Հեղափոխական թիմի ցուցակով պատգամավոր դարձած, հետո այն լքած Թագուհի Թովմասյանը խոսում է խաբելուց, մինչդեռ հենց ինքն է խաբելով պատգամավոր դարձել. մանրամասներ

«Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ արդեն խաբել է բոլորիս». խոսքերի հեղինակը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, այժմ էլ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն է, որն, ի դեպ, մեկ անգամ չէ, որ հայտարարում է այս մասին, այլ մի քանի անգամ։ Նա ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանում եթերում հայտարարեց, թե ինքն ու Արթուր Վանեցյանը հեղափոխական թիմի խաբվածներից են, և երևի այդ է պատճառը, որ «Իմ քայլը» խմբակցությունը լքելուց հետո Թովմասյանը հանգրվանեց Արթուր Վանեցյանի գլխավորած դաշինքի «պատվավոր գրկում»։ Ժողովրդական խոսքն այս դեպքում ասում է՝ խուփը գլորվում, իր չափով պուտուկ է գտնում։

Օրինաչափություն է, գուցե, որ չխաբելուց, չբամբասելուց, չդավաճանելուց, չուրանալուց և քրիստոնեության արժեհամակարգին դեմ գործողություններ չանելուց ամենաշատը խոսում են հենց փարիսեցիները։ Հատկանշական է, որ խաբելուց խոսում է մեկը, որը պատգամավոր է դարձել, առանց չափազանցության, ընտրողի վստահությունը չարաշահելու, խաբելու միջոցով՝ օգտագործելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունը։

Խոսենք փաստերով։ Երբ հայտնի դարձավ, որ Թագուհի Թովմասյանը որոշել է «Իմ քայլը» խմբակցության ցուցակով պատգամավոր դառնալ (դե յուրե լքել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրի պաշտոնը, սակայն դե ֆակտո խմբագրելով այն), նրան սկսեցին եթեր հրավիրել, ավելի ճիշտ, օգտագործելով իր կապերը, Թովմասյանը կարողացավ այնպես անել, որ իրեն եթեր հրավիրեն, և այսպիսով ավելի մեծ լսարանի առաջ ապահովի իր PR արշավը։ Մասնավորապես, «Երկրի հարցը» հաղորդաշարի շրջանակներում լրագրող Դավիթ Սարգսյանի ճշտող հարցին՝ «Դուք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդա՞մ եք», Թովմասյանը արձագանքում է՝ «այո»՝ խաբելով։ «Անդամակցել եք այդ կուսակցությանը»՝ լրագրողի արձանագրմանը, Թովմասյանը պատասխանում է. «Այո, որովհետև այլ ճանապարհ չկար, ես կարող էի նաև անկուսակցական կարգավիճակով գնալ, որևէ բան չի փոխվում դրանից, ի վերջո ես գնում եմ այդ ուժի հետ, ասոցիացիան, այնուամենայնիվ, կա, և այստեղ խնդիրը այն է, որ դու կարողանաս քո տեսակը մատուցել։ Էստեղ մի փնտրեք, որ ՔՊ անդամ է, ուրեմն կաշկանդված է»։ Լրագրողը «կոնտրոլնի» ճշտող հարց է տալիս՝ «ձեր ցուցակում կան անկուսակցականներ, ինչո՞ւ, այնուամենայնիվ, որոշեցիք դառնալ կուսակցական», Թովմասյանը նորից է վերահաստատում իր կուսակցական լինելը՝ նշելով. «Հանգամանքների բերումով»։ «Ձեզ ստիպեցի՞ն»,- հարցնում է լրագրողը, «Ոչ»,- պատասխանում է Թովմասյանը, «դուք եք ուզել»,- նկատում է լրագրողը, «ըհը»,- ամոթխած տոնով արձագանքում է տիկին Թովմասյանը։

Ինչու ամոթխա՞ծ, որովհետև գիտի, որ ստում է, բայց շարունակում է ամրապնդել սուտը, կեղծիքը, ավելին՝ ՔՊ-ին անդամակցելու հարցը համարում է «տեխնիկական հարց»։ Ապա համաձայնում է իր կոլեգայի այն դիտարկմանը, որ կարելի էր քաղաքական պատասխանատվություն ստանձնել առանց կուսակցական դառնալու։ «Եթե ես որոշել եմ այդ ուժի հետ իմ կյանքի որոշակի հատված քայլել, էստեղ էդ մի ստորագրությունը բան չի կարող փոխել»։ Հաղորդումը վարող լրագրողը, կարծես զգալով, որ ստի մեջ է բռնացրել իր զրուցակցին, համառորեն շարունակում է կուսակցական լինելու թեման՝ հարցնելով՝ «երբվանի՞ց եք կուսակցության անդամ»։ «Երկու օր կամ մի օր, չեմ հիշում»,- ասում է Թովմասյանը։ «Ձեր դիմումը բավարարվել է՝ այսինքն»,-լրագրողի հարցին՝ ճշմարտախոս Թովմասյանը պատասխանում է. «Թերևս, որովհետև ես տեղեկացա, որ էնտեղ իմ անվան դիմաց գրված է կուսակցական, թերևս ընդունվել է»։

Տիկին Թովմասյանը «էնտեղ» ասելով նկատի ունի «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը, որտեղ, իրոք, նրա անվան դիմաց նշված է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է։

Civic.am-ը ՔՊ-ի կենտրոնական գրասենյակից պարզեց, որ Թագուհի Թովմասյանը կուսակցության անդամ դառնալու դիմում երբևէ չի ներկայացրել, հետևապես չի ներկայացրել նաև կուսակցությունից դուրս գալու դիմում։ Իսկ թե ինչու է նախընտրական ցուցակում նրա անվան դիմաց նշված եղել ՔՊ-ական, կուսակցության գրասենյակում դժվարացան մեկնաբանել։ Ակնհայտ է, որ ներկայանալով ՔՊ-ական՝ Թովմասյանն օգտվել է կուսակցության բարձր ռեյտինգից և, ներկայանալով որպես հեղափոխական թիմի անդամ, փաստացի՝ շահարկելով ՔՊ-ի անունը, կարողացել է բարձր տոկոսով ձայներ հավաքել։ Ի դեպ, նա առաջադրվել էր ռեյտինգային ընտրակարգով։

Հարկ է նշել, որ պատգամավոր դառնալուց հետո, երբ Թովմասյանի տվյալները զետեղվել էին ԱԺ պաշտոնական կայքում, նրա կուսակցական պատկանելության դիմաց նշված էր անկուսակցական։ Տարօրինակ է, որ ՔՊ-ական ներկայացած պատգամավորի թեկնածուն պատգամավոր դառնալուց անմիջապես հետո սուսուփուս դառնում է անկուսակցական՝ առանց հիմնավորելու պատճառները։
Այսքանից հետո հարց է ծագում՝ ով է խաբողը, ում է նա խաբել, ու ինչ հետևանքներ է ունեցել այդ խաբեությունը։

Ի դեպ, նույն՝ խնդրո առարկա հարցազրույցում Թովմասյանը ակամա խոստովանում է, որ պատգամավոր դառնալու իր պլանը փորձում է իրագործել՝ հաշվի առնելով իշխանության թիմի հանրային բարձր վստահությունը։ Հարցին, թե ինչն է պատճառը, որ որոշել է մտնել քաղաքականություն, այն էլ՝ իշխանության ուժի հետ, ապագա պատգամավորը ճշտող դիտարկում է անում. «Ոչ թե իշխանության, այլ հեղափոխական ուժի, դրանք տարբեր բաներ են։ Հեղափոխական ճանապարհով իշխանության եկած ուժը, որն ունի հասարակության ամենաբարձր վստահության տոկոս։ Այնպես չէ, որ այդ իշխանությունը նվիրել են այն ուժին, որն այսօր իշխանություն է, այդ ուժը վաստակել է իշխանությունը և վաստակել է իշխանության ղեկին կանգնած Նիկոլ Փաշինյանի նաև անձնական կյանքը վտանգելու գնով»։
Ուշագրավ մի հանգամանք էլ. Թովմասյանը, պարզվում է, պատգամավոր դառնալու որոշումը կայացրել է իր կյանքում փոփոխություն անելու համար։ Լրագրությունից հոգնած տիկին պատգամավորի համար հոգեհարազատ է եղել բիզնես ոլորտը, սակայն որոշել է բիզնեսին, իր ընկալմամբ, ավելի մոտ ոլորտ ընտրել՝ քաղաքականությունը։ Իր նմանների պարագայում քաղաքականությունը հաստատ եկամտաբեր բիզնես է։

Ինչպես ասում են՝ ամեն ինչ ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.