Թեյը մեզի տեղ հանձնող հրեշտակի մասին. Սա մի հիվանդանոցի խնդիր չէ,այլ...

Մասիսի հիվանդանոցի տնօրենի «մեզի փոխարեն թեյ հանձնելու պրոցեդուրան» քանի օր է հանրության ուշադրության կենտրոնում է։ Այդ երևույթով ոգևորողներին ասեմ, որ անկախ ինչ մարդասիրական վերաբերմունքից ելնելով է տնօրենը կատարել այդ քայլը, այն իր մեջ պարունակում է մասնագիտական պարտականություններին ոչ հարիր քայլ։

Նորանշանակ տնօրենը ուրիշ միջոց չգտա՞վ՝ իր աշխատողներին «գաղտնազերծելու համար»։ Հարցազրույցներից մեկում ասում էր՝ ամենակարևորն ինձ համար աշխատանքում ընտանեկան մթնոլորտ ձևավորելն է: Ընտանիքում կանե՞ր նման բան։

Մի կողմում երկարամյա բուժաշխատողներն են, մյուս կողմում՝ արդարություն հաստատելու կշեռքն իր ձեռքը մուրճի տեղ առած տնօրենը։ Բոլորդ էլ լավ գիտեք, որ հենց այնպես «տկլոր հալով» տնօրեն չեն նշանակվում։ Եթե մեկը՝ առանց «վերին լծակների տնօրեն է նշանակվել», խնդրում եմ այդ տեղեկությունն ինձ տրամադրել։

․․․ Ու հանկարծ թեյը մեզի տեղ հանձնող հրեշտա՞ կ է հայտնվել։ Ո՞վ չէր ուզի, որ նման հրեշտակ համակարգում հայտնվեր։ Թող դեմը ես լինեմ։

Բուժաշխատողների մասնագիտական որակավորումը, պատասխանատվության չափը այս կե՞րպ են ստուգում։ Ինչպե՞ս կբունաթագրեք նման քայլը, որ մեղմ լինի։ Տրավմա պատճառել հիվանդներին՝ նման հայտարարությամբ վարկաբեկել այն հիվանդանոցը, որի տնօրենը դու ես, այն քաղաքը, որտեղ ապրում ես։ Սա նաև հեռահար հարված է իրենց մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն կատարող բժիշկներին։

Հիշեցնենք՝ Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանը նույն հիվանդանոցի լաբորատորիայում մեզի անալիզի փոխարեն թեյի գույն է հանձնել և ստացել մեզի անալիզի պատասխան:

«Իմ արյունը հանձնել եմ մի քանի մարդկանց արյան փոխարեն, ստացել եմ տարբեր պատասխաններ: Թեյի գույնը մեզի անալիզի փոխարեն եմ հանձնել, ստացել եմ մեզի պատասխան, որում բոլոր կոմպոնենտները՝ լեյկոցիտները, էրիթրոցիտները և էպիթելերը հաշված գրել էին: Դրանք պրակտիկորեն չեն կարող թեյի գույնի մեջ լինել»,- ասել էր Ավանեսյանը։

Լաբորատորիայում աշխատել է 15 բուժաշխատող, ազատման դիմում է ներկայացրել 8-ը: Նրանք եղել են երկար տարիների աշխատողներ:

ՀԳ Եթե սա շոու չէ՝ յուրայիններով համալրելու, և հիմնավորված է՝ հրաժարական պիտի տան առողջապահության բնագավառի համապատասխան պատասխանատուները, սա քրեական լուրջ գործ է․․․ Սա մի հիվանդանոցի խնդիր չէ, այլ առողջապահական բնագավառի ախտահարված վիճակ․․․ Յուրաքանչյուրը նման դեպք կունենա պատմելու։ Իսկ լաբորանտների մասին ավելորդ է խոսել, եթե հաստատվի, աշխատանքից ազատումը պատիժ չէ․․․ Նրանց տեղը գաղութն է։

Հասմիկ Բաբաջանյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.hraparak.am