Lragir.am-ը գրում է. Կրեմլի խոսնակը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցությանը ՌԴ զուսպ արձագանքը, ի տարբերություն Ուկրաինայի անդամակցության հեռանկարի, բացատրել է նրանով, որ այդ երկրների հետ ՌԴ-ն տարածքային վեճեր չունի։ Իսկ եթե Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին, կստացվի, որ ՌԴ-ն տարածքային վեճ ունի ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ, իսկ դա մեծ վտանգներ է պարունակում եվրոպական մայրցամաքի համար, ասել է Կրեմլի խոսնակը։ Նա նկատի ունի այն հանգամանքը, որ այդ պարագայում հակամարտությունը կլինի ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջեւ։
Կրեմլը «քաղաքական նոր կուրսի» հռչակումից ի վեր տարածքային պահանջներ է ներկայացնում իր գաղութներին, իսկ Պուտինը քննադատել է Լենինին ազգային հանրապետություններ ստեղծելու համար։ Պուտինը նաեւ հայտարարել է, թե Ուկրաինայում «կռվում են իրենց հողում»։ Ուկրաինայում նախնական պլանների ձախողումից հետո Կրեմլի պահանջները վերջին շրջանում քիչ ինչ «սահմանափակվել» են եւ հանգում են ներկայում օկուպացված տարածքները ռուսական ճանաչելուն։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին բացահայտել է, որ եվրոպական որոշ երկրների ղեկավարներ, մասնավորապես Մակրոնը իրեն համոզում են ճանաչել պատերազմի արդյունքները «Պուտինի դեմքը պահելու եւ ավելի մեծ ագրեսիայից խուսափելու համար»։
Պուտինի այդ վստահությունն անշուշտ գալիս է Հայաստանից։ Հայաստանի դեմ 2020-ի արշավից հետո Հայաստանի իշխանությունն ու նոմենկլատուրային «ընդդիմությունը» ոչ միայն ընդունեցին պատերազմի արդյունքները, այլեւ երախտապարտ եղան Պուտինին, իսկ նրանց ներքին դիմակայությունն ուղղված է Պուտինի դեմքը եւ Ռուսաստանի «փրկչական» կերպարը պահելուն։ Չնայած նրան, որ Կրեմլը Արցախը հայտարարեց «Ադրբեջանի տարածք», կասկածի տակ դնելով նաեւ Հայաստանի «վարչական սահմանները»։
Ուկրաինա ներխուժումման նախօրեին եւ առաջին օրերին Կրեմլի եւ նրա տարբեր տրամաչափի քարոզիչների ելույթները վկայում էին, որ նման սպասումներ կային նաեւ Ուկրաինայում։ Ի տարբերություն Հայաստանի, որտեղ ՌԴ-ն գործում է Բաքվի թիկունքից, Ուկրաինայում ստիպված է գործել ուղիղ՝ իր դեմքով։