«Այստեղով ռուսներն են անցել»

Թուրքերի վերաբերյալ դասականի հայտնի արտահայտությունը քիչ ինչ վերափոխված հաստատ կիրառվելու է Ուկրաինայում։ Ռուսական «աշխարհում երկրորդ» բանակը առայժմ դանդաղ առաջ է շարժվում մարդուժի ու հրետանու քանակի շնորհիվ՝ նախապես ավերակների վերածելով ուկրաինական քաղաքներն ու գյուղերը։ Կոնվենցիոնալ պատերազմում անկարողության բացահայտումն ու խոշոր կորուստները Կրեմլի ղեկավարությանը մղել են նման մեթոդներով պատերազմի։

«Ռուսախոս բնակչության ցեղասպանությունը կանխելու» կարգախոսով ռուսական «ազատարար բանակի» գործողությունների հետեւանքը ավերված բնակավայրերն են ու նույն ռուսախոս բնակչության տեղահանությունը՝ միլիոնավոր մարդիկ տնավեր են դարձել, եւ դեռ հարց է՝ երբեւէ կվերադառնան, թե ոչ։ Եղած բնակչությունն էլ մոբիլիզացվում է եւ որպես «թնդանոթի միս» ուղարկվում ճակատ։ Բավական է համեմատել 2014-2022 թթ․ Ուկրաինայի արեւելյան շրջանների խաղաղ բնակչության շրջանում զոհերի վիճակագրությունը 2022-ի փետրվարի 24-ից հետո վիճակագրության հետ, եւ ամեն ինչ պարզ է դառնում։ Ընդ որում, հենց Ռուսաստանի հրապարակած պաշտոնական տվյալներով։

Փրկչության եւ ազատարարության համար նախ պատերազմ ու ցեղասպանություն է պետք՝ Ուկրաինայում ռուսները գործում են ուղիղ եւ միաժամանակ «դահիճի ու փրկչի» դերերում են, որովհետեւ արանքում թուրք չկա, ինչպես Հայաստանի ու հայերի պարագայում։ Թուրքերն Ուկրաինայում իհարկե ունեն իրենց դերը՝ Մոսկվային օգնում են շրջանցել պատժամիջոցները եւ իրացնում են թալանը։

Մնացյալը նույնն է՝ հայերին քաջ ծանոթ պատկերներով։ Նույնն է նաեւ ռուսական արշավի պատմա-քաղաքական հիմքը։ Թեեւ, այս հարցերն այդպես էլ անհասանելի են մնում հայերին։

Հայաստանի դեմ 2020-ի սեպտեմբերի 27-ին թուրքերի հետ համատեղ Ռուսաստանի ռազմական արշավը եւ «հետպատերազմյա կարգավորումը» ուղեկցվում է ռուսանպաստ ագենտուրայի, մամուլի ու խորհրդարանը կազմող խմբերի՝ ՌԴ պլաններին հավատարմության նողկալի տեսարաններով ու քարոզչությամբ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am