Լեռնային Ղարաբաղից ՊԲ դուրսբերումը նշանակում է Լեռնային Ղարաբաղից հայերի դուրսբերում․ Փաշինյան

Այն, որ Ադրբեջանը որդեգրել և իրականացնում է Լեռնային Ղարաբաղն առանց հայերի քաղաքականությունը, հիմնավորվում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կամայական մեկնաբանություններով, կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդպիսիք են, օրինակ, Ադրբեջանի շարունակական պնդումները, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով արձանագրվել է Պաշտպանության բանակը լեռնային Ղարաբաղից դուրս բերելու պարտավորությունը։ Սա առավել քան կամայական մեկնաբանություն է, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ նշված է, թե որտեղից պետք է դուրս գան հայկական ստորաբաժանումները և որտեղ պետք է մնան։ Ասեմ նաև, որ հենց Ադրբեջանի նախագահի ավելի վաղ արված հայտարարություններն են վկայում այն մասին, որ Ադրբեջանի առաջ քաշած այս դրույթը մտացածին է։ 2021 թվականի նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած մեր եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահն ինքը հրապակային հայտարարել է, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները գործնականում իրագործված են, բացառությամբ կոմունիկացիաների բացման կետի։ Ընդգծեմ, որ մեր տեսանկյունից մինչև օրս ամբողջությամբ իրականացված չէ նաև ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց վերադարձնելու մասին դրույթը, ինչի շուրջ աշխատանքները մենք շարունակում ենք»,- ասաց Փաշինյանը։

«Պիտի արձանագրենք, որ Լեռնային Ղարաբաղից ՊԲ դուրսբերումը նշանակում է Լեռնային Ղարաբաղից հայերի դուրսբերում, եւ ըստ էության այս պահանջն է, որ Ադրբեջանը ձեւակերպում է: Սրանով է նաեւ հիմնավորվում Լեռնային Ղարաբաղը հայկական ամեն ինչից, այդ թվում հազարամյա եկեղեցիներից, խաչքարերից, գրառումներից ազատելու Ադրբեջանի քաղաքականությունը: Եւ Փառուխի իրադարձություններն են հիմնավորում, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը պաշտպանվելու կարիք ունի, այլապես կդառնա ցեղասպանության զոհ: Նախկինում մենք առաջարկել ենք լուծումներ, որոնք կնվազեցնեին, կամ կբացառեին նման կոնֆլիկտային իրավիճակը եւ կլուծեն ռազմականացված շփման գծի հարցը: Առաջարկի էությունը հետեւյալն է. արձանագրել, ֆիքսել շփման գիծը Լեռնային Ղարաբաղում, արձանագրել կողմերի պարտավորությունը՝ չհատել այդ շփման գիծը, շփման գծի երկայնքով հանել բոլոր մարտական հենակետերը, ստեղծել դեմիլիտարիզացված գոտի եւ պայմանավորվածությունների կատարումը ամրացնել կոնկրետ երաշխիքներով: Այս առաջարկությունը չի ընդունվել, բայց երաշխիքների արդիականությունը ակնհայտ է հատկապես հիմա»,- ասաց Փաշինյանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.