Պուտինի պլան Բ-ն․ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն «ձգձգում» են Ռուսաստանի պարտությունը

ԱՄՆ անանուն աղբյուրը The Wall Street Journal-ին պատմել է, որ նախնական պլանների՝ Կիեւի գրավում եւ խամաճիկ կառավարության հաստատում, տապալումից հետո Պուտինն անցել է նոր մարտավարության՝ ՌԴ նախագահը ներկայում փորձում է Կիևին ստիպել ընդունել Ռուսաստանի հավակնությունները Ուկրաինայի հարավային և արևելյան տարածքների նկատմամբ։ «2014 թվականին գրավելով Ղրիմը և Դոնբասի որոշ հատվածներ՝ Ռուսաստանը ձգտում է «ցամաքային կամուրջ» ապահովել Ռուսաստանի արևմտյան շրջանների և Ղրիմի թերակղզու միջև», ասել է աղբյուրը:

Ուկրաինայի ղեկավարները քննադատում են Արեւմուտքին եւ ՆԱՏՕ-ին՝ դաշինքին Կիեւի անդամակցությունը եւ Ուկրաինայի օդը փակելու պահանջները մերժելու համար։ ԱՄՆ, ՆԱՏՕ-ի քաղաքական եւ ռազմական ղեկավարությունն ամենօրյա ռեժիմով հայտարարում են, որ մտադիր չեն զորք ուղարկել Ուկրաինա եւ փակել օդը, քանի որ դա կարող է հանգեցնել ՆԱՏՕ-Ռուսաստան ուղիղ բախման եւ երրորդ համաշխարհային պատերազմի, ընդհուպ միջուկային զենքի կիրառմամբ։

Ուկրաինայի ղեկավարներն ասում են, որ նման հայտարարությունները Պուտինն ընկալում է որպես թուլության նշան եւ շարունակում է իր արշավը՝ թիրախավորել քաղաքներն ու բնակչությանը։ Միեւնույն ժամանակ, նրանք ասում են, որ Ուկրաինայի օդը փակելու դեպքում ցամաքում Ուկրաինան ինքը կարող է լուծել ռուսական զորքերին երկրի տարածքից դուրս մղելու հարցը։

Արեւմուտքը փորձում է պատերազմը «լոկալացնել» Ուկրաինայի տարածքում, հայտարարելով, թե կպաշտպանեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքի ամեն մի դյույմը։ Միեւնույն ժամանակ, Արեւմուտքը հայտարարում է, որ սպասելիքներ չունի Ուկրաինա-Ռուսաստան բանակցություններից, եւ պատերազմը դեռ երկար է տեւելու։ Վերլուծաբանները նշում են, որ Արեւմուտքի մտահղացմամբ՝ Ուկրաինայում «խրված» Ռուսաստանը կշարունակի կրել ռազմական ներուժի, տնտեսական կարողությունների խոշոր ու անդառնալի կորուստներ։

Միեւնույն ժամանակ, վերլուծաբանները նշում են, որ Արեւմուտքում մարում են վերջին պատրանքները, թե Պուտինը կարող է բավարարվել Ուկրաինայով եւ չի հարձակվի ՆԱՏՕ-ի որեւէ երկրի, մասնավորապես Մերձբալթյան երկրների կամ Լեհաստանի վրա։ Դրանով է բացատրվում Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի երկրների գերժամանակակից սպառազինության ծավալումը եւ զինվորականների թվի ավելացումը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am