Հայաստանի դեմ ռուս-թուրքական նոր ագրեսիայի հեռանկարը

Lragir.am- ը գրում է. Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունական Kathimerini թերթին տված հարցազրույցում խոսել է Բաքվի նոր ռազմական գործողության սպառնալիքի մասին։

«Ներկայում, երբ աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինային, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է լայնածավալ սադրանք սկսելու փորձ կատարել։ Ուստի չափազանց կարևոր է, որպեսզի միջազգային հանրության կողմից արդյունավետ քայլեր ձեռնարկվեն Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման փորձերը կանխելու համար», ասել է Միրզոյանը։

Միրոզյանը հիշեցրել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակից հետո ադրբեջանական զինուժը ներխուժել է Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ, «որին նախորդել էին գյուղերի և քաղաքացիական ենթակառուցվածքների շարունակական ռմբակոծումները, հարևան գյուղերի խաղաղ հայ բնակչությանը ուժի կիրառման սպառնալիքների ներքո հասցեագրված կոչերը՝ լքելու իրենց տները, աննախադեպ ցուրտ եղանակային պայմաններում գազատարի աշխատանքի մի քանի շաբաթով խափանումը և այլն»։

Արարատ Միրզոյանը Փառուխում ստեղծված իրավիճակը և ռազմական գործողությունների վերսկսման ներկա սպառնալիքը կապում է ուկրաինական զարգացումների հետ։ Հայաստանի ԱԳՆ-ն տեսնում է կորելյացիա՝ հասկանալով, որ երկու գործընթացներն էլ կառավարվում են մեկ կենտրոնից։ Ուկրաինա ներխուժելուց հետո Մոսկվան մտադիր էր Կիևում փոխվել ղեկավարությունը եւ հաստատել խամաճիկ իշխանություն, իսկ Ալիևը ստացավ Փառուխում գործողության թույլտվություն։ Հիշեցնենք, որ Ուկրաինա ներխուժման նախօրեին Պուտինն ու Ալիեւը ստորագրել էին ռազմավարական գործակցության հուշագիր, եւ Բաքուն իր գործողությունները բացատրում էր այդ փաստաթղթի դրույթներով։

Ներկայում, երբ Մոսկվան, փոխելով պատերազմի նախնական նպատակները, կարող է հայտարարել, որ «բավարարված» է արդյունքներից և պատրաստ է Թուրքիայի միջոցով միջազգային «սակարկությունների», Հարավային Կովկասում պատերազմի հավանականությունը կրկին մեծացել է։

Մոսկվան գնալով ավելի ագրեսիվ է դառնում, դրա վկայությունն են Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման վերաբերյալ Ռուսաստանի սկանդալային հայտարարությունը, շփման գծից տագնապալի հաղորդագրությունները, հայկական բանակի «խորհրդայնացումը», Հայաստանը ռուս-թուրքական «միջանցքի» վերածելու շտապ քայլերը։ Պակասում է միայն մեկ՝ ուժային տարբերակը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր հերքում է Բաքվի հաղորդագրությունները հայկական կողմից ադրբեջանական դիրքերի ենթադրյալ գնդակոծման մասին։ Հայ զինծառայողի մահվան ելքով վերջին միջադեպը տեղի է ունեցել հունիսի 19-ին։ Օրերս Նախիջեւանի տարածքից գնդակոծվել են Վայոց ձորի բնակավայրերը։

ՀՀ իշխանության «խաղաղ օրակարգը» մեծացնում է ագրեսիայի հեռանկարը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.