Ուկրաինայում ու Հայաստանում Մոսկվայի խնդիրները փոխվում են

ՀՅԴ-Հայաստան դաշինքն ու ոստիկանությունն այսօր բախումների մեջ են, կան վիրավորներ։ Ներքին դիմակայությունը սրվեց այն բանից հետո, երբ Մոսկվան հայտարարեց, թե Բրյուսելն իրենից ուզում է խլել «հայ-ադրբեջանական կարգավորումն» ու դուրս մղել իրեն Կովկասից։

Ուկրաինայում Մոսկվան «ամեն ինչ ընթանում է պլանի համաձայն» մանթրայով հընթացս փոխում է հռչակած նպատակները՝ Ուկրաինայի ամբողջական «դենացիֆիկացիայից ու ապառազմականացումից» մինչեւ ներկայիս շփման գծի ճանաչումը Կիեւի ու միջազգային հանրության կողմից։ Ուկրաինայում խոշոր կորուստներին եւ Կիեւին արեւմտյան նորագույն սպառազինությունների մատակարարման ֆոնին Կրեմլի վարչակազմի բառապաշարում ավելի ու ավելի հաճախ են սկսել գործածել պարտություն, կապիտուլյացիա, մեկուսացում եւ նման բառերը Ռուսաստանի հասցեին։ Ճիշտ է, հայտարարվում է, թե դա հնարավոր չէ, սակայն նման բառապաշարն արդեն իսկ վկայում է որոշակի տրամադրությունների մասին։

Ուկրաինայում Ռուսաստանի իրավիճակը չի կարող չազդել Ռուսաստանից ածանցյալ Հայաստանի վրա։ Մոսկվայի դժգոհությունը Բրյուսելից, թեեւ այնտեղ քննարկվել են բացառապես այն հարցերը, որոնք առկա են ռուսական «կարգավորման» պլանում, պայմանավորված է Հայաստանի հանդեպ հաղթանակը, հայկական պետականության վերացման պլանի դափնիներն այլոց չզիջելու ցանկությամբ։ Հայաստանը Ռուսաստանի միակ ու վերջին հաջողությունն է։

Այդ հաջողությունն անուն ունի՝ Նիկոլ Փաշինյան, եւ նրա իշխանության հենակի դերը կատարող ռուսանպաստ ընդդիմություն։ Հայաստանում ներքին դիմակայության իմաստը ռուսական պլանի «ավելի արժանապատիվ կատարումն» է (Հայաստան դաշինք)։ «Բրյուսելի աշխարհքաղաքական խաղերից» հետո (ՌԴ ԱԳՆ) նոր խնդիր է առաջացել՝ թույլ չտալ երրորդ կողմի միջամտությունը ռուսական կարգավորման պլանին, թեկուզ եթե երրորդ կողմը նոր բան չի առաջարկում։ Զուգահեռ ՀՀ ներքին դիմակայության մեջ «նոյեմբերի 9 -ի ավելի արժանապատիվ կատարմանն» ավելանում է այս խնդիրը թե հռետորաբանության, թե փողոցային լարումների տեսքով։

Հայաստանի դեմ կիրառվող ծրագրերին իրական դիմադրությունը ենթադրում է այդ ծրագրերի մերժումը եւ հայկական շահերի ու պահանջների հիմքով Հայաստանի հայտի ձեւակերպումը՝ խորհրդարանում ինքնիշխան որոշումների կայացմամբ։ Մոսկվան ամենօրյա ռեժիմով վերահաստատում է Հայաստանի պետականությունը վերացնելու իր պլաններն ու իրավունքը, իսկ ինչի՞ համար է նոյեմբերի 9-ին ամենօրյա ռեժիմով հավատարմություն հայտնող իշխանության ու ընդդիմության դիմակայությունը։ Մոսկվայի կամ մեկ ուրիշի այդ իրավունքի՞։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am