Ռուսաստանը ցանկանում է Բելառուսին ներքաշել պատերազմի մեջ և Ուկրաինային հարվածներ է հասցնում Բելառուսի տարածքից, ըստ ուկրաինական հետախուզության: Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը նշում է, որ զանգվածային ավիահարվածը, որը հասցվել է Բելառուսի տարածքից, առաջին նման դեպքն է։
Փորձագետները նշում են, որ Պուտինը ոչ մի կերպ չի կարողանում համոզել Լուկաշենկոյին ուղղակիորեն մտնել պատերազմի մեջ։ Լուկաշենկոն, չնայած ռուսանպաստ հայտարարություններին, առայժմ կարողանում է խուսափել պատերազմի մեջ ուղղակի ներգրավվելուց։ Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Պուտինի հետ և Կալինինգրադի մարզ տրանզիտն արգելելու Լիտվայի որոշումն անվանել պատերազմ հայտարարելու պես մի բան։
Նա նշել է, որ Բելառուսը մտահոգված է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ինքնաթիռների թռիչքներով, որոնք «պատրաստվում են միջուկային մարտագլխիկներ և միջուկային լիցքեր կրել»։ Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսը պետք է պատրաստ լինի օգտագործել ամենալուրջ զենքը՝ «հայրենիքը Բրեստից մինչև Վլադիվոստոկ» պաշտպանելու համար։
Ռուսաստանը «Իսկանդեր-Մ» համալիրներ կմատակարարի Մինսկին առաջիկա ամիսներին, ասել է ՌԴ նախագահ Պուտինը։ Նրանք «կարող են կիրառել ինչպես բալիստիկ, այնպես էլ թեւավոր հրթիռներ՝ ինչպես սովորական, այնպես էլ միջուկային»։ Լուկաշենկոն նաև Պուտինին խնդրել է օգնել բելառուսական Սու-25 ինքնաթիռները հագեցնել միջուկային մարտագլխիկներով, ինչին Պուտինը պատասխանել է դրանք Ռուսաստանում վերազինելու առաջարկով։
Բելառուսի վերածումը ռուսական «միջուկային ռումբի» տեղի է ունենում Բելառուսից Կալինինգրադ Սուվալկիի հիպոթետիկ միջանցքի մասին համառ խոսակցությունների ֆոնին, որտեղ այժմ անցնում է Լեհաստանի և Լիտվայի սահմանը։ Սա մոլորակի ամենավտանգավոր վայրն է՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ հակամարտության սպառնալիքի պատճառով, գրում է Politico-ն։
Politico-ն հիշեցնում է, որ ՆԱՏՕ-ի երկրների տարածքով միջանցք բացելու Ռուսաստանի փորձերը կհանգեցնեն կողմերի ուղղակի բախման, որոնցից յուրաքանչյուրն ունի միջուկային զենք։
Հիշեցնենք, որ Լիտվան վերջերս հայտարարել է Կալինինգրադ հունիսի 18-ից մի շարք ապրանքների տարանցման դադարեցման մասին։
Մոտ 100 կմ երկարությամբ հիպոթետիկ միջանցքի անվանումը 2015 թվականին տվել է Էստոնիայի նախկին նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը` նկատի ունենալով մերձբալթյան երկրների «խոցելիությունը»՝ Լիտվան, Լատվիան և Էստոնիան ՆԱՏՕ-ի երկրներից կտրելու Ռուսաստանի հնարավորության պատճառով: