Ռուսական ներկայությունը կասկածի տակ է, եռակողմ հայտարարությունը չկա

Lragir.am-ը գրում է.   Քարագլուխ . Մարտի 25-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին և «անդրադարձել Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժմանը»։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ՝ այս համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը։

Երեկ երեկոյան Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Կարեն Դոնֆրիդի հետ։ Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարությունները։ Հայկական կողմի հաղորդագրության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին խոսք չկա։

Բաքուն ու Մոսկվան խափանել են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը։ Համանախագահները դեռ չեն այցելել տարածաշրջան, իսկ Ստեփանակերտում ԵԱՀԿ գրասենյակը չի գործում։ Երևանը երբեմն հիշատակում է Մինսկի խումբը, բայց ինչ-ինչ պատճառներով պետքարտուղարի տեղակալի հետ խոսում է եռակողմ հայտարարության մասին։

Ի՞նչ է ակնկալում Արարատ Միրզոյանը Կասպշիկից ու Դոնֆրիդից՝ որ Ադրբեջանին կոչ են անելու կատարե՞լ եռակողմ հայտարարությունը, որի հեղինակը Պուտինն է։ Թե՞ ժամանակն է կոշտ որոշումներ կայացնելու։

Հատկանշական է, որ հայկական կողմը սկսել է կասկածի տակ դնել նաև ռուսական զորախմբի՝ իր առաքելությունը կատարելու կարողությունն ու ցանկությունը։ Մասնավորապես, այսօր պաշտոնական Ստեփանակերտի հայտարարության մեջ ասվում է, որ ռուսական զորախումբը չի կարողացել լուծել իր առաքելության հիմնական խնդիրը։ Բացի այդ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ հայ հանրության մեջ կասկածներ կան, որ ադրբեջանցիների և ռուս խաղաղապահների միջև կա պայմանավորվածություն։

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել այս հարձակումը։ Ի վերջո, փաստորեն, այս հարձակման արդյունքում ադրբեջանական զինուժը հայտնվել է ռուս խաղաղապահների թիկունքում», պարզաբանել է Աղաջանյանը։

Պուտինն այսօր հայտարարել է Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին։ Ռուսական խաղաղապահ առաքելության անգործության և հնարավոր է՝ հեռանալու եւ ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի Երևան ժամանելու ֆոնին տրամաբանական կլիներ ակնկալել վերադարձ ԵԱՀԿ միջնորդությանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.