Ահա թե ինչու էր Լավրովը կապել սահմանն ու Փարուխը

1in.am-ը գրում է. «Մենք, այլ պայմանավորվածությունների համաձայն, պատրաստ ենք խորհրդատվական ծառայություններ տրամադրել սահմանազատման և սահմանագծման հարցերով Հայաստանում ու Ադրբեջանում ստեղծված հանձնաժողովներին։ Այս առումով կան կոնկրետ առաջարկներ, որոնք ուրախ կլինեմ Ձեզ հետ քննարկել», Բաքվում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Լավրովը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը հատկապես ուշադրություն է գրավում նրա երևանյան հայտնի հայտարարության ֆոնին, երբ Հայաստան այցի ընթացքում պատասխանում էր Արցախի Փարուխ գյուղի և Քարագլուխ բարձրունքի շուրջ իրադրության մասին հարցին: Լավրովի պատասխանը դարձավ որոշակի աղմկոտ իրադրության պատճառ, որովհետև ՌԴ արտգործնախարարը հայտարարեց, որ՝ երբ կսկսի սահմանազատման և սահմանագծման գործընթացը, կլուծվեն նաև Փարուխի հետ կապված հարցերը: Նրա հայտարարությունը առաջացնում էր պարզ հարց, թե ինչու՞ է ՌԴ արտգործնախարարը կապում Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի հարցը Արցախ-Ադրբեջան շփման գծում տեղի ունեցածի հետ: Ընդ որում, այդ համատեքստում ընդամենը րոպեների կամ ժամի ընթացքում հնչեց Բաքվի պատասխանը: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, թե՝ «Փարուխը Ադրբեջանի տարածք  է, որտեղ ժամանակավոր տեղակայված է ռուսական խաղաղապահ կոնտինգենտ»: Սա իհարկե Բաքվի հայտնի «թեզերի» շրջանակում է, սակայն իհարկե տվյալ պարագայում ակնառու է պետական սահմանի և շփման գծի «համադրման» հարցում Լավրովի հայտարարության ուշագրավ լինելը:

Բաքվի արձագանքից հետո «արձագանքեց» ՌԴ ԱԳՆ-ն, որը իր պաշտոնական կայքում խմբագրեց Լավրովի երևանյան խոսքը և այն ներկայացրեց բոլորովին այլ կերպ, թե իբր Լավրովը հայտարարում է, որ սահմանազատման հարցում աշխատանքի մեկնարկը կողմերի միջև կբարձրացնի վստահությունն ու այդ կերպ թույլ կտա կանխել հետագա լարվածություններ: Գործնականում սակայն, Լավրովը Երևանում խոսել էր շատ պարզ ու հստակ և որևէ գրավոր խմբագրում ի զորու չէր փոխել «նստվածքը»: Միաժամանակ, հազիվ թե Լավրովի նման փորձառու դիվանագետը չի հասկացել հարցը կամ շփոթել է Փարուխի և Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի կարգավիճակները: Այդ իմաստով, դեռևս Լավրովի երևանյան հայտարարության և հետո դրա «պաշտոնական խմբագրման» առիթով կարծիք հայտնեցի, որ Երևանում Լավրովը «բաց է թողել» ակնարկ, որը հասկանալի է գուցե միայն «թեմային շատ մոտ տիրապետողների» համար, որից հետո ՌԴ ԱԳՆ-ն պարզապես հարկ չի համարել շարունակել թեմայի արդեն հրապարակային ծավալումը և աղմուկը «չտիրապետողների» շրջանում: Այդ առումով է, որ Լավրովի՝ Բաքվում Ալիևի հետ հանդիպմանն ասվածը ստանում է բավականին հատկանշական բնույթ: Թե ինչ կոնկրետ առաջարկներ ունի Լավրովը Ալիևին, սա իհարկե գլխավոր հարցն է տվյալ պարագայում, որի պատասխանի վարկածներ կարող են ի հայտ գալ իրադրության զարգացումների ընթացքում: Բայց թերևս ակնառու է, որ Երևանում իր արած հայտարարությամբ Լավրովը նախապատրաստել է Բաքվում առաջարկի ներկայացումը, հատկապես, որ Երևան այցից առաջ ՌԴ արտգործնախարարը եղել էր Անկարայում, Երևանից օրեր անց և Բաքու այցից առաջ էլ՝ Թեհրանում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.