Lragir.am-ը գրում է. ԱՄՆ Կոնգրեսը կարող է քննարկել Ռուսաստանը որպես ահաբեկչության հովանավոր պետություն ճանաչելու հարցը։ Համապատասխան օրենքի նախագիծն արդեն պատրաստ է և կարող է քննարկվել սեպտեմբերին՝ Ուկրաինայի հայտով։
Այս առնչությամբ փորձագետներն ասում են՝ Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը կնշանակի, որ այսուհետ ամեն ինչ որոշելու է միայն բիրտ ռազմական ուժը, ընդհուպ մինչև կողմերից մեկի կապիտուլյացիան։
Նոյեմբերի 9-ից անմիջապես հետո հայաստանյան քաղաքագիտական տարածքում խոսվում էր, որ ուժով պարտադրված այդ հայտարարությունը չի կարող համարվել կարգավորում, և դրա կետերը չեն կարող կատարվել։ Հայկական կողմը, սակայն, սրբորեն կատարում է այն ամենը, ինչ ստորագրվել է միջազգային նորմերի կոպտագույն խախտումներով։ Ավելին, Հայաստանի իշխանությունը չի վիճարկում այս հայտարարության օրինականությունը և չի պահանջում, ինչպես Ուկրաինան, պատերազմ սանձազերծած երկրներին ճանաչել որպես ահաբեկչության հովանավոր։
Հայաստանին պատերազմ չի հայտարարվել, ինչը նշանակում է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է «Ադրբեջանի» կողմից Ռուսաստանի եւ Թուրքիայի անմիջական պլանավորմամբ ու մասնակցությամբ, որի վկայությունն են ՌԴ առաջին դեմքերի հայտարարությունները։ Դրա վկայությունն է Արցախում Ակնայի ռուս-թուրքական հետախուզական կենտրոնը։
Հայաստանի Կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը պնդում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն ընդունվել է ուժի ճնշման տակ և չի վավերացվել ստորագրող երկրների խորհրդարաններում, պարտավորություններ է ենթադրում ոչ թե Հայաստանի, այլ Նիկոլ Փաշինյանի համար։ Նա նշում է հայտարարության ոչ լեգիտիմ և պետության համար ոչ պարտադիր կատարման բնույթը։
Իր հերթին, Հայաստանի ռուսանպաստ ընդդիմությունը հանդես է եկել իր բանաձեւով՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը կատարված փաստ է, այսինքն՝ ընդունում է այն Փաշինյանի պես։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Կիպրոսի, ինչպես նաև ԼՂ հարցում «Հայաստանի համար անընդունելի են ուժի կիրառման հետևանքները որպես լուծում ներկայացնելու ցանկացած փորձ»։ Սակայն Հայաստանի իշխանությունը ոչ միայն կասկածի տակ չի դնում նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլեւ մտադիր է այն կատարել մինչեւ վերջ։ Խոսքը, մասնավորապես, Բերձորն ու Աղավնոն Բաքվի վերահսկողությանը հանձնելու մասին է։
Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հարցրել է՝ եթե նոյեմբերի 9-ի հայտարարությունը դատավճիռ չէ, և Ադրբեջանը խախտել է գրեթե բոլոր կետերը, ինչո՞ւ հայկական կողմը չի կարող կասեցնել գոնե մեկ կետի կատարումը։
«Մենք կարող ենք հրաժարվել հայտարարության 6-րդ կետի կատարումից (Բերձորի մասին – խմբ.), բայց պետք է քննարկել դրա հետևանքները։ Ես էլ եմ դեմ Բերձորից հեռանալուն, բայց պետք է մտածել մեր 120 հազար քաղաքացիների ճակատագրի մասին»,- պատասխանել է Արայիկ Հարությունյանը։
Փաստորեն, նա խոստովանել է, որ ամեն ինչ տեղի է ունենում Ռուսաստանի ուժի սպառնալիքի ներքո, որի զինվորականները տեղակայված են Հայաստանում և Արցախում։ Երբ ռուսանպաստ հայ քաղաքական գործիչները փորձում են արդարացնել իրենց զիջումները, ակամա ընդունում են, որ ամեն ինչ արվում է ռուսական սպառնալիքի ներքո։
Նոյեմբերի 9-ից հետո տարածաշրջանում «հետպատերազմյան կարգավորումը» շարունակվում է ահաբեկչություններով, ռազմական ներխուժումներով և ուժային ահաբեկումներով՝ սկսած Կապան-Գորիս ճանապարհը փակելուց մինչև Փառուխ և ռուսական բազաներ Հայաստանի ողջ տարածքում։ Ուկրաինա ներխուժելուց հետո Ռուսաստանի ագրեսիվությունն էլ ավելի է մեծացել։ Հայաստանի ԱԳՆ-ն նշում է Ուկրաինայում և Արցախում գործողությունների կապվածությունը՝ զգուշացնելով նոր սադրանքների հավանականության մասին։
Ռուսաստանի սկանդալային արձագանքը Հայաստանում Կանադայի դեսպանատան բացմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբում կարգավորման կտրուկ մերժումը, Հայաստանը «պարզեցված ռեժիմով» ռուս-թուրքական միջանցքի վերածելու բացահայտ հայտարարությունները հայկական բանակի «խորհրդայնացումը» ազգային քաղաքական դասի համար հիմք են ահաբեկչության փաստերը ճանաչելու պահանջով գործընկերներին և միջազգային կազմակերպություններին դիմելու համար։