Ճանապարհը կառուցելուց հետո կամ մենք ենք մնալու այստեղ, կամ իրենք․ Մեծ Շենի գյուղապետ

Lragir.am-ը գրում է. Բերձորի միջանցքը շրջանցող ճանապարհի կառուցման հետևանքով հայկական վերահսկողության տակ մնացած գյուղերը չպետք է հայաթափվեն, հակառակ դեպքում Արցախին անորոշ ապագա է սպասվում։ Lragir.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի շրջանի Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը։ «Եթե այդ ճանապարհը մեզ համար է կառուցվում, ուրեմն գյուղերը կմնան հայկական, բայց եթե Արցախը հանձնեն, գյուղերն էլ կհայաթափվեն»,- ասաց նա։

Պատերազմից հետո հայկական վերահսկողության տակ մնացած Շուշիի Մեծ Շեն ու Հին Շեն բնակավայրերը նախորդ տարի հայտնվել էին ադրբեջանական շրջափակման մեջ, ադրբեջանցիները պահանջում էին, որպեսզի հայկական զորքերը հեռանային սահմանից։ Դավիթ Դավթյանն ասաց, որ այսօր Մեծ Շենում բնակվում է 25 ընտանիք, մոտ 25 ընտանիք էլ բնակվում է Հին Շեն գյուղում։ Մարդիկ ապրում են իրենց բնակավայրերում և մտադիր չեն լքել իրենց տները։ Կառուցվող նոր ճանապարհը, որը համարվում է Բերձորի միջանցքին այլընտրանք, անցնում է նաև Մեծ Շեն գյուղի միջով։

Ըստ Դավիթ Դավթյանի՝ ներկայում ճանապարհի կառուցման աշխատանքներն ընթացի մեջ են, ռուս խաղաղապահները գյուղի տարածքում են։ «Ճանապարհին աշխատանք են իրականացնում քաղաքացիական անձինք՝ մեծամասնությունը Թուրքիայից ժամանած, զինված մարդ չկա իրենց կողմից։ Խաղաղապահներն էլ իրենց հետ են։ Ճանապարհը կառուցելուց հետո կամ մենք ենք մնալու այստեղ, կամ իրենք։ Մեզ ասում են, որ ճանապարհը խաղաղապահներն են հսկելու, ոնց որ Լաչինի միջանցքը, տեսնենք»,- ասաց նա։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ այս փուլում Արցախի ճակատագիրն է լուծվում, եթե Արցախը թողնեն Ադրբեջանի կազմում, կհայաթափվի։ «Եթե մենք մնանք որպես Արցախ, որպես հայկական պետություն, անվտանգային ոչ մի մտահոգություն չունենք, իսկ եթե Արցախը տրվի իրենց, եթե Լաչինում իրենք լինեն, Շուշիում իրենք լինեն, արանքում հնարավոր չի լինի ապրել։ Արցախը պետք է լինի անկախ, չպետք է թողնել Ադրբեջանի կազմում։ Եթե նույնիսկ սկզբում արցախցիների իրավունքի հարցը դրվի, հետո կարգավիճակ լինի, ոչինչ, թող մի քիչ ուշ լինի, բայց կարգավիճակ լինի, բայց ոչ թե իրենց կազմում։ Մարդիկ միանշանակ բացառում են Ադրբեջանի կազմում ապրելը, դա ցեղասպանության վտանգ է։ Խաղաղապահները դեռ մեր անվտանգությունն ապահովում են, բայց թե վերջում ինչ կլինի, ոչ ոք չգիտի»,- ասաց նա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.