Լավրովն Անթալիայում հաստատեց, որ Ռուսաստանը որպես պետություն մտել է անդառնալի ընթացքի մեջ

Lragir.am-ը գրում է.  Անթալիայում Կուլեբա-Լավրով հանդիպման վերաբերյալ կողմերի տեղեկատվությունը վկայում է, որ Ռուսաստանը որպես պետություն մտել է անդառնալի ընթացքի մեջ։ Պետություն՝ այդ հասկացության լիարժեք իմաստով։ Խոսքն արդեն այն մասին չէ, որ ՌԴ առաջին դեմքերն, այդ թվում Լավրովը, բացահայտ կեղծիքի վրա են կառուցում իրենց «հիմնավորումները», եւ ոչ էլ այն մասին, թե արդյոք այդ մարդիկ հավատացած են դրանցում։ Խոսքն այն մասին է, որ ՌԴ առաջին դեմքերի պահվածքն ու հայտարարություններն արդեն չեն տարբերվում, այսպես ասենք՝ ոչ լեգալ խմբավորումների պրակտիկաներից։

Հնարավոր է՝ նրանք այդ հանգրվանին հասել են հենց կեղծիքի ու դրան հավատալու արդյունքում։ Օրինակ, Լավրովն այդ հանդիպմանն ասել է, որ Ռուսաստանը ոչ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունի եւ Ուկրաինայի վրա էլ չի հարձակվել։ Ինքնին նման պնդումը շատ բանի մասին է վկայում։ Ռուսաստանում արգելված է պատերազմ բառը, կիրառվում է ռազմական հատուկ գործողություն արտահայտությունը։ Մյուս կողմից, Ուկրաինա է մտցվել 150 հազարանոց զորք, որի առնվազն կեսը զորակոչիկներ են (Պուտինը հայտարարում էր, թե այնտեղ զորակոչիկներ չկան, բայց Մոսկվան ստիպված եղավ ընդունել նրանց առկայությունը)։

Այս ամենը հաստատված փաստեր են։ Եթե դա զորք չէ, տեղի ունեցողն էլ պատերազմ չէ, ապա ի՞նչ է մնում տակը։ Դա կորուստները, գերիների փաստը թաքցնելու նպատա՞կ ունի։ Մանավանդ որ, այդ զորքը ռմբակոծում է խաղաղ բնակավայրերը, հիվանդանոցները, տարհանվող բնակչության շարասյուները, քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչը բավականաչափ փաստաթղթավորված է։ Իր հերթին, ռուս պաշտոնյաները կանոնավոր հայտարարում են Ուկրաինայում տեղակայված ռազմական եւ ոչ ռազմական օբյեկտների ոչնչացման մասին։

Շատերը պնդում են, եւ այդ պնդումները հաստատվում են բազմաթիվ փաստերով, որ Կրեմլի գործողությունների շարժառիթների մեջ էական տեղ ունեն մեկ մարդու անձնական բարդույթներն ու հավակնությունները, եւ որ քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածները պայմանավորված են նրանով, որ Պուտինը սպասում էր, որ այդ քաղաքները ռուսական զորքին պետք է դիմավորեին աղուհացով եւ իր դիմանկարներով՝ որպես ազատարարների։

Ըստ տեղյակ աղբյուրների, ուկրաինական կանոնավոր բանակի դեմ ռուսական զորքի անհաջողության պայմաններում Կրեմլում քննարկում են ուկրաինական քաղաքների դեմ հարվածներն ինտենսիվացնելու հարցը, հնարավոր է՝ նույնիսկ նման որոշում է կայացվել։ Չի բացառվում նաեւ զանգվածային ոչնչացման զենքերի կիրառումն ավելի լայն մասշտաբներով։

Լավրովի եւ Կուլեբայի հայտարարություններից հետեւում է, որ Մոսկվան պայման է դրել Կիեւի առաջ՝ կամ ստորագրում եք կապիտուլյացիայի ակտը, կամ շարունակելու ենք ավերել ձեր քաղաքները, եւ այլ տարբերակ չկա։ Այդ մասին ասվում է լիովին բաց, առանց ենթատեքստերի։ Ի՞նչ որակում կարելի է տալ այս ամենին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.