Ուկրաինայի 5 մարզ արդեն ամբողջությամբ ազատագրված է

Lragir.am-ի զրուցակիցն է ուկրաինահայ վերլուծաբան Մարատ Հակոբյանը

Պարոն Հակոբյան, ի՞նչ իրավիճակ է Ուկրաինայում, վերջին շրջանի զարգացումները ի՞նչ են ցույց տալիս, մենք տեսանք, որ ռուսական զորքը լքեց Զմեինի կղզին։

Ուկրաինայի 5 մարզ արդեն ամբողջությամբ ազատագրված է։ Խոսքը Ժիտոմիրի, Կիևի, Չեռնիգովի, Սումիի, երեկվանից նաև Օդեսայի մարզերի ամբողջությամբ ազատագրման մասին է։ Այսպիսով, Օդեսայի մարզը դարձավ հինգերորդը, որն ամբողջությամբ ազատագրված է ռուսական զորքերից։ Այս հինգ մարզերից ռուսական զորքերը ամբողջովին դուրս են նետված։ Նաև Խարկովի մարզի մեծ մասն է ազատագրված։ Մարտերը շարունակվում են Խարկովի, Լուգանսկի, Դոնեցկի, Խերոսնի և Զապոռոժիեի մարզերում։ Այս նահանջները ցույց են տալիս, որ ռուսական բանակի հարձակման պոտենցիալը մարում է, մոտենում է շրջադարձային փուլը, ինչը կբերի ռուսական բանակի վերջնական ջախջախմանը։ Դրա փոխարեն գալիս է ուկրաինական գերիշխումը։ Ուկրաինան ունի բավական նոր զինատեսակներ, որոնք փոխարինեցին հին սովետական զինատեսակներին, որոնք սպառվել էին  հյուսիսային մարզերն ազատագրելու ժամանակ։ ՆԱՏՕ-ի զենքերն ավելի ժամանակակից ու ճշգրիտ զենքեր են, և հնարավորությունը ավելի մեծ է՝ օր առաջ ազատագրելու ուկրաինական հողերը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային 800 միլիոն դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթի մասին, որը կներառի հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգեր։ Արևմուտքի այս աջակցությունը որքանո՞վ կփոխի իրավիճակը։

Ամերիկյան օգնությունն ամենակայուն ու մեծ մասշտաբի օգնությունն է, որին շատ մոտ է նաև Մեծ Բրիտանիայի աջակցությունը։ Ֆրանսիայի, Գերմանիայի իշխանություններն էլ սկսեցին միանալ ու օգնել Ուկրաինային։ Եվրոպայում բոլորի համար արդեն պարզ դարձավ, որ Ուկրաինան մարտնչում է նաև Եվրոպայի ազատության ու անկախության համար, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը չի թաքցնում իր հավակնությունները եվրոպական մայրցամաքի այլ պետությունների նկատմամբ։ Այնպես որ, այս պահին Ուկրաինան իրոք մարտնչում է և իր համար, և եվրոպական պետությունների, ավելին, նաև նախկին ԽՍՀՄ երկրների ազատության համար։ Ռուսական այս մշտական դոմինանտ հավակնությունները պետք է հանվեն նոր անկախացած երկրների գլխից, որովհետև դա խանգարում է զարգացմանը, շեղում է պետական զարգացման ուղուց։ Հետևաբար, օր առաջ պետք է ձերբազատվել ռուսական այսպիսի իշխանություններից և նրանց վարած քաղաքականությունից, որը բերել է աղետալի պատերազմի, որի հետևանքները մարդկությունը դարերով հիշելու է։ Այս պատերազմն ահաբեկչական ու ցեղասպանական բնույթ ունի, հայ ժողովրդին շատ ծանոթ է սա դեռ անցած դարից։ Եվ, ցավոք սրտի, 21-րդ դարում մենք նույնը տեսնում ենք Եվրոպայում։

Ուկրաինային ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ շնորհելու որոշումը շատ կարևոր էր քաղաքական իմաստով։ Մոսկվայի համար պարզ կդառնա, որ վերականգնել Խորհրդային միությունը հնարավոր չէ։ Նաև ՆԱՏՕ-ն Ռուսաստանը տեսնում է որպես պոտենցիալ վտանգ, որն այդպես էլ կար, պարզապես հիմա դա ծրագրով է նշված։ Քաղաքական դաշտում այս փոփոխությունները շատ կարևոր են ու տրամադրող ապագայի համար։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.