Проект պարբերականը վերլուծել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության 196 ճեպազրույցները պատերազմի սկզբից ի վեր և եկել այն եզրակացության, որ գերատեսչության կողմից նշված տվյալները հաճախ չեն համապատասխանում իրականությանը, գրում է BBC-ն։
Օրինակ, մինչև հունիսի 26-ը, ըստ ՌԴ ՊՆ-ի, Ռուսաստանը խոցել է ուկրաինական 215 ռազմական ինքնաթիռ։ Միևնույն ժամանակ, բաց տվյալներից հայտնի է դարձել, որ պատերազմի սկզբում Ուկրաինան ուներ ընդամենը 98 ռազմական ինքնաթիռ, 35 տրանսպորտային (որից 3-ը միայն պատվիրված էին) և 5 հատուկ, այսինքն՝ առավելագույնը 138 անձնակազմ։ Տեսականորեն ռուսները կարող էին ոչնչացնել նաև ուսումնական ինքնաթիռներ՝ ուկրաինական բանակում դրանք 61-ն են, բայց նույնիսկ այս դեպքում ինքնաթիռների ընդհանուր թիվը երկու հարյուրի չի հասնում։
Հավաստի չեն նաև ոչնչացված տանկերի թվերը։ Մինչև հունիսի 26-ը ՌԴ ՊՆ-ն հայտնել էր ավելի քան 3800 զրահամեքենայի, այդ թվում՝ տանկերի ոչնչացման մասին։ Միաժամանակ ՊՆ-ն ինքը ուկրաինական զրահատեխնիկայի թիվը գնահատել էր 2416 հատ։ Մայիսի կեսերին արևմտյան դաշնակիցների կողմից Ուկրաինա է մատակարարվել ևս մոտ 700 մեքենա, սակայն նույնիսկ դրանից հետո զրահատեխնիկայի ընդհանուր թիվը ավելի քիչ է, քան ռուս զինվորականները «ոչնչացրել են»։
ՌԴ պաշտպանության նախարարությունը նույն բնակավայրերի գրավման մասին տեղեկացրել է մի քանի անգամ։ Օրինակ՝ մարտի սկզբին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը երեք անգամ խոսել է Կրեմեննայա քաղաքի գրավման մասին։ Проект-ը ենթադրում է, որ մարտին քաղաքը նույնիսկ մեկ անգամ չի գրավվել. համենայնդեպս, ուկրաինական ԶԼՄ-ները չեն հայտնել քաղաքի ոչ գրավման, ոչ էլ ձեռքից ձեռք անցնելու մասին։
Մարտի սկզբին ՊՆ-ն հայտարարեց նաեւ Կրասնի Լիման քաղաքի գրավման մասին։ Գրեթե երեք ամիս անց՝ մայիսի 28-ին, Կոնաշենկովը կրկին հայտարարեց Կրասնի Լիմանի գրավման մասին։
Ընդհանուր առմամբ, Проект-ի հաշվարկներով, ՌԴ ՊՆ-ն մեկ անգամ չէ, որ հաղորդել է Ուկրաինայի 25 բնակավայրերի գրավման մասին։