Խարդախության նոր մեխանիզմ՝ Հայաստանում

Վերջին օրերին առցանց խարդախությունների զոհ դառնալու վերաբերյալ քաղաքացիների ահազանգերը բազմաթիվ են: Այս անգամ հիմնականում թիրախավորվում են առուվաճառքի հայտարարությունների կայքերով ապրանք վաճառողները։

«Հայկական ժամանակ»-ին դիմած որոշ քաղաքացիներ նույնպես հայտնել են, որ չիմացության պատճառով խարդախության զոհ են դարձել, ոմանք էլ գլխի են ընկել եւ չեն հայտնվել ծուղակում: Օրինակ՝ մեզ դիմած Ա. Պ-ի խոսքով՝ ցանկացել է List.am հարթակի միջոցով վաճառել իր հեռախոսը, տեղադրված հայտարարությանը կից նշել է նաեւ հեռախոսահամարը, եւ ժամեր անց «Վոթսափ» հավելվածին ռուսական համարից մի աղջիկ է արձագանքել: Վերջինս հետաքրքրվել է՝ ապրանքը դեռ առկա՞ է, ճշտելուց հետո ասել է, որ կվճարի փոխանցման միջոցով, քանի որ ժամանակավոր գտնվում է Կապան քաղաքում, ուստի չի կարող առձեռն վճարել:

«Առանց գին սակարկելու առաջարկում էր միանգամից ամբողջ գումարը փոխանցել, չնայած դիտմամբ գրել էի, որ կարող է մաս-մաս էլ փոխանցել: Մի քանի րոպե չէր անցել՝ գրեց, որ արդեն գումարը փոխանցել է եւ ուղարկեց «Հայփոստ»-ի հղումը: Արդեն հասկացել էի, որ վստահելի չէ, բայց համոզվեցի այդ հղումը տեսնելուց հետո: Դիտմամբ գրեցի՝ իբր ստացել եմ գումարը: Այդ հաղորդագրությունը տեսնելով, կարծում եմ, հասկացավ, որ խայծը կուլ չեմ տվել, ու որեւէ կերպ չարձագանքեց»,- պատմում է զրուցակիցը:

Խարդախության այս դեպքերին անդրադարձել է նաեւ ՀՀ ոստիկանությունը՝ տարածելով հայտարարություն: Նշվում է՝ վերլուծությունը ցույց է տալիս, որ բոլոր դեպքերում աշխատում է մանրամասն հաշվարկված, մշակված ու, այսպես ասած, ինտելեկտուալ հանցավոր մեխանիզմ:

«Առաջին քայլով խարդախը (հիմնականում «Վոթսափ» հավելվածի միջոցով) կապ է հաստատում վաճառողի հետ, հայտնում, որ ցանկանում է գնել ապրանքը, ապա ասում, որ ինքը, ասենք, հեռավոր մի մարզում է եւ խնդրում ապրանքն իրեն ուղարկել փոստային ծառայության միջոցով։ Այնուհետեւ խոստանում է գնալ փոստային բաժանմունք, անձամբ պատվիրել առաքում ու այնտեղ վճարել ապրանքի համար: Վաճառողին մնում է միայն անցնել իր ուղարկած «Հայփոստի» կայքի հղումով, փողը ստանալու համար լրացնել բանկային քարտի տվյալները եւ սպասել առաքիչի զանգին, որը կգա ու կվերցնի վաճառված ապրանքը»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում պարզաբանում է՝ խարդախության մասին այս խոսակցություններն արդեն մի քանի ամիս է՝ առավել ակտուալ են, բայց վերջին շրջանում ակնհայտորեն շատացել են ոչ միայն ահազանգերը, այլեւ խարդախության զոհ դարձողների դեպքերը:

««Հայփոստ»-ն էլ մեկ տարուց ավելի է՝ զգուշացնում է, հայտարարություններ տեղադրում, սակայն մեր քաղաքացիներից շատերը շարունակում են խաբեության զոհ դառնալ, ընդ որում՝ խարդախության զոհ են դառնում տարբեր տարիքի ու զբաղվածության տեր անձինք: Այդ խմբերն էլ երեւի հասկացել են, որ մեզ մոտ գործը հաջող է գնում, ակտիվացել են»,- նկատում է նա:

Թե որտեղի՞ց են այդ անձինք ուղղորդվում, կամ ի՞նչ հանցավոր խմբեր են աշխատում, Մարտիրոսյանը դժվարանում է ասել: Վերջինս շեշտում է՝ ռուսական եւ ուկրաինական համարներից են հիմնականում գրում. ամենայն հավանականությամբ հետքերը տանում են այդ երկրների ուղղությամբ. «Որոշակի հուշող քայլերից կարելի է եզրակացնել, որ այդ անձինք Հայաստանում ունեն իրենց օգնողներ: Ամեն դեպքում, մինչեւ ոստիկանությունը չբացահայտի՝ հնարավոր չի լինի ոչինչ ստույգ ասել»:

Մասնագետի խոսքով՝ եթե անգամ հանցավոր մեկ խումբ բացահայտվի, շղթայի դեմն առնել հնարավոր չի լինի, քանի որ խաբեության այս ձեւն աշխարհում այսօր լայն տարածում ունի եւ տեղայնացվել է նաեւ մեզ մոտ: «Սրա դեմ միայն մեդիագրագիտությամբ ու զգուշավորությամբ կարող են պայքարել: Պատկերացրեք՝ այս օրերին անգամ Այ Թի ոլորտի բարձրակարգ մասնագետներ են խաբվել: Խումբը, մեծ հաշվով, թիրախավորում է բոլորին՝ ամենախելացիներից ու տեղեկացվածից սկսած՝ հասարակ մարդուց վերջացրած»,- ասում է Մարտիրոսյանը:

Մեդիափորձագետն ասում է՝ իրեն օրական 5-10 խաբված քաղաքացի է գրում. «Էլ չեմ ասում այն անձանց թիվը, որ հարցեր են տալիս կամ ասում, որ նման բան են գրել ու խորհուրդ հարցնում»:

Խոսելով շորթված գումարների թվի մասին՝ վերջինս նշում է, որ խաբեության զոհ դարձածները բավականին մեծ գումարներ են կորցրել: «Մարդ կա՝ ասում է՝ ահռելի մեծ գումար են իրենից տարել: Մարդիկ էլ կան՝ ասում են՝ ստույգ թիվը, որի շեմը տատանվում է 25 հազար դրամից մինչեւ 1 միլիոնն ու դրանից ավելին: Միջինում տանում են 20-200 հազար դրամ»,- մանրամասնում է զրուցակիցը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.