Lragir.am-ը գրում է.
Պաշտոնական լրահոսից, տեղյակ աղբյուրներից եւ տեղից վկայություններից Արցախի Ասկերանի շրջանում տեղի ունեցած իրադարձությունների պատկերը հետեւյալն է․ Ռուս «խաղաղապահները» 10 օր առաջ, երբ Բաքուն պահանջում էր լքել Խրամորթ գյուղը, հայերին համոզել են հանել մարտական դիրքերը, հավաստիացնելով, որ թուրքերն էլ են հանելու, որից հետո թուրքերը ներխուժել են Փառուխ գյուղ։ Հետո իբր բանակցությունների մեջ են մտել նրանց հետ՝ ելման դիրքեր վերադառնալու համար։ Թուրքերը փորձել են ավելի առաջ գալ եւ գրավել նաեւ Քարագլուխ բարձունքը, հայկական կողմը կանգնեցրել է։ Այսօր թուրքերը հարվածներ են հասցրել հայկական դիրքերին, կիրառելով անօդաչուներ։
Փառուխ գյուղը եղել է ռուսների պատասխանատվության գոտին։ Հայաստանում ռուսանպաստ շրջանակներից դեռ հնչում են աղիողորմ ձայներ, թե իբր «ադրբեջանցիները Փառուխում մտել են ռուսների թիկունք, թե դա սադրանք էր ռուս խաղաղապահների դեմ, Ադրբեջանը Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ է բացում» եւ այլն։ Դա վաղուց փորձված թեզ է եւ եւս մեկ վկայություն, որ Բաքուն գործում է Մոսկվայի հովանավորությամբ եւ առաջնորդությամբ։ Փառուխի իրադարձությունների նախօրեին Բաքվի ՊՆ-ն ռուս «խաղաղապահների» հետ քննարկել էր «անօրինական զինված խմբավորումների դուրսբերման» հարցը։
Արցախի կառավարության տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, ըստ որի ռուսական զորակազմին «չի հաջողվել լուծել իր առաքելության շրջանակում գտնվող հիմնական խնդիրը, քանի որ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ու հարակից տարածքներ ներխուժած ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ տեղերում: Արցախի իշխանություններն, այնուամենայնիվ, հույս են հայտնում, որ ռուսական կողմի վճռական ջանքերի շնորհիվ կհաջողվի ադրբեջանական զորքերին վերադարձնել ելման դիրքեր, իսկ Արցախի խաղաղ բնակչությանը՝ իրենց տներ, հակառակ պարագայում լուրջ կերպով կասկածի տակ են դրվում Արցախում ապրող խաղաղ բնակչությանը տրված անվտանգային երաշխիքները»։
Իր հերթին, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ ռուսական կողմը պետք է հստակ դիրքորոշում հայտնի, թե ինչու սա տեղի ունեցավ․ «ինչո՞ւ ռուսական կողմը գործնականում չի կարողանում կամ համենայնդեպս չեն արդարացվում այն ակնկալիքները, որոնք հանրություն ունի, որոնք նաև ունի պաշտոնական մակարդակում հայկական կողմը։ ․․․ Մեզ համար հարցը հետևյալն է՝ արդյոք ռուսական կողմը պահանջում է ադրբեջանական կողմից վերադառնալ ելման կետեր, թե՞ ոչ։ Սա թերևս ամենակարևոր հարցն է»։ Նա նաեւ ասել է, թե հանրության շրջանում հարցեր կան՝ ռուսներն ադրբեջանցիների հետ պայմանավորվա՞ծ են գործում, թե ոչ։
Ռուսները կարող են, թե չեն կարող, պահանջում են, թե ոչ՝ էական չէ։ Դեռ չկա դեպք, երբ ինչ որ բան վերադառնա ելման դիրքեր։ Այն, որ կարող են՝ կասկած չկա՝ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դեմ պատերազմի ելած Պուտինը չէ՞ր կարող մի հրթիռ էլ Ալիեւին «խոստանալ»։
Նրանց խնդիրը դա չէ, այլ նոյեմբերի 9-ի թղթով Բաքվի համար երաշխիքների ապահովումն Արցախում, ինչպես նաեւ հայկական շահերի ու պահանջների բացառումը։ Այդ նպատակով է Ակնայում բացվել ռուս-թուրքական «մոնիտորինգի կենտրոնը», որն իրականում հետախուզական կենտրոն է եւ որտեղից ուղղորդվում են անօդաչու սարքերը։ Ինչ վերաբերում է հետագային, Հին Թաղեր-Խծաբերդից Փառուխ փորձված մեխանիզմը կիրառվելու է նաեւ այլ ուղղություններով, դրանում կասկած չկա։
Երբ պաշտոնական, հանրային-քաղաքական շրջանակները դիմում են միջազգային հանրությանը, պետք է նկատի առնել հետեւյալը՝ նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններին հավատարմությունը եւ ռուսական զորքի ներկայությունը բացառում են միջազգային հանրության առարկայական ներգրավվածությունը։ Հայաստանի դեմ ռուս-թուրքական համաձայնություններից մեկն էլ դա է, որի մասին հայտարարվել է առաջին դեմքերի մակարդակով։
Ռուս «խաղաղապահները» գործում են այդ համաձայնությունների շրջանակներում, ոչ ավելին։ Իրավիճակից ելքը առկա իրավիճակի բովանդակային գնահատականն է եւ Հայաստանի խորհրդարանում կարեւոր որոշումների ընդունումը, նախեւառսջ՝ 1921-ի Մոսկվա/Կարսի պայմանագրերի եւ Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ Հայաստանի խորհրդարանի իշխող եւ «ընդդիմադիր» ուժերն ուղիղ պատասխանատվություն են կրում իրավիճակի եւ հետագա զարգացումների համար։
Կարդացեք Նախիջեւանի խնդիրը հավասար է Արցախի խնդրին. Ռումբ Երեւանի գլխին