Lragir.am-ը գրում է. Ռուսական համացանցում տեղեկություններ կան, որ Կրեմլի վարչակարգը քննարկում է համընդհանուր մոբիլիզացիա հայտարարելու հարցը։ Նշվում է, որ Ուկրաինայի պես մեծ տարածք ու բնակչություն ունեցող երկրի օկուպացիան ենթադրում է մեծաքանակ զորքի ներկայություն՝ օկուպացիոն ռեժիմ հաստատելու համար։ Բացի այդ, չնայած ռուսական կողմը չի հրապարակում կորուստները, սակայն ուկրաինական բանակի՝ որոշ հատվածներում ուժեղ դիմադրության հետեւանքով դրանք բավական մեծ են։ Այդ դիմադրությունը խախտել է Կրեմլի պլանների «ժամանակացույցը»։
Միեւնույն ժամանակ, ռուս փորձագետները հարցնում են, թե ինչ է լինելու հնարավոր օկուպացիայից հետո։ Բացի օկուպացիոն ռեժիմի հաստատումից, խնդիր է նաեւ բնակչության վերաբերմունքի հարցը։ Հակառուսական տրամադրություններն Ուկրաինայում մինչ այս ներխուժումն էլ ուժեղ էին, ներկայում, երբ ռուսական բանակը ռմբակոծում է ուկրաինական քաղաքները, այդ տրամադրություններն ավելի են սրվում։ Իր գործն է անում նաեւ ռուսական պրոպագանդան, որը Ուկրաինան եւ ուկրաինացիներին համարում է ոչ լիարժեք պետություն եւ ազգ, իսկ Ուկրաինայի ազատության համար պայքարողներին՝ նացիստներ։
Ուկրաինացիները տեսնում են, որ ՌԴ-ն ոչինչ չունի առաջարկելու, բացի մառազմատիկ գաղափարախոսություններից ու տնտեսական ու արժեքային դեգրադացիայից։ Ուկրաինացիները տեսնում են նաեւ, թե Մոսկվան ինչպես է վերաբերում պրոռուսական Դոնբասի բնակչության հետ։
Այս համատեքստում, ռուս եւ արեւմտյան փորձագետները չեն բացառում զինված դիմադրությունը օկուպացիայի պարագային, նշելով ընդհատակյա պայքարի ուկրաինական փորձը։ Առավել եւս, որ Ուկրաինային օգնություն են խոստանում դիմադրության դեպքում։ Ռուսաստանն այդ պարագայում կարող է ստանալ «նոր Աֆղանստան»՝ դրանից բխող հետեւանքներով, նշում են նրանք։ Բացի այդ, Արեւմուտքի կոշտ պատժամիջոցները հեռանկարում թուլացնելու եւ դեգրադացնելու են ռուսական ռազմավարական ոլորտները եւ հանրային համակեցության հիմքերը, նպաստելով կապիտալի եւ կարողունակ բնակչության արտագաղթին, ինչը 2014-ից հետո ահռելի ծավալներ է ընդունել։ Այս գործընթացները կարող են հանգեցնել ընդհուպ Ռուսաստանի փլուզմանը, նշում են ռուս փորձագետները։
Առաջիկա երկու օրերը վճռորոշ են լինելու հետագա զարգացումների տեսանկյունից։
Տես նաեւ այստեղ