Փետրվարի 16-ին Արցախի խորհրդարանը կքննարկի խորհրդարանի բոլոր հինգ խմբակցությունների կողմից մշակված «Արցախի Հանրապետության գրավյալ տարածքների մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագծով սահմանվում է 1991-1994, 2016 և 2020 թվականներին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում գրավված տարածքների իրավական կարգավիճակը։
Օրինագիծը Բաքվում ընկալվել է որպես «ռեւանշիստական»։
Գրավյալ տարածքներն իսկապես կարգավիճակ պետք է ստանան։ Բայց այս գործընթացը պետք է տեղի ունենա միաժամանակ Ստեփանակերտում և Երևանում, այն պարզ պատճառով, որ հրադադարի փաստաթուղթը, որտեղ նշված են հանձնված տարածքները, ստորագրել է Հայաստանի վարչապետը։ Երեւանն ու Ստեփանակերտը պետք է նշեն, թե ում մեղքով է եղել օկուպացիան, ով է կիրառել ուժ, հարկադրանք, ով չի երաշխավորել անվտանգությունը, ինչու դեռ չի սկսվել Արցախի ճանաչման գործընթացը։
Հիշեցնենք, որ իշխող կուսակցության նախաձեռնությամբ Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով։ Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ հանձնաժողովը պետք է պատասխանի այն հարցին, թե ինչու Հայաստանը չդիմեց Վիեննայի մեխանիզմին, այլ ի՞նչ գործիքներ է օգտագործել Հայաստանի վարչապետը պատերազմից խուսափելու համար։ Ինչո՞ւ չի գործարկվել Արցախի Հանրապետության ճանաչման ընթացակարգը։
Հայաստանը Արցախը համարել է վիճելի տարա՞ծք, թե՞ իր մաս։ Քննարկվե՞լ է Ադրբեջանին պատերազմ հայտարարել-չհայտարարելու հարցը։ Հայաստանն ընդհանրապես մասնակցե՞լ է պատերազմին։ Հայաստանը նոյեմբերի 9-ի համաձայնագրին այլընտրանք ունե՞ր, ինչո՞ւ ղեկավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մերժեց միջազգային ուժերի տեղակայումը։ Ի՞նչ են առաջարկել ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ինչո՞ւ առաջարկները չընդունվեցին։ Ինչպե՞ս է կայացվել Արցախում ռուսական զորքեր տեղակայելու որոշումը, եթե այդ որոշումը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար պայմանավորվածություններին։ Ինչո՞ւ է Ռուսաստանը, որը համարվում է Հայաստանի դաշնակիցը, չեզոք մնացել, իսկ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ակնհայտ աջակցել է Ադրբեջանին:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.lragir.am