Եթե ռուսական կողմը չստիպի ադրբեջանական ստորաբաժանումներին հետ գնալ իրենց ելման դիրքեր, այդ կասկածները կհաստատվեն

Lragir.am-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը

Պարոն Ազիզյան, ի՞նչ իրավիճակ է Արցախում, Հայաստանի ԱԳՆ-ն արդեն հայտարարեց, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Փառուխ գյուղում ու հարակից բարձունքում։

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ ադրբեջանական կողմը դեռևս չի հեռացել, մնում է իր կողմից զբաղեցրած այդ դիրքերում։ Փառուխ գյուղում է ռուսական կողմը, բայց նաև ադրբեջանցիներն են այնտեղ։ Ինչ վերաբերում է Քարագլուխ բարձունքին, մի մասում հայկական դիրքերն են, ընդ որում, դիրքային առումով ավելի բարենպաստ պայմաններ ունեն մեր ստորաբաժանումները։ Իսկ ավելի ներքևում գտնվում են ադրբեջանական ստորաբաժանումները։ Ադրբեջանցիները այդտեղ որևէ առաջխաղացում չեն ունեցել ի շնորհիվ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների։ Առաջխաղացման փորձեր եղել են, բայց դրանք կասեցվել են ՊԲ կողմից։ Բանակցությունները, որոնք տեղի են ունենում ռուսական խաղաղապահ զորակազմի և ադրբեջանական կողմի միջև՝ ադրբեջանցիներին ելման դիրքեր հետ մղելու կապակցությամբ, արդյունք չեն տվել։

Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե բանակցությունների արդյունքում ադրբեջանցիները դուրս են բերվել Փառուխից։ Այսօր ՀՀ Արտգործնախարարությունը դա հերքեց։ Ինչո՞ւ էր սուտ տեղեկություն տարածել ռուսական կողմը։

Իրականում կան կասկածներ, և այդ կասկածները ոչ միայն քաղաքագիտական շրջանակներում են, այլ նաև Արցախի քաղաքացիներն էլ ունեն կասկածներ։ Մենք գիտենք, թե ինչպես է այդ դեպքը տեղի ունեցել, սկզբում ռուսական խաղաղապահ զորքերի կողմից եղել է առաջարկ երկու կողմերի զորքերի հայելային հետքաշման մասին։ Ընդ որում, այդ առաջարկը եղել է ռուսական կողմի երաշխավորությամբ, բայց զորքերի հետ քաշումից հետո ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են եկել այդ հատվածից։ Այսինքն՝ չեն պահպանել իրենց կողմից տրված երաշխավորության պայմանը։ Դրա հետևանքով ադրբեջանական ստորաբաժանումներն անարգել, առանց որևէ կրակոցի կարողացել են մտնել մեր տարածք։ Եվ բնական է, որ սա հենց այնպես լինել չէր կարող, և մեր քաղաքացիներն էլ արդեն հասկանում են, որ հնարավոր է և հավանականությունը մեծ է, որ ռուսական և ադրբեջանական կողմերի միջև նախօրոք եղել է պայմանավորվածություն՝ այդ հատվածը ադրբեջանական վերահսկողության տակ թողնելու առումով։

Ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում։

Պետք է ցանկացած գնով և ցանկացած խողովակներով ռուսական կողմին ստիպել, որպեսզի ադրբեջանցիներին հետ մղեն ելման դիրքեր։ Մեզ համար նշանակություն չունի՝ դա կլինի բանակցությունների միջոցով, թե կլինի բիրտ ուժի կիրառման միջոցով։ Պարզ է, չէ՞, որ տեղի ունեցածի անմիջական պատասխանատուն ու մեղավորը հենց ռուսական կողմն է, քանի որ իր կողմից խախտել է պայմանը։ Ես նշեցի, որ կան կասկածներ, որ սա կարող է պայմանավորվածության արդյունք լինել։ Եվ եթե ռուսական կողմը չստիպի ադրբեջանական ստորաբաժանումներին հետ գնալ իրենց ելման դիրքեր, ապա այդ կասկածները կհաստատվեն։ Եվ նաև սա կարող է հետագայում շատ վատ նախադեպ լինել Արցախի մյուս ուղղությունների համար։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.