Կոնկրետ գործողություններ կան՝ մեր պաշտպանական կառույցները պատշաճ մակարդակի վրա դնելու համար

Lragir.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը

Պարոն Հայրապետյան, իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ Արցախի հարցի հիմքում այսօր դրվում են անվտանգության երաշխիքներն ու արցախահայերի իրավունքները, և դրանցից պետք է բխի կարգավիճակը։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։

Մեր տեսակետն այս հարցերի շուրջ մեկն է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Սա ինքնանպատակ չի ասվում, քանի որ Արցախի հայության ճակատագիրը Ադրբեջանի կազմում կանխորոշված է՝ ցեղասպանություն, բռնի տեղահանում։ Ադրբեջանի նախագահը չի հերքում այդ փաստը, երբեմն նաև տարբեր առիթներով արտահայտվում է այդ մասին, նշում է, որ Արցախում կա 25 հազար հայություն, ովքեր կարող են իրենց լեզվով խոսել, ադրբեջանական անձնագրեր ունենալ և այլն։ Մեր տեսակետը Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների միասնական հայտարարությամբ ներկայացրել ենք։ Նաև ներկայացրել ենք մեր ակնկալիքներն ու պահանջները Հայաստանի իշխանություններին, համայն հայությանը։ Հիմա դուք խոսում եք իրավունքի և կարգավիճակի մասին՝ իրավունքի՞ց է բխում կարգավիճակը, թե՞ կարգավիճակից են բխում իրավունքները։ Ես կարող եմ ասել, որ դա բառախաղ է, կարևորը վերջնանպատակն է, որ Արցախն ունենա անկախ պետության կարգավիճակ։ Եթե դա բխեցնելու են իրավունքից ու հասնելու են նպատակին, շատ բարի։ Եթե կարգավիճակ են տալու, որից, բնականաբար, բխելու են անվտանգության երաշխիքները, էլի մեզ համար ընդունելի է։ Այստեղ կարևոր է, որ ունենանք համազգային օրակարգ, որով կառաջնորդվենք։ Մենք հստակ ասել ենք, թե ինչի համար չենք կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ արցախահայության վրա կախված է լինելու ցեղասպանության ու տեղահանության վտանգը։

Այսօր էլ այդ վտանգն առկա է Արցախում, այդպե՞ս է։

Այո, այսօր էլ մենք տեսնում ենք այդ վտանգը և սահմանային խախտումների ու լարումների տեսքով, և ձմռան ամիսներին բլոկադայի, գազամատակարարման դադարեցման տեսքով։ Ադրբեջանը 1990-ական թվականներից սկսած հետևողականորեն բնաջնջել է հայերին՝ և Սումգայիթում ու Բաքվում, և պատմական Արցախի տարածքում։ Հիմա այսօր ինչի՞ մասին է խոսքը։ Ես չեմ ասում, որ հենց այսօր Ադրբեջանի հետ պետք է ուժի դիրքից խոսենք, բայց պատմությունը ցույց է տվել, որ եթե մենք ունեցել ենք ուժեղ բանակ, Ադրբեջանը երբեք չի հարձակվել։ Փորձեր արել է, բայց ակտիվ գործողությունների չի գնացել։ 44-օրյա պատերազմն Ադրբեջանը տարիների ընթացքում լեգիտիմացրել է արտաքին հարաբերությունների դաշտում, հրաժարվել է նաև տարբեր ձևաչափերով հանդիպումներից, և օգտվելով հարմար առիթից՝ ուժի միջոցով փորձել է հարցը լուծել։ Հակառակորդը զգալի հաջողությունների է հասել, հիմա մենք ունենք կարևոր առաքելություն, այն է՝ Արցախում հայության ապրելն ու անվտանգությունը երաշխավորելը։

Թեև Արցախում այսօր անվտանգության երաշխիքը նաև ռուս խաղաղապահներն են, բայց մենք պետք է ունենանք արդիական և հզոր բանակ՝ և արցախյան, և հայաստանյան հատվածում։ Բանակցությունների ժամանակ, ունենալով այդ բանակի կարողությունները, կարող ենք խույս տալ և պատերազմից, և դիվանագիտական ճանապարհով հասնել մեր նպատակներին։ Եթե Ադրբեջանն այսօր ասում է, թե իբր Ղարաբաղի հարցը լուծվել է, եկեք արձանագրենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ սահմանվում է՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր տեսակի ռազմական գործողությունների դադարեցում»։ Այնտեղ նշված չէ Հայաստանա-ադրբեջանական սահման կամ այլ դրույթ չկա, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո ճանաչվում է որպես պետություն, և այդ հակամարտության գոտում կրակի դադարեցում է ամրագրվում։ Կոնկրետ գործողություններ կան՝ մեր պաշտպանական կառույցները պատշաճ մակարդակի վրա դնելու համար, որոնք այսօր չենք կարող մանրամասնել։ Ամեն ազգ պետք է պայքարի իր անկախության համար։ Ճիշտ է, այդ պայքարը մեզ վրա շատ թանկ է նստել, բայց մենք հետ չենք կանգնելու մեր նպատակներից։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.