Չինաստանը «դրդում է» ՌԴ-ին եւ սպասում․ Պուտինի ձախողումը բացում է լայն հեռանկարներ

Lragir.am-ը գրում է.  

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը դեռ ունի՞ բարեկամներ, տվել է Չինաստանի անունը։ Մյուս բարեկամներին Զախարովան «մոռացել է»՝ Մյանմա, Կենտրոնաֆրիկյան հանրապետություն, Վենեսուելա, որոնք բացահայտ աջակցություն են հայտնել ՌԴ գործողություններին Ուկրաինայում։

Չինաստանը ՄԱԿ ԱԽ-ում ձեռնպահ է քվեարկել ՌԴ գործողությունները դատապարտող բանաձեւին, թեեւ հականատօ եւ հակաամերիկյան հռետորաբանության մակարդակում շարունակում է աջակցություն հայտնել Կրեմլի գործողություններին։ Այս կապակցությամբ, Սպիտակ տան խոսնակը Պեկինին կոչ է արել դատապարտել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ Նա նշել է, որ Պեկինը իրականացրել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ ներխուժման հետ կապված որոշ պատժամիջոցներ և վերջերս հանդես է եկել ի պաշտպանություն Ուկրաինայի ինքնիշխանության, սակայն այդ քայլերը քիչ են։

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքը կարելի է ակնարկ համարել այն առումով, որ Պեկինը կարող է ազդել Պուտինի որոշումների վրա։ Օրինակ, Պեկինը Ղազախստանի իրադարձությունների ժամանակ Պուտինից պահանջեց հանել զորքը, որն արագորեն կատարվեց։

Ռուս տարբեր ուղղվածության փորձագետները նշում են այն հանգամանքը, որ Չինաստանին ձեռնտու է Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությունը, եւ Պեկինը նույնիսկ խթանում է այն իր գործողություններով։

Հակաարեւմտյան արշավի եւ Ուկրաինա ներխուժման շեմին Պուտինը մեկնեց Պեկին, որտեղ ստորագրվեց հակաամերիկյան-հակաարեւմտյան հստակ ուղղվածության ռուս-չինական հռչակագիր, որտեղ ՌԴ-ն անվերապահ ընդունեց Թայվանի պատկանելությունը Չինաստանին, փոխարենը խոսք չկար Ղրիմի մասին։ Մոսկվան ստորագրեց մի շարք վասալային պայմանագրեր, այդ թվում էներգետիկայի ոլորտում, եւ հեռավոր Արեւելքից զորքի զգալի մասը տեղափոխեց արեւմտյան ճակատ՝ չինական «երաշխիքներով»։

Ըստ ռուս փորձագետների, Պեկինի դիրքորոշումը խիստ պրագմատիկ է, անկախ Արեւմուտք-Ռուսաստան դիմակայության եւ Ուկրաինայում պատերազմի ելքից։ Ռուսաստանի դեմ արդեն իսկ մտցված եւ սպասվող պատժամիջոցներն ու սահմանափակումներն ուղղված են նախեւառաջ ռուսական արդյունաբերության, այդ թվում՝ ռազմական, եւ ֆինանսական ոլորտներին։ Մոսկվան հույս ունի, որ Չինաստանը կապահովի «փոխարինումը», թեեւ բարձրտեխնոլոգիական արտադրանքի մի մասը Չինաստանն ինքը ներկրում է Արեւմուտքից, դրանց մի նշանակալի մասը արտադրվում է, ճակատագրի հեգնանքով, Թայվանում։ Այսինքն, Չինաստանն այդ դեպքում կարող է կանգնել խնդիրների առաջ, ինչպես եւ՝ յուանով դոլարը «փոխարինելու» պարագային։

Ամեն դեպքում, Չինաստանն այս պատժամիջոցների արդյունքում ստանում է ռուսական շուկայի «մենաշնորհը» բազմաթիվ ոլորտներում, եւ Ռուսաստանը լիովին կախման մեջ է ընկնում Չինաստանից, ինչը Պուտինը եւ հայ փորձագետների մի զգալի մաս ներկայացնում էին որպես Ռուսաստան-Չինաստան դաշինք։

Բացի այդ, Ռուսաստանում սպասվող քաղաքական ու տնտեսական անխուսափելի գործընթացների հետեւանքը կարող է դառնալ այն, որ ռուսական Հեռավոր Արեւելքի տարածքները կանցնեն Չինաստանին, որոնք Չինաստանը համարում է իրենը եւ չի վարանի վերականգնել «պատմական արդարությունը»։ Խոսակցություն կա, որ Պուտինը Պեկին այցի ժամանակ նույնիսկ համապատասխան պայմանագիր է ստորագրել, որը գաղտնի է պահվում։

Չինաստանը 2020-ի հոկտեմբերին Ռուսաստանի խնդրանքով տապալեց ՄԱԿ ԱԽ-ում Լեռնային Ղարաբաղում կրակը դադարեցնելու վերաբերյալ բանաձեւի քննարկումը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.