Չինաստանի համար սկսեց Հայաստանից․ Մեծ տերությանը չի սազում միմոսությունը

Ռուս-ուկրաինական հակամարտության մեղքը Չինաստանի վրա բարդելու փորձերը անհեթեթ են, հայտարարել է Չինաստանի փոխարտգործնախարար Լե Յուչենը, գրում է չինական պետական Ժենմին Ժիբաո թերթը։ Նա ասել է, որ «ուկրաինական ճգնաժամի հետ կապված վերջին շրջանում մի շարք անձինք անհիմն մեղադրանքներ են հնչեցրել, խեղաթյուրել Չինաստանի և Ռուսաստանի վերջին համատեղ հայտարարության տեքստը, որ ՉԺՀ-ն «նախապես տեղեկացված է եղել» Ռուսաստանի հատուկ գործողությունների մասին և նույնիսկ հավանություն տվել դրան»։ Լե Յուչենը նշել է, որ «Չինաստանը հավատարիմ է մնում ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին, ինչպես նաև անբաժանելի անվտանգության սկզբունքին»։

Չինացի բարձրաստիճան պաշտոնյան արտահայտում է Պեկինի դիրքորոշումը, եւ եթե անկեղծ է խոսում, նշանակում է Պեկինում չեն տեսնում այդ իրադարձությունների կապը։ Կամ էլ պետք է ենթադրել, որ աշխարհքաղաքականության մեջ առաջին քայլերն անող Չինաստանը հայտնվել է ծուղակում։ Ուկրաինա ներխուժման նախօրեին Ռուսաստան-Չինաստան Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի դեմ ուղղված համատեղ հայտարարությունը Պուտինի համար նախապատրաստական քայլ էր ռազմական, տնտեսական ու քաղաքական թիկունքը ամրապնդելու նպատակով։ Ուկրաինա զորքերը տեղափոխելով, նա «մերկացնում» էր Հեռավորարեւելյան սահմանները, եւ նրան երաշխիքներ էին պետք։ Ի դեպ, նման նպատակով մի թուղթ էլ Պուտինը ստորագրեց Բաքվի հետ։

Պուտինի ուկրաինական արշավը ձեռնտու էր Չինաստանին, քանի որ գետն ում դիակն էլ բերեր, Չինաստանը դառնում էր կամ Թայվանի, կամ Ռուսաստանի սահմանակից տարածքների շահառուն։ Պեկինը բացահայտ խրախուսում էր Ռուսաստանի «արդարության ձգտումը»։ Միեւնույն ժամանակ, Պեկինը հաշվարկում էր, որ ռուսական բլից-կրիգի հաջողությունը հնարավորություն կտա խուսափել երկարաժամկետ հետեւանքներից, մասնավորապես՝ տնտեսական սահմանափակումներից։ Այս հույսերը չարդարացան, եւ դա նկատելի է չինացի բարձրաստիճան պաշտոնյաների դժգոհություններից՝ «պատերազմը ձգձգվում է, Չինաստանին դա տնտեսական վնասներ է հասցնում»։

Չինաստանը տնտեսական հաջողությունը կառուցել է արեւմտյան լեգալ եւ գողացված տեխնոլոգիաների վրա եւ խիստ կախված է դրանցից։ Ընդ որում, ՌԴ դեմ պատժամիջոցները կարող են ավելի շատ վնաս հասցնել հենց Չինաստանին, որը աշխարհքաղաքական իր առաջին քայլերում հայտնվեց «պատմության ոչ ճիշտ կողմում»։ Թերեւս դրանով է բացատրվում ռուսական շուկայից չինական խոշոր ընկերությունների դանդաղ ու հետեւողական հեռացումը եւ ՌԴ-ի այլ հույսերը չարդարացնելը։

Մեծ տերությունը, այն էլ «համաշխարհային խաղաղության ու անվտանգության» դիրքերից հանդես եկող, չպետք է միմոսի դեր խաղա միջազգային հարաբերություններում։ Առավել եւս զավեշտալի է իրադարձությունների պատճառահետեւանքային կապը չտեսնել տալու փորձերը։ Այդ առումով, Չինաստանի համար իսկական փորձաքար էր նույնիսկ ոչ այնքան Ուկրաինան, որքան Հայաստանը, քանի որ Ուկրաինայի դեմ արշավը Հայաստանի դեմ 2020-ի արշավի շարունակությունն էր։ Պեկինը Մոսկվա-Անկարա հակահայ գողաբարո ծրագրերում ունեցավ իր մասնակցությունը՝ ՄԱԿ-ում տապալելով Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բանաձեւը եւ պրեֆերենցիաների խոստումներ ստանալով «Մեղրիի միջանցքի եւ այլ բացվող հաղորդակցություններում»։ Պեկինը շարունակում է հանդես գալ ռուս-թուրքական ծրագրերի լոբբիստի դերում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am