ԱՄՆ-ն այս անգամ կփրկի՞ Ռուսաստանը

Lragir.am-ը գրում է. Ուկրաինայի շուրջ իրադրությունը շիկանում է՝ դիվանագիտական աշխույժ անցուդարձ, տեղեկատվական լայն արշավ ու ռազմական տեղաշարժեր։ Արեւմտյան աղբյուրները հաղորդում են ոչ միայն ռուսական հնարավոր ներխուժման ժամկետը, այլեւ ռազմական սցենարների վերաբերյալ հետախուզական տեղեկություններ եւ մանրամասներ։ Հայտնի է դարձել, որ տեղի է ունենալու Բայդեն-Պուտին հեռախոսազրույց, ինչպես նաեւ Պուտին-Զելենսկի հանդիպում Էրդողանի ներկայությամբ։ Թերեւս այս երկու իրադարձություններն էլ կանխորոշելու են հետագա զարգացումների բնույթը։

Մոսկվան Ուկրաինայի շուրջ լարվածության մեծացման ու ռազմական ներխուժման սպառնալիքի, Արեւմուտքի քաղաքական գործիչների, զլմ-ների կաշառման, հիբրիդային այլ միջոցներով փորձում է պառակտել Արեւմուտքը եւ ՆԱՏՕ-ն, «անվտանգության երաշխիքների» եւ հետխորհրդային տարածությունում իր բացառիկ իրավունքների ճանաչման նպատակով։

Արեւմուտքը մերժել է Մոսկվայի բոլոր պահանջները, միաժամանակ Ուկրաինայի շուրջ լարվածությունը ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին հնարավորություն է տվել ընդլայնել ռազմա-քաղաքական ներկայությունը Եվրոպայում, իսկ ռուսական հնարավոր ռազմական ներխուժման պարագային պատրաստ է գործադրել հակադարձման լայն միջոցներ։

Պուտինին փաստորեն նահանջի տեղ չեն թողել, թեեւ նման հնարավորություն էր դիտարկվում «նորմանդական քառյակի» բանակցության հերթական փուլում Կիեւի հնարավոր զիջումները Մինսկի համաձայնությունների հարցում։ Սակայն Կիեւը մերժել է ռուսական առաջարկները։

Միեւնույն ժամանակ, ռազմական ներխուժման դեպքում հետեւանքները չափազանց ծանր են լինելու Ռուսաստանի համար։ Նույնիսկ Կրեմլին մոտ շրջանակներն են ահազանգում, որ ռազմական գործողությունները կարող են հանգեցնել ընդհուպ Ռուսաստանի փլուզման։ Նշվում է, որ իրավիճակի հանգուցալուծումը ներկայում կախված է ԱՄՆ-ից։

Կփրկի՞ այս անգամ ԱՄՆ-ն Ռուսաստանը։ Վերջին հարյուրամյակում ԱՄՆ-ն երեք անգամ Ռուսաստանը փրկել է փլուզումից։ 1920-ականներին ամերիկացիները պարտված, սովի մատնված խորհրդայնացված Ռուսաստանում տնտեսություն ստեղծեցին բառի ուղիղ իմաստով։ Երկրորդ աշխարհամարտի առաջին տարիներին ամերիկացիները ԽՍՀՄ-ը փրկեցին վերջնական պարտությունից, մատակարարելով ահռելի քանակի սպառազինություն, սնունդ, հագուստ, տեխնիկա։ Այն ԽՍՀՄ-ին, որը մինչ Գերմանիայի հարձակումը մետաղ, վառելիք, սննդամթերք ու սպառազինություն էր մատակարարում հիտլերյան բանակին, հիտլերյան բանակի մասնագետներ պատրաստում իր ռազմական գործարաններում ու այլ հաստատություններում։ Երրորդ անգամ ամերիկացիները փրկեցին Ռուսաստանը 1990-ականների սկզբին, օգնելով վերակազմավորել տնտեսությունը, ֆինանսական, էներգետիկ ու այլ համակարգերը։ Երեւի շատերը կզարմանան, որ ամերիկացիներն են օգնել պահպանել Ռուսաստանի միջուկային պատերազմը։ Ինչպես կզարմանան, որ հայտնի Կատյուշան ծագումով ամերիկյան զենք է։

Այդպիսին է Ռուսաստանը՝ երբ քիչ ինչ ոտքի է կանգնում, հարստանում, արթնանում են կայսերական հիվանդագին բնազդներն ու «բացառիկության, վեհության, առանձին ուղու» եւ այլ մառազմատիկ տեսլականները։ Պուտինյան Ռուսաստանը ահա այդ հանգրվանում է։

Ամերիկացիները Ռուսաստանը պահում էին աշխարհքաղաքական որոշակի դերակատարության համար (հայ ռուսասերներն ու ռսանպաստները երեւի խիստ կտխրեն, եթե իմանան դա ինչ դերակատարություն է)։ Խնդիրն այն է, որ դեմոգրաֆիական, տեխնոլոգիական եւ այլ առումներով գրեթե անշրջելի անկման փուլ մտած Ռուսաստանն ի վիճակի՞ է շարունակել կատարել այդ դերը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.