Որքան կտեւի դոլարի արժեզրկումը, ինչ պետք է անեն տնտեսվարողներն ու անհատները

Lragir.am-ի զրուցակիցն է tvyal.com կազմակերպության ղեկավար, ՀՊՏՀ դոցենտ Աղասի Թավադյանը

Պարոն Թավադյան, Հայաստանում դոլարի արժեզրկումը շարունակվում է, այս իրավիճակը որքա՞ն կարող է տևել։

Նախ պետք է հասկանալ շուկայի իրավիճակը, հետո կանխատեսումներ անել։ Պետք է հասկանալ, թե մինչև 2021 թվականը փոխարժեքն ինչով էր բնութագրվում և այժմ ինչով է բնութագրվում։ 2015-2021 թվականների ընթացքում ունեցել ենք համեմատաբար կայուն փոխարժեք: Այս ժամանակահատվածում մեկ դոլարը համարժեք է եղել մոտ 480 դրամի։ Սա պայմանավորված էր նրանով, որ Կենտրոնական բանկն ազատ է եղել որոշակի գործիքների կիրառման հարցում, որոնք փոխարժեքը պահել են 480-ի շրջակայքում։ Այսինքն՝ ԿԲ-ն ազատորեն կարողացել է փոխարժեքային ինտերվենցիաներ անել շուկայում և իր տոկոսադրույքների փոփոխությամբ փոխարժեքը կայունացնել որոշակի շրջակայքում։ Հայաստանում փոխարժեքը համարվում է լողացող, սակայն այն համեմատաբար ավելի կայուն է եղել դոլարի հանդեպ, քան եվրոյի ու հարևան երկրների այլ փոխարժեքների։

Այս պահին Կենտրոնական բանկը լիարժեք չի կարող կիրառել իր գործիքակազմը։ Ինչո՞ւ։ Առաջինը, այս պահին առկա է համաշխարհային գնաճ։ Հայաստանի Կենտրոնական բանկը, իհարկե, կարող է ինտերվենցիա անել ու շուկայից դոլար գնել, դրամ ներարկել։ Սրա շնորհիվ փոխարժեքը կբարձրանա, սակայն սա հավելյալ դրամ կներմուծի տնտեսություն, որը պարունակում է հավելյալ գնաճային ռիսկեր։

Այսինքն՝ գնաճը կարող է բավական բարձր լինել, ինչը վտանգավոր է։ Իհարկե, այս ռիսկը կարելի է չեղարկել բաց թողած դրամի չափով պետական պարտատոմսեր առաջարկելով, սակայն դա չի արվում: Այս պահին արդեն իսկ տոկոսադրույքները շատ բարձր են, վերաֆինանսավորման տոկոսադրույքը 9․25 տոկոս է, լոմբարդային ռեպո տոկոսադրույքը՝ 10.75 տոկոս։ Սա առաջին հերթին զսպում է տնտեսությունը և գնաճային տենդենցները, բայց նաև ամրապնդում է դրամը։ Եթե համեմատենք, Ռուսաստանում փետրվարին վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացել էր մինչև 20 տոկոս, այս պահին այն իջել է 9․5 տոկոսի։ Պետք է սպասենք Կենտրոնական բանկին, երբ ԿԲ-ն իջեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, կարելի է ակնկալել, որ դրամը որոշակիորեն կարժեզրկվի։

Դոլարի արժեզրկումն ի՞նչ հետևանքներ է ունենում տնտեսության վրա։

Այս պահին փաստացի փոխարժեքն իրականում լողացող է։ Քանի որ Կենտրոնական բանկը չի կարողանում այդքան շատ ինտերվենցիաներ անել շուկայում, և շուկան է որոշում փոխարժեքի կուրսը։ Նշեմ նաև, որ առկա է դոլարի մեծ ներհոսք, հատկապես Ռուսատանից, որը նույնպես ազդել է դրամի արժևորման վրա: Այս պայմաններում դժվար է կանխատեսել՝ ինչ զարգացումներ են լինելու։

Ինչպե՞ս է սա անդրադառնում տնտեսության վրա։ Առաջինը տուժում են արտահանողները, բայց արտահանողներին պետք է տարբերակենք ըստ տարածաշրջանների։ Այսինքն՝ ըստ տարածաշրջանների տարբեր արտահանողներ տարբեր օգուտներ ու վնասներ են քաղել։ Առաջինը քննարկենք դեպի ԵԱՏՄ արտահանումը, որը 2021 թվականին կազմել է ընդհանուր արտահանման մոտ 30 տոկոսը։ Նշեմ, որ ԵԱՏՄ մուտք գործելուց հետո 2015 թվականից ավելի քան երեք անգամ աճել է դեպի այդ երկրներ Հայաստանի արտահանումը։ ԵԱՏՄ արտահանողները վնասներ չեն կրել, քանի որ նրանք վաճառում են ռուբլիով։ Եթե համեմատենք տարվա սկիզբն ու այսօրվա իրավիճակը, ռուբլի-դրամ փոխարժեքը գրեթե նույնն է։ Այսինքն՝ դեպի ՌԴ արտահանողները փոխարժեքի հետևանքով չեն տուժել, իրենց հիմնական խնդիրն այսօր Վերին Լարսի անցակետն է։

Հաջորդը հանքարդյունաբերության ոլորտն է։ Հանքարդյունաբերության ոլորտի արտահանողները տուժել են ավելի քան 12-15 տոկոսով։ Քանի որ հանքարդյունաբերության արտադրանքի գինը որոշվում է դոլարով, իսկ դոլարն արժեզրկվել է, այդ ընկերությունների եկամուտները նվազել են 12-15 տոկոսով։

Որպես մասնագետ՝ ի՞նչ խորհուրդ կտաք տնտեսվարողներին, հասարակությանը։

Խորհուրդ եմ տալիս չխաղալ շուկայում։ Շատ մարդիկ այն ակնկալիքով, որ դոլարը բարձրանալու է, դոլար են ձեռք բերում և արհեստականորեն մեծացնում են դոլարի պահանջարկը։ Ես խորհուրդ եմ տալիս, որ չպետք է խաղալ շուկայում այն ակնկալիքով, որ շահելու են, որովհետև շուկան այս պահին քաոտիկ է, և փոխարժեքը որոշվում է օրվա դրությամբ։ Քանի որ փոխարժեքը կարող է դեռ երկար լողացող լինել, և շուկան դրան դեռ սովոր չէ, ակնկալիքներ կան, որ փոխարժեքը կարող է բարձրանալ մինչև 480 դրամ։ 

Մանրամասները սկզբնաղբյուրում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.