելական բանաձևերի պատճառով: