Պեկինը Վաշինգտոնին առաջարկում է «կիսել» աշխարհը․ Մոսկվան՝ ենթակա

Բայդենի եւ Սի Ծինփինի 2 ժամ տեւած հեռախոսազրույցի վերաբերյալ չինական օֆիցիոզի հաղորդագրություններից արժե ուշադրություն դարձնել երկու հանգամանքի վրա․ Ծինփինը Բայդենին առաջարկել է բարելավել հարաբերությունները եւ համատեղ միջազգային պատասխանատվություն ստանձնել։

Պեկինը ԱՄՆ-ին փաստացի առաջարկում է «կիսել» աշխարհը՝ համագործակցության հիմքով։ Չինաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ բերվում է հայտնի ասույթը՝ մի ձեռքը ծափ չի տա։ Մեկ այլ ասույթով Պեկինը Վաշինգտոնին ակնարկում է հրաժարվել «դաշինքային դիմակայությունից» և «սառը պատերազմի մտածելակերպից»։

Հեռախոսազրույցի առիթն ուկրաինական պատերազմն էր։ Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ նախագահ Բայդենը Ծինփինի հետ զրույցում նրան զգուշացրել է ռազմական եւ այլ օգնություն չտրամադրել Ռուսաստանին, այդ թվում՝ պատժամիջոցները շրջանցելու հարցում։

Չինաստանն ուկրաինական պատերազմի հարցում հայտարարում է «հավասարակշռված» դիրքորոշման մասին եւ աջակցություն հայտնում թե Ուկրաինային, թե Ռուսաստանին։ Փորձագետները նշում են, որ Չինաստանն ակնհայտորեն սպասողական դիրքում է։ Ավելին, նկատելի է, որ Չինաստանը Ռուսաստանին խոստումներ տալով՝ նրան մղում է պատերազմը շարունակելուն, արեւմտյան պատժամիջոցների արդյունքում մնալով Մոսկվայի համար միակ «պատուհանը»։

Ռուսաստանն այդպիսով կախման մեջ է ընկնում Չինաստանից, ինչը Պեկինի համար երկու խնդիր է լուծում՝ թույլ չտալ Արեւմուտք-Ռուսաստան հակաչինական դաշինքը եւ գերադասելի դիրքեր ստանալ ԱՄՆ հետ հարաբերություններում։ Այս ամենը հստակ երեւում է ամերիկյան եւ չինական կողմերի հաղորդագրություններից։

Ռուսաստանն ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին ներկայացրած վերջնագրում ինքն էր երկրորդ բեւեռի հայտ ներկայացրել, ինչը մերժվել է։ Չինաստանի առաջարկած երկբեւեռ աշխարհում ՌԴ-ն կարող է հավակնել լավագույն դեպքում չինական «ենթակա բեւեռի» կամ պրոքսիի դերին, եթե պահպանվի իր ներկայիս տեսքով։

Կընդունի՞ Չինաստանի առաջարկն ԱՄՆ-ն։ Այս առումով, բավական հետաքրքիր պատմական-քաղաքական իրավիճակ է․ ԱՄՆ-ն վերջին հարյուրամյակում երեք անգամ փրկել է Ռուսաստանը բառի ուղիղ իմաստով։ Եվ երեք անգամ, ամերիկացիների տնտեսական, ռազմական, ֆինանսական աջակցության շնորհիվ ամրանալով, ռուսները դուրս են եկել Արեւմուտքի դեմ։ Իր հերթին, ժամանակակից Չինաստանն իր նվաճումներով պարտական է ԱՄՆ-ին, որի տեխնոլոգիական ու ֆինանսական աջակցության շնորհիվ Չինաստանը դուրս եկավ անդունդից։

Ներկայում Չինաստանն ու Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ում վետոյի իրավունքով պետություններ են եւ լայնորեն շահագործում են այդ հանգամանքը, ինչը կրկին ամերիկացիների կողմից 1990-ականներին ՄԱԿ-ը չվերակառուցելու հետեւանքն է։ Ի դեպ, Ռուսաստանին Ուկրաինայում պատերազմի մղելու քայլերից մեկն էլ Չինաստանի վետոն էր Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ բանաձեւին։

Կարդացեք նաեւ Պեկին-Անկարա․ Մոսկվան չափազանց թանկ է վճարում եւ վճարելու Հայաստանի դեմ իր արշավի դիմաց

Ункяр-Искелесийский выбор России. Право армян и русских на идиотизм

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.