«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ Անվտանգության խորհուրդը գլխավորում է վարչապետը: Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու բացի վարչապետից, նաև առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը: Անվտանգության խորհրդի հիմնական լիազորությունը բխում է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքից և պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները որոշելն է:
Նոր ԱԽ հիմնական առանձնահատկությունը, տարբերությունը գործող կառույցից այն է, որ այն այլևս խորհրդակցական մարմին չի լինելու և, ըստ էության, մաս է կազմելու գործադիր իշխանությանը: Նոր ԱԽ-ն, ըստ էության, լինելու է փոքր կաբինետ, որը ֆորս-մաժորային իրավիճակներում իրականացնելու է օպերատիվ կառավարում: Ինստիտուցիոնալ նման մոտեցում առկա է նաև Իսրայելի կառավարության կառուցվածքում: Այլ խնդիր է, որ Հայաստանում բացակայում են ընտրական ինստիտուտները, քաղաքական և պառլամենտական կառավարման մշակույթը, ու ԱԽ նման ինստիտուցիոնալիզացիան կարող է հանգեցնել կառավարության անդամների «սորտավորմանը», մանավանդ, որ շրջանառության մեջ դրված Ազգ-բանակ հայեցակարգն առաձգական է դարձնում պաշտպանության ոլորտ կոչվածը, ըստ այդմ` նաև ԱԽ լիազորությունները:
Ժողովրդավարական հակակշիռների, հաշվետվողականության բացակայության պարագայում սա կարող է հանգեցնել վարչապետի անսահմանափակ իշխանությանը, իշխանության ուժային սեգմենտի ուժեղացմանը, սահմանադրական կոլապսի:Մյուս կողմից` տրամաբանական է, որ երկրի նախագահը կամ խորհրդարանի խոսնակը չեն կարող լինել նոր ԱԽ-ում, որովհետև նրանք իրենց սահմանադրական կարգավիճակով գործադիր իշխանության մաս չեն: Ի դեպ, հարևան Վրաստանում մի փոքր այլ լուծում է տրված Անվտանգության խորհրդի կառուցվածքին և լիազորություններին, սակայն երկրի խորհրդարանի նախագահը, փաստորեն, չունի ԱԱԽ մշտական անդամի կարգավիճակ:
«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագծի խորհրդարանական քննարկումները բացահայտեցին մեկ այլ սահմանադրական կազուս, որն ուղղակի առնչություն չունի նոր ԱԽ գործունեության հետ, սակայն բացահայտում է սահմանադրական նոր կարգի կախվածությունը քաղաքական կոնյուկտուրայից:
«Անվտանգության խորհրդի մասին» օրենքի նախագծով առաջին փոխվարչապետի պաշտոն նախատեսելը, ըստ էության, հակասահմանադրական է. Սահմանադրության մեջ նման ինստիտուտ պարզապես գոյություն չունի: Սահմանադրությունը չի առանձնացնում, տարբերակում չի դնում երեք փոխվարչապետների միջև: Ակնհայտ է, որ հիմա օրենսդրորեն «խմբագրվում» է Հիմնական օրենքը` այն ծառայեցնելով քաղաքական կոնյուկտուրային: Ըստ ամենայնի` Սերժ Սարգսյանն արդեն ունի վերջնական որոշում և ապրիլից զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը, իսկ առաջին փոխվարչապետի ներմուծվող ինստիտուտը Սերժ Սարգսյանի նվերն է Կարեն Կարապետյանին, ով փոխհատուցում, բոնուս է ստանում կարգավիճակային կորստի դիմաց:
Փաստորեն` Հայաստանի պետական կառուցվածքը հերթական անգամ զոհաբերվում է համակարգային կոնյուկտուրային` իր գործունեությունը սկսելով հակասահմանադրական ռեժիմում:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am