Այդ հրահանգ տվողը ինչպե՞ս է տարածքը վստահում ռուս խաղաղապահին, ի՞նչ է, այդ նույն «խաղաղապահ» ուժերը չէի՞ն հենց Սումգայիթում

Lragir.am-ի զրուցակիցն է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը

Տիկին Ավագյան, ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում Արցախում, օրերս Բաքվի զորքերը ներխուժեցին Փարուխ գյուղ ու հարակից տարածքներ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ըստ պայմանավորվածության, որի երաշխավորը ռուսական կողմը պետք է լիներ, հայկական մի քանի դիրքեր հետ են քաշվել այնտեղ, սակայն ռուս խաղաղապահների աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են այդ տարածքներ։

Ցեղասպանը լկտիացած է 2020-ի նոյեմբերին իրեն «պարգև» հասած հաղթական արշավից, անպատժելիությունը հիմնավորում է դրա կողմից շարունակվող ներխուժումները Արցախի Հանրապետության տարածքներ։ Հիմա էլ բացահայտ ռազմական ագրեսիան փոխարինել է, եթե կարելի է այսպես բնորոշել, «փափուկ» ներխուժումով, երբ սկզբից սադրում է ահաբեկչական մեթոդներով ու կրակ բացում Արցախի խաղաղ բնակչության վրա, պայման ստեղծում խաղաղապահի միջամտության, հետո էլ հայկական կողմը «հայելային» նահանջում է, տեղը կանգնում են խաղաղապահները, հետո ինչպե՞ս են այդտեղ լցվում ֆաշիստական այդ խմբավորումները, պարզ չէ։ Բայց մի բան հստակ է, որ ինչ-որ պաշտոնյա, հայ պաշտոնյա հրահանգում է հայկական ուժերին հետ քաշվել, չէ՞, ո՞վ է այդ հրահանգիչը, ինչու՞ հայ հանրությունը նրա անունը չգիտի։ Այդ հրահանգ տվողը չգիտե՞ թե ինչ է թուրքը, կամ ինչպե՞ս է այդ պաշտոնյան տարածքը վստահում խաղաղապահին, ի՞նչ է, այդ նույն «խաղաղապահ» ուժերը չէի՞ն հենց Սումգայիթում։ Հարցեր են, որոնց դեպքից դեպք պատասխան տվող չկա, տարածքները տանուլ ենք տալիս, ու պատժվող չկա։ Մեզ մտցրել են ծուղակի մեջ, նաև Սյունիքում, երբ մեր կողմից կոշտ ուժի կիրառումը կարող է հանգեցնել պատերազմի ու մենք կոշտ ուժ չենք կիրառում, մյուս կողմից էլ լկտի քոչվորը բնազդով գիտե, թե ինչպես իր տնից քշել հային։ Մինչ օրս Փառուխը և Քարագլուխը մասամբ են ազատվել ներխուժողներից:

Ես խիստ անհանգիստ եմ, մեր պատմությունը հիշեցնում է, որ այն ,ինչ երաշխավորի համար մի ոտատեղ է ընդամենը ու կարող է հեշտությամբ թուրքին զիջվել, մեզ համար կենսատարածք է, այնքան կրճատված կենսատարածք, որ մեր կենսունակությունն արդեն վտանգված է։

Ինչպե՞ս եք գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունն ընդհանրապես, պատերազմից հետո նման դեպքերը պարբերաբար կրկնվում են Արցախում։

Պատերազմից հետո կրկնվող դեպքերը, անշուշտ, վկայում են, որ խաղաղապահի հույսով երկիր ու ժողովուրդ չեն պահում։ Ու երբ ՌԴ ԶՈւ-ն հայտարարում է, թե իրենք պահանջում են, որ ադրբեջանական ուժերը դուրս գան, իսկ դրանք իրենց չեն լսում ու դուրս չեն գալիս, անկեղծ ասած ընկալվում է բլեֆ, պարզագույն բլեֆ։ Ռուսական խաղաղապահը կարող էր շրջափակման մեջ առնել հրոսակներին՝ թե Քարագլխի շուրջ, թե Փառուխի շրջակայքում ու զրկել դրանց այդտեղ հաստատվելու որևէ հնարավորությունից։ Չի արվել, ուրեմն Ռուսաստանը չի կարողանում ապահովել խաղաղապահի իր անկողմնակալ դերակատարությունը ու ինքը կարող է վերածվել թուրքի առաջ հայությանը զսպողի։ Հետաքրքիր է, հետ քաշվելու հրահանգ տված պաշտոնյան, եթե այդքան անտեղյակ է, ապա ի՞նչ գործ ունի այդտեղ։ Ես անհանգիստ եմ, որ թուրքը կարող է իրավիճակ ստեղծել Փառուխին ու Քարագլխին տիրանալու համար, Արցախը առանց այդ էլ ցեղասպանության վտանգի մեջ է։

Այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար Բաքուն 5 կետեր է ներկայացրել Հայաստանին, որոնք հրապարակվեցին։ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ այդ կետերն ընդունելի են իրենց համար։ Ինչպե՞ս եք գնահատում այդ կետերի բովանդակությունը, ո՞րն է այս գործընթացի նպատակը։

Այդ կետերը նենգ են այնքան, որքան նենգ կարող է լինել թուրքը։ Կետերը ենթատեքստեր ունեն, քողարկված ենթատեքստեր, իհարկե, որոնք տեսանելի չեն միայն նրանց, ովքեր չեն տիրապետում Արցախյան կոնֆլիկտի բովանդակությանը։ Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները տեսնում են այդ ենթատեքստերը, բայց ես կասկածում եմ, որ հայկական դիվանագիտական դաշտն այսօր պատրաստ է դիմագրավել այդ կետերից եկող քողարկված սպառնալիքները, ու դրանք կարող են մի օր գործի դրվել, ինչպես գործի դրվեց ասենք նույն «լավրովյան պլանը» 2020-ի սեպտեմբերի 27-ին։ Այդ կետերը մի խնդիր ունեն միայն՝ հայությանը դնել մի վերջին ջախջախիչ իրավիճակում, ու արդեն ոչ միայն Արցախի, այլև հայոց հարցի լուծումը կտան։ Այս պարագայում հայկական ռազմաքաղաքական վերնախավը կլինի՞ այնքան ճկուն, կունենա՞ անհրաժեշտ քաղաքական կամք, որ կարողանա ամեն մի շահած ակնթարթ օգտագործել երկրի պաշտպանունակությունը ամրացնելու համար։ Չգիտեմ։

Ի՞նչ զարգացումներ կարող են տեղի ունենալ և ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում։

Մեր ողջ տարածաշրջանը երկարատև քաոսի մեջ է մտցված։ Երբ 2011-2012 թվականներին սկսեցին ավերել Սիրիան, մի դեսպանատուն այցելության ժամանակ մեզ զգուշացրին, որ բնիկ ժողովուրդների ավերման պլանի մեջ մենք էլ կանք, որ մի օր էլ մեր տունն են մտնելու և ավերելու։ Մենք այսօր այդ ընթացքի վկան ենք։ Անշուշտ, ժողովուրդների ոչնչացումը պլանավորողները կանխավ մեր երկրի կառավարման ողջ համակարգը իրենց ձեռքն առան ու տարան երկրի հիմնահատակ  ավերման ծրագիր։ Այս էլ պատմեմ, որ երևի 2012-ն էր, ՌԴ դեսպանատանը մեր մի առաջարկին դեսպան Կովալենկոն ուղղակի հռհռաց մեր երեսին, ասելով թե՝ «Армения стоя истощается»… Ու նա ճիշտ էր և այդ պահին, և 2020-ի սեպտեմբերի 27-ին, և այսօր էլ։ Ինչպե՞ս եղավ, ո՞նց մեր նորանկախ պետությունը անկախացումից անմիջապես հետո հայտնվեց օտարի տոպրակի մեջ, ո՞ր տեղական ուժերի օգնությամբ։ Ու անընդհատ այս 30 տարիների մեջ վերահսկում էին մեր դիմադրողականության վիճակը․ ո՞ր պահից սկսենք, միգուցե այն պահից, որ մեր գրագետ ռազմական ու պետական մտածողությամբ գործիչները անհայտ իրավիճակներում զոհվեցին դեռևս առաջին արցախյան պատերազմում, թե՞ սկսենք 1997-ից, երբ հայկական պետական համակարգը չընդվզեց ռուս-թուրքական՝ Արցախյան կոնֆլիկտի կարգավորման այընտրանքային ձևաչափի մասին պայմանագրի դեմ։ Իսկ 1999-ի հոկտեմբե՞րը, ապա 2001 թվականին Հայաստանին դեմ տված երեք կետե՞րը, որոնցից երկուսը 2020-ի նոյեմբերի 9-ի թղթով իրողություն է արդեն։ 2015-ին Գյումրիում իրականացված ոճիրը վերջնական հարված էր մեր ազգային անվտանգության համակարգին, կամ ավելի ճիշտ դրա բացակայության մասին էր։

Ի՞նչ պետք է անել։ Այսօր իմ պատկերացրած զարգացումները պահանջում են նոր մեծ աղետի դիմակայելուն միտված կեցվածք ու պահվածք, ժողովուրդը կասեր՝ գոտիները մինչև վերջ ձգած կեցվածք, բայց հերթը հասել է բոլոր 30 տարիների իշխանական շերտերին՝ թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում։ Կամ դրանք երկրի ու ժողովրդի հետ են, կամ էլ երկիրը կտանեն իսպառ ոչնչացման։ Թող որոշեն։

Հիմա էլ տեսնում եմ, որ մշակված չեն պետության ռազմավարական մոտեցումները, ինձ համար թե վերջին 30 տարիներին, թե այսօր էլ տեսանելի չեն դրանք։ Հիմնավորման համար թեկուզ այս մի օրինակը բերեմ՝ ԵԱՀԿ գործող նախագահը ապրիլի մեկին Երևանում էր, եկավ Բաքվից։ Մենք՝ փախստականների ու բռնի տեղահանվածների իրավունքների  ու շահերի պաշտպան ՀԿ-ները, փորձեցինք, թեև ուշացած, հանդիպում խնդրել ԵԱՀԿ պատասխանատուի հետ, և հանդիպումը չկայացավ։ Չկայացավ, քանի որ պետական «ռազմավարական» քայլերի ու մշակումների մեջ չկար ԵԱՀԿ գործող նախագահի հետ մեր հանդիպման անհրաժեշտությունն ու կարևորությունը, ինչպես որ չի եղել մինչ օրս, և մինչ Արցախյան երրորդ պատերազմը։ Իսկ անկեղծ ու անշահախնդիր դիվանագետները մի անգամ չէ, որ բարձրաձայնել են, որ պատերազմի առաջնագիծը բացել էին արտաքին կառավարման տակ գտնվող հայկական արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը, որ քաղաքական կոռուպցիայի դաշտում հայտնված հայկական դիվանագիտությունը վաղուց էր պարտվել, իսկ ռազմականը դա արդեն պարտության երկրորդ փուլն էր։

Մի դիվանագիտական ու քաղաքական «մանրուք» էլ. Բաքուն, ըստ արարողակարգի, իր շահիդների ծառուղի, որտեղ թաղված են 1990-ի հունվարին Բաքվում հայերին, ռուսներին, ասորիներին, հրեաներին սրախողխող արած հրեշները, տանում է օտարերկրյա պաշտոնյաներին։ Երևանում օտարերկրյա պաշտոնյաները այցելում են Մեծ Եղեռնի հուշակոթողին, չնկատելով անգամ, որ  հուշակոթող տանող ճանապարհից ձախ երեք խաչքարեր են կանգնած՝ Ադրբեջանական ԽՍՀ-ում 1988-1990 –ին ցեղասպանված հայերի հիշատակին։ Դե, իհարկե, նախ ամոթ կլինի տանել ու ցույց տալ խեղճ, հայկական իշխանություններից մերժված ու մի անկյունում մոռացված երեք խաչքարերը, բայց մյուս կողմից էլ ե՞րբ է Երրորդ Հանրապետությունը խոսել Ադրբեջանական ԽՍՀ-ում հայության ցեղասպանությունից, և ինչպե՞ս կարող էր խոսել, չէ՞ որ հենց ցեղասպանության այդ դրվագն է դրվել յոթ փականի տակ արդեն 1992-ին, չէ՞ որ հենց դա շրջանցելով էր հնարավոր հայության վզին 1994-ին փաթաթել հայության ջախջախիչ պարտության ապահովման հրադադարի պայմանագիրը։

Ի՞նչ անել, կրկի՞ն փորձեմ նամակ հղել ԱԳՆ մի շարք հարցերի շուրջ աշխատանքային քննարկման պահանջով։ Թե կլինի քննարկում, կնշանակի, որ դեռևս կա ստեղծված քայքայիչ իրավիճակը ճեղքելու ցանկություն ու քաղաքական կամք։

Մի այլ թարմ դեպք ևս. թյուրքական պետությունները Շուշին հայտարարել են թյուրքական մշակութային քաղաք։  Մանրամասները սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.