Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսայի կարծիքով, Ռուսաստանին անհրաժեշտ է «պարտադրել քաղաքական համակարգի փոփոխություն, կազմակերպել ժողովուրդների ապստամբություն», գրում է Le Figaro-ն։
«Կա 60 ժողովուրդ, որին կուլ են տվել այնպես, ինչպես այսօր կուլ են տալիս ուկրաինացիներին։ Մենք պետք է օգնենք այդ ժողովուրդներին ոտքի կանգնել։ Մենք կամ պետք է փոխենք Ռուսաստանի քաղաքական համակարգը, կամ Ռուսաստանի բնակչությունը կրճատենք մինչև 50 միլիոն», ասել է Վալեսան:
«Եթե նույնիսկ Ուկրաինան հաղթի այս պատերազմում, հինգ տարի հետո մենք կունենանք նույնը, իսկ տասը տարի հետո մենք կտեսնենք մեկ այլ Պուտինի ի հայտ գալը: Եթե երկրի քաղաքական համակարգը փոխելն անհնար է, ապա միայն այսօրվա Ռուսաստանի մասնատումը կապահովի համաշխարհային անվտանգությունը», ասել է Վալեսան։
Լեհաստանի նախկին նախագահը համաձայնել է, որ Արևմուտքը շահագրգռված է ազդեցության ոլորտների ընդլայնմամբ։ «Մենք պետք է հասկանանք, որ Արևմուտքն ընդլայնում է իր իշխանությունը ՆԱՏՕ-ի միջոցով, Եվրամիությունը՝ ընդլայնման, բայց ժողովրդավարական ճանապարհներով: Ռուսաստանը դա անում է բռնության միջոցով», ասել է 78-ամյա լեհ գործիչը։
Առաջիկա մի քանի տարիներին կսկսվի Ռուսաստանի Դաշնության կազմալուծման գործընթացը։ Այն կվերածվի տարբեր պետությունների՝ Թաթարստան, Բաշկորտոստան և այլն։ Իսկ աշխարհում արդեն ծնվել է հակակրեմլյան կոալիցիան, որը ցանկանում է տեսնել Ուկրաինայի հաղթանակը, ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը The Sunday Times-ին տված հարցազրույցում։
«Վստահ եմ, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում մենք ականատես կլինենք Ռուսաստանի տարածքում ինքնիշխանության կոչերի: Ռուսաստանի Դաշնությունը կավարտի իր կյանքը եւ կվերածվի տարբեր պետությունների»,- ասել է Ռեզնիկովը:
Իր հերթին, Մոսկվան եւ անձամբ Պուտինը մի քանի անգամ Արեւմուտքին բացահայտ առաջարկել են «կիսել» Ուկրաինան։ ՌԴ-ն որպես ահաբեկչությանն աջակցող պետություն ճանաչելու վերաբերյալ ամերիկյան օրենսդիրների օրենսդրական նախաձեռնությանը Կրեմլը կրկին արձագանքել է Ուկրաինան երեք մասերի բաժանելու «առաջարկով»։
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը փաստացի հանգել է այդ երկու երկրների՝ նախկին տեսքով գոյության խնդրին։ Ռուսաստանի «վերափոխման եւ նորմալ պետության վերածվելու» հեռանկարին արդեն քչերն են հավատում։ Արեւմուտքը կարող է իրագործել այն խնդիրները, որոնց մասին բացահայտ խոսում է Վալենսան։ Կանի՞ դա Արեւմուտքը, թե հերթական անգամ կփրկի Ռուսաստանին։
Մյուս կողմից, այս պատերազմը ցույց տվեց, որ ՌԴ-ն այլեւս ի վիճակի չէ կատարել այն աշխարհքաղաքական դերը, որն այդ երկիրը կատարում էր 300 տարի։ Չինական ու թուրքական ստրկությունը ներկայում ռուսական էլիտաներին թվում է որպես հետագա հարյուրամյակում Ռուսաստան կոչվելու եւ պահպանվելու միակ հնարավորություն։ Սակայն, անկախ պատերազմի ելքից, Ռուսաստանի նույնիսկ այս հեռանկարը խիստ մշուշոտ է թվում։ Պատերազմը միայն արագացնում է ներքին դեգրադացիայի գործընթացները։