Ռուսական ռուբլու ամրապնդման հեքիաթը

Ռուբլու փոխարժեքն այլևս չի արտացոլում իրականությունը, և դրա աջակցությունը ջերմոցային պայմաններում՝ հանուն Ռուսաստանի կայունության իմիջի, միայն վնասում է նրան և մեծացնում պատժամիջոցներից վնասը, ասում են արևմտյան բանկիրները, վերլուծաբանները և մամուլը, գրում է BBC-ն։

«Դուք կարող եք կոտրել պատուհանները, միացնել ջեռուցումն ու ձևացնել, թե ամառ է», մեջբերում է Politico-ն Լատվիայի կենտրոնական բանկի ղեկավար Մարտինշ Կազակսին։

«Ռուբլին դադարել է լինել ազատ փոխարկելի արժույթ: Այսպիսով, նրա պաշտոնական փոխարժեքը գրեթե ոչ մի նշանակություն չունի», ասել է Ֆինլանդիայի Կենտրոնական բանկի Ռուսաստանի մասնագետ Լիկկա Կորհոնենը:

Ռուսաստանը փակել է արտարժույթի արտահոսքի գրեթե բոլոր ուղիները և բացել է դրա ներհոսքի փականի 80%-ը (արտահանողների եկամուտների պարտադիր վաճառքի միջոցով)։ Արդյունքն եղավ փոխարժեքի երկակիությունը՝ արտարժույթի շուկայի բաժանումը սև և բորսայական շուկաների, և ռուբլու ամրապնդումը բորսայում, որտեղ պահանջարկն արհեստականորեն ցածր է, իսկ առաջարկը՝ արհեստականորեն բարձր։

«Ռուբլին պահելու համար օգտագործվող գործիքները այն վերածում են Պոտյոմկինյան գյուղի արժույթի»,- գրում է Reuters-ի սյունակագիր Պիեռ Բրայանսոնը։

Քաղաքական առումով Կրեմլին ավելի շատ հետաքրքրում է փոխարժեքը, քան տնտեսական առողջության ավանդական ցուցանիշները՝ գնաճը և տոկոսադրույքները, գրում է Bloomberg-ը։

Փոխարժեքի կայունությունը կարևոր է նաև Հնդկաստանի նման նոր դաշնակիցներ ներգրավելու համար,- ասում է Էստոնիայի Կենտրոնական բանկի ղեկավարներից Փիթեր Լուկմելը։ «Այս խորհրդանշական ակտը կոչված է համոզելու ասիական երկրներին աջակցել վճարային այլընտրանքային համակարգին: Եվ դրա համար նրանց պետք է հեքիաթ կայուն համաշխարհային արժույթի մասին», ասել է նա:

Միայն թե նման կայունությունը սպառնում է ընդհանուր տնտեսության կայունությանը։

«Նույնիսկ եթե պատժամիջոցները չեղարկվեն, փոխարժեքը ազատվելուն պես այն կընկնի այն փոսը, որում հայտնվել է ռուսական տնտեսությունը», զգուշացնում է Բրայանսոնը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.