Կանայք փոխանակ ասեն պայմանագիր կնքեք Ադրբեջանի հետ, ասում են ամրացրեք սահմանը․ Լենա Նազարյան

ԱԺ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն անդրադարձավ կառավարության խաղաղության օրակարգին։ Նա նշեց, որ այսօր զարմացնում է քաղաքացիական հանրության կեցվածքը։

«Երևի երկու ամիս առաջ էր, որ քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ, մեծամասամբ կանայք, շատ արդարացի զայրույթով լցված հավաքվել էին կառավարության շենքի դիմաց, նախօրեին սահմանին նորից զոհեր էին եղել։ Եվ նրանք պահանջներ ունեին կառավարությանը հասցեագրված։ Պահանջում էին ավելի խորը խրամատներ փորել, սահմանին ամրաշինական աշխատանքներ անել, և ի զարմանս ինձ, այդ հարգարժան կանայք չասացին կառավարությանն ուղղված վճռական ու աներկբա պահանջ՝ գնացեք և կնքեք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, փակեք պատերազմի էջը։ Ես չեմ ձգտում ձևավորել ընդդիմության կամ քաղաքացիական հանրության օրակարգերը, բայց ինձ համար պարզ է մի բան՝ փաստորեն այս կառավարությունը, որն առաջ է տանում խաղաղության օրակարգը, բոլորից առաջադիմական է։ Սա շատ աննորմալ ու տարօրինակ երևույթ է, որպես կանոն՝ ավելի առաջադիմական լինում է ընդդիմությունը և քաղաքացիական հանրությունը»,- ասաց Նազարյանը։

Ըստ նրա՝ բայց այս կառավարությունը միայնակ չէ։ «Քաղաքացիների, զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպման ժամանակ ես տեսնում եմ, որ խաղաղության օրակարգն ունի շատ լայն հանրային կոնսենսուս, և ես նույնպես միանում եմ այդ հանրային կոնսենսուսին, հայտնում իմ աջակցությունը վարչապետին, ԱԳ նախարարին, ամբողջ կառավարությանը՝ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու վճռական ու աներկբա պահանջով»,- ասաց նա։

Լենա Նազարյանը նաև մեջբերեց վերջերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում Քենիայի ներկայացուցչի խոսքերը․ «Նա ասաց, մեջբերում եմ, «մեր երկրների սահմանները գծել ենք ոչ թե մենք, այլ հեռավոր գաղութատեր մայրաքաղաքների՝ Լոնդոնի, Փարիզի, Լիսաբոնի պաշտոնյաները։ Նրանց չէին հուզում հին ժողովուրդների ճակատագիրը, որոնք նրանք կտոր-կտոր էին անում։ Եթե մեր անկախության հռչակման ժամանակ մենք որոշեինք փնտրել այնպիսի սահմաններ մեր պետությունների համար, որոնք կներառեին նրանց էթնիկ, ռասսայական կամ կրոնական միատեսակությունը, մենք մինչև հիմա շատ տասնամյակներ անց արյունալի պատերազմներ կվարեինք։ Փոխարենը մենք պայմանավորվեցինք ընդունել այն սահմանները, որոնք ժառանգել ենք։ Մենք որոշել ենք ենթարկվել ՄԱԿ-ի կանոնադրությանը, բայց ոչ այն պատճառով, որ գոհ ենք մեր սահմաններից, այլ որովհետև մենք ուզում էինք ավելին, ինչի կարելի էր հասնել միայն խաղաղության միջոցով։ Մենք մերժեցինք իրեդենտիզմը, սա մի տեսություն է, որի համաձայն՝ տարածքը պետք է միավորվի այն պետության հետ, որին էթնիկապես կամ պատմականորեն պատկանում է, մենք մերժեցինք էքսպանսիոնիզմը, անկախ նրանից, որ դրանք արդարացվում են էթնիկական, կրոնական կամ մշակութային պատճառներով։ Այսօր էլ մենք մերժում ենք դրանք»։ Մեջբերման ավարտ, ես այստեղ շատ արժեքավոր մտքեր գտա և ցանկացա, որ դրանք լսելի լինեն հայ հանրության համար»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.