Lragir.am-ը գրում է. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո ասել է, որ Պուտինն իրեն ակնարկել է, թե «ամբողջ Ուկրաինան» կարող է վերահսկողության տակ առնել, հայտնում է BFM TV-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի աղբյուրները։
Մակրոնի խոսքով՝ Պուտինը պատերազմը շարունակելու «մեծ վճռականություն» է հայտնել, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները։ «Ռուսական հավակնությունը ամբողջ Ուկրաինան գրավելն է։ Վլադիմիր Պուտինի ռազմական նպատակները չեն փոխվել»։ «Մակրոնը կարծում է, որ վատագույնը դեռ առջեւում է»,- ասել է աղբյուրը:
Հեռախոսազրույցի վերաբերյալ Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ եթե Ուկրաինան ներկայում չընդունի ՌԴ առաջադրած պայմանները, դրանք կարող են ընդլայնվել։ Կրեմլի պայմանները հանգում են Կիեւի կապիտուլյացիային՝ այսպես կոչված դենացիֆիկացիա, որի տակ հասկացվում է ոչ պրոռուսական քաղաքական համակարգի վերացումը եւ Կիեւում ռուսական իշխանության հաստատումը, ապառազմականացում՝ ուկրաինական բանակի լուծարումը, Ղրիմի ռուսական պատկանելության ճանաչումը եւ Դոնբասի ճանաչումը։
Պուտինը որպես «փոխզիջում» այս փուլում Արեւմուտքին առաջարկում է իրեն «հանձնել» Ուկրաինայի կեսը, եւ դա նկատելի է Կրեմլի եւ Ելիսեյան պալատի հարղորդագրություններից ու «արտահոսքերից»։ Պուտինը դրանով չի բավարարվելու, սակայն այս փուլում ռուսական բանակի խոշոր կորուստները եւ ռազմական ծրագրերի ժամանակցույցից հետ ընկնելը, ինչպես նաեւ այլ հանգամանքներ նրան ստիպում են «կանգ առնել»։ Այդ մասին է վկայում նաեւ Լավրովի հայտարարությունը, ըստ որի՝ նույնիսկ այս փուլում համաձայնություններն Ուկրաինայի հետ չեն բացառում ռազմական գործողությունների հետագա ծավալումը։
Կրեմլը ներկայում քննարկում է Ռուսաստանում մասնակի կամ ամբողջական ռազմական դրության հաստատման եւ մոբիլիզացիայի հարցերը։ Ըստ տեղեկությունների, քննարկվում է նաեւ միջուկային զենքի կիրառման հարցը։ Փակվում են լրատվամիջոցներ, սոցիալական ցանցերը, սահմանափակվում են քաղաքացիական ազատությունների վերջին փշրանքները։
Ներկայում ռուս-ուկրաինական բանակցությունները Մոսկվայի համար ավելի շատ ժամանակ շահելու համար են, «հումանիտար միջանցքների» շուրջ պայմանավորվածությամբ։