Lragir.am-ը գրում է. Արցախի Ասկերանի շրջանում Բաքուն խախտել է շփման գիծը եւ մտել Փառուխ գյուղ, որը գտնվում էր ռուս խաղաղապահների հսկողության տակ։ Բաքվի նպատակն, ըստ հայկական կողմի գնահատականների, Քարագլուխ ռազմավարական բարձունքը վերցնելն է։
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարել է, թե ռուս խաղաղապահները բանակցում են ադրբեջանցիների հետ առաջխաղացումը կանգնեցնելու վերաբերյալ։ Միեւնույն ժամանակ, շտաբի հայտարարության մեջ ընդգծվում է, որ Փառուխ եւ Խրամորթ գյուղերը ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում են։
Օրերս Արցախ մտնող գազատարի հետ կապված իրավիճակի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ուշադրություն էր դարձրել այն հանգամանքի վրա, որ վթարի վայրը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում է։
Այսպիսով, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ոչ թե խախտվել է, այլ՝ դադարել, քանի որ տեղի է ունեցել շփման գծի խախտում։ Այս կապակցությամբ հարցին ՌԴ ԱԳՆ խոսնակը պատասխանել է, թե դա պետք է գնահատեն այնտեղ գտնվող խաղաղապահ ուժերը․ «Առանց այդ էլ լարված իրավիճակը չպետք է սրվի ոչ մի գործողությունով»։
Հիշվում է՝ Հադրութի շրջանի հայկական վերահսկողության տակ գտնվող երկու գյուղերը Բաքվին հանձնելու կապակցությամբ Կրեմլի խոսնակը նման պատասխան էր տվել՝ այդ գյուղերը լրացուցիչ գլխացավանք էին խաղաղապահների համար։ Մոսկովյան քաղաքական լեզվից թարգմանաբար՝ թող վերցնեն, թե չէ լարվածություն կլինի։
Չե՞ն կարողանում, թե չեն ցանկանում ռուսները կատարել իրենց պարտավորությունները իրենց «պատասխանատվության գոտում»։ Թեեւ, տարբերություն էլ չկա։ Փոխարենը, հայերը երեւի արդեն պատրանքներ չունեն, որ Մոսկվան ու Բաքուն գործում են համակարգված, եւ վերջին օրինակը «հայկական անօրինական խմբավորումները դուրս բերելու» շուրջ բանակցություններն էին Բաքվում, Փառուխ ներխուժման նախօրեին։
Ուկրաինայում պատերազմից առաջ Պուտինն ու Ալիեւը ստորագրեցին ռազմավարական փոխգործակցության պայմանագիր, որով նախատեսվում է նաեւ ռազմական փոխգործակցությունը եւ փոխօգնությունը։ Պուտինն այդպիսով պատերազմի ժամանակ հարավային ուղղությունն էր ապահովագրում, եւ կարծես թե պատրանքներ չպետք է լինեն նաեւ այն կապակցությամբ, որ դա չի վերաբերում Բաքվի գործողություններին Արցախում։ Այս կապակցությամբ, արժե ուշադրություն դարձնել Արցախում ռուսական կոնտինգենտի մի մասը Ուկրաինա տեղափոխելու եւ Բաքվի օգնությամբ սիրիացի վարձկաններ ներգրավելու տեղեկություններին։
Բաքուն կանգ չի առնելու, նրա նպատակները պարզ են, եւ դա կարծես թե արդեն հասկացել են նույնիսկ ՀՀ իշխանավորները։ Ռուս խաղաղապահները հայերին պաշտպանելու համար չեն այնտեղ, այլ՝ պաշտոնապես «եռակողմ հայտարարության անվերապահ կատարման» համար։ Եթե նույնիսկ լուրջ ընդունենք ռուսանպաստ շրջանակների մանթրան, որ «Բաքվի գործողություններն ուղղված են նաեւ Ռուսաստանի դեմ», ապա ներկայիս իրողություններում կարելի է պատկերացնել, թե ինչ աղմուկ կբարձրանա աշխարհում, եթե ռուսները Բաքվի դեմ որեւէ քայլ անեն։
Իրադարձությունները զարգանում են ամենավտանգավոր սցենարով, մի կողմից՝ ռուս-թուրքական տանդեմի՝ Հայաստանին հասցված ծանր հարվածի, մյուս կողմից՝ հայկական քաղաքական ղեկավարության ու քաղաքական դաշտի գերակշիռ մասի անհամարժեքության եւ օտարահպատակության պատճառով։ 1980-ականների վերջին, 1990-ականների սկզբին գրեթե նման իրավիճակում հայկական միջավայրում գտնվեցին մարդիկ, ովքեր կազմակերպեցին ինքնապաշտպանության գործը։ Դրա ժամանակն է, եւ դրա առաջին օրինակը կա։
Կարդացեք նաեւ Պուտինի քայլերը Գյումրիում եւ Արցախում փոխելու են Հայաստանի կարգավիճակը