Պուտինը Շոյգուին ասել է՝ շուտ թուր ու թվանքդ կապիր ու թուրքերին քշիր ելման դիրքեր

Արցախում ռուսական զորակազմի առաջնորդությամբ ու մասնակցությամբ Փառուխի հատուկ օպերացիայից հետո ՌԴ-ն 5-րդ շարասյունը Հայաստանում գործի է անցել՝ ՌԴ փրկչական դերի իր հնամաշ փաստաբանությամբ։ Նոր տարրեր էլ են հայտնվել՝ Թուրքիան է արել, Ռուսաստանը հիմա ուժ չունի դիմադրելու, Ադրբեջանին հարվածելու է հետո։ ՌԴ էմիսարները Հայաստանում երեկ հիմնավորում էին, որ Ասկերանի այդ հանձնված դիրքերը Ռուսաստանի համար էական չեն, հայերը պետք է բավարարվեն «ադրբեջանական առաջխաղացումը զսպելով» եւ գազամատակարարումը վերականգնելով։ Իսկ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Բաքուն է որոշում՝ հեռանա այդ դիրքերից, թե ոչ։

Հայաստանյան մամուլն էլ «արցախյան վստահելի աղբյուրին» հղումով գրել է (Հրապարակ), թե «Ռուսաստանը սկսել է լրջորեն զբաղվել Արցախում ադրբեջանական սադրանքների կանխմամբ ու ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող տարածքներից ադրբեջանական զորքերի հետքաշմամբ: Պուտինը Շոյգուին խիստ հանձնարարական է տվել ադրբեջանական սադրանքները կանխելու ու նրանց զինուժը ելման դիրքեր վերադարձնելու մասին։ Շոյգուի վճռականությունը երևացել է Արցախում խաղաղապահների կտրուկ քայլերով և Արցախում ու Հայաստանում ռուսական զինտեխնիկայի շարժերով: Ռուսական կողմում ընկալում են, որ Ադրբեջանն անցել է կարմիր գծերը ու սպառնում է ռուսական շահերին»:

Հասկանալի է, թե ով է արցախյան այդ վստահելի աղբյուրը եւ ով է այդ աղբյուրի աղբյուրը։ Հայերի դեմ հերթական ոճրագործությունից հետո ՌԴ փրկչական դերի հեքիաթը թարմացնելու կարիք է առաջացել։ Բացի այդ, կարիք կա զսպել հայերի շրջանում դժգոհություններն ու պահանջները, ինչպես նաեւ ինքնապաշտպանության կազմակերպման կոչերը։ Դրությունն արագ «եռակողմ հայտարարության պահպանմանը» վերադարձնելու կոչերը Մոսկվայի երաշխիքներն են Բաքվին, որի ձեռքերն այդ հայտարարությունից ազատվել են Պուտին-Ալիեւ ռազմավարական համագործակցության փաստաթղթով։

Մոսկվա-Բաքու «տարաձայնությունները» կարող են առաջանալ միայն ռուսների հեռանալու եւ Արցախը լիովին Բաքվին հանձնելու ժամկետների հարցում։ Իրադարձություններին եւ ՌԴ ու Բաքվի զինվորականների բանակցություններին ուշադիր հետեւածները կարող են հավաստիանալ դրանում։ Այս մեխանիզմն անխափան կարող է գործել ՌԴ փրկչական դերի մշտական թարմացման եւ հայկական նախաձեռնությունները զսպելու շրջանակներում։ Իսկ դրա համար պետք է, որ թուրքը հարձակվի, ռուսն էլ «հասնի փրկի»՝ հայերի տարածքների ու կյանքերի հաշվին, որը շարունակվում է արդեն 200 տարի։

Ռուսական հեքիաթների սազանդարները պետք է հասկանան, որ ուղիղ պատասխանատվություն են կրում թե ներկայիս, թե ապագա իրադարձությունների համար, որոնք սարերի հետեւում չեն։ 200-ամյա ռուս-թուրքական մեխանիզմն աշխատում է անխափան՝ հայերի աշխարհընկալումն ու մտածողությունը թունավորելու միջոցով։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.