Նորմայից ավելի տեղումները կազդե՞ն արդյոք գյուղատնտեսության վրա. ինչպիսին կլինի մարտը

Այն բնակլիմայական պայմանները, որոնք առկա են մեր հանրապետությունում, բնականոն կլիմայական ընթացքն է: Արտառոց ոչինչ տեղի չի ունենում:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ հիդրոօդերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանի ներթափանցած բավականին ակտիվ սառը ցիկլոնի ազդեցությանը:

Ըստ նրա՝ հանրապետությունում մարտը միշտ էլ արտահայտվում է նման եղանակային, երբեմն՝ ավելի կտրուկ փոփոխություններով, որը պայմանավորված է ակտիվ ցիկլոնային շրջանառության հետ: «Մենք գրեթե ամեն տարի հանրապետության տարբեր հատվածներում ունենում ենք ձյան առատ տեղումներ: Որպես կանոն՝ մարտին ավելի առատ տեղումներ են, քան փետրվարին»,- նշեց Սուրենյանը:

Սուրենյանի խոսքով՝ առաջիկա 5 օրերին մեր տարածաշրջանի վրա կշարունակի պտտվել սառը ցիկլոնային դաշտը, որը ներթափանցել է Միջերկրական ծովից: Եղանակը կլինի խիստ փոփոխական. ժամանակ առա ժամանակ հանրապետությունում տեղումները կշարունակվեն դադարներով:

«Օրվա ընթացքում կլինի ե՛ւ եղանակի պարզեցում, ե՛ւ ամպամածություն, տեղումներ ու քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը շարունակելու է նվազել: Այսօրվա համեմատ հանրապետության ողջ տարածքում վաղվանից օդի ջերմաստիճանը նվազելու է 6-8 աստիճանով»,- ասաց նա:

Հարցին՝ տեղումնաշատ մարտը հնարավո՞ր է բացասաբար անդրադառնա գյուղատնտեսության եւ պտղատու ծառերի վրա, որոնք արդեն փթթել են, և որոշները՝ ծաղկել, նշեց. «Արարատյան դաշտում վեգետացիոն պրոցես դեռեւս չի արձանագրվել, որոշակի ուռչում կա, բայց բողբոջները դեռ չեն բացվել: Ինչ վերաբերում է Տավուշի եւ Սյունիքի հովիտներին, ապա այնտեղ լոկալ ծառատեսակների որոշակի ծաղկում կա՝ հոն, նուշ եւ այլն. դրանք ամեն տարի էլ այս ժամանակահատվածում բացվում են, եւ ամեն տարի էլ մարտի առաջին եւ երկրորդ տասնօրյակում այդ հատվածում ունենում ենք ձյան տեղումներ: Ծառատեսակներն ադապտացված են նման բնակլիմայական պայմաններին»:

Սուրենյանը նաեւ ներկայացրեց մարտի կանխատեսումը. օդի ջերմային ֆոնը կլինի կլիմայական նորմայի սահմաններում, տեղումների քանակը՝ նորմայից ավելի, սա ենթադրում է, որ պարբերաբար հանրապետությունում տեղումները կրկնվելու են:

Նկատենք՝ արդեն մի քանի օր է՝ հանրապետության ամբողջ տարածքում դիտվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում՝ անձրեւի տեսքով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.