«Մենք միամիտ չենք՝ հայերի հետ երկխոսության մտնելով, վճռական գործողություններից չենք հրաժարվի»

Լragir.am-ը գրում է.  Կարսի Ս․ Առաքելոց հայոց եկեղեցին

Հայ-թուրքական երկխոսության ելքը կասկած է հարուցում նույնիսկ լավատեսների մոտ։ Առավել շատ կասկած է հարուցում այն, որ թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի կառավարությունները գործում են իրենց երկրներում հասարակական տրամադրություններին հակառակ։

Լրատվամիջոցները հրապարակում են Թուրքիայում հարցումների արդյունքները, ըստ որոնց՝ Հայաստանը համարում են թշնամի, գլխավոր սպառնալիք և չեն աջակցում հարաբերությունների վերականգնմանը։ Փորձագետները բազմիցս գրել են, որ Թուրքիայում տագնապով սպասում են, թե երբ հայերը կսկսեն իրենց օրինական իրավունքներն առաջ քաշել և արկղերից հանել սեփականության վկայականները։

Պաշտոնական Երեւանը որեւէ պահանջ չի ներկայացրել։ Միակ բանը, որ ՀՅԴ ներկայացուցիչը երեկ հարցրել է արտգործնախարար Միրզոյանին, այն է, թե Հայաստանը կհրաժարվի՞ Ցեղասպանության միջազգային ճանաչումից։ Միրզոյանը անորոշ պատասխան է տվել։ Ոչ ոք չի խոսել գոհացման և իրավունքների առաջքաշման մասին։

Ամերիկյան հանրապետական ​​ինստիտուտը հարցում է անցկացրել Հայաստանում, և հարցվածների մեծամասնությունը նշել է, որ անհնար է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ առանց Ցեղասպանության և Արցախի վերաբերյալ հարցեր բարձրացնելու։

Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի (IRI) Եվրասիական ծրագրերի տնօրեն Ստեֆան Նիքսը մեկնաբանել է Հայաստանում անցկացված հարցման արդյունքները, ըստ որոնց՝ ճնշող մեծամասնությունը գլխավոր սպառնալիք է համարում Թուրքիան, որին հաջորդում է Ադրբեջանը։ Հարցվածների 35%-ը պատրաստ է դիտարկել սահմանների բացման հեռանկարները, իսկ 53%-ը բացասական է վերաբերվում դրան։ 73%-ը կարծում է, որ Հայաստանը պետք է լավացնի Թուրքիայի հետ հարաբերությունները միայն Ցեղասպանության ճանաչման և ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը միջամտելուց Թուրքիայի հրաժարման պայմանով։

Ընդհանուր առմամբ, ըստ Նիքսի, Հայաստանում մարդիկ ձգտում են խաղաղության, բայց ոչ ամեն գնով, ուզում են պահպանել իրենց իրավունքներն ու տարածքները։

«Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն Վիեննայում փետրվարի 24-ին։ Թուրքիան Բաքվի հետ ամեն փուլում քննարկում է Հայաստանի հանդեպ քայլերը։ Ադրբեջանը նույնպես հանդես է գալիս Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության օգտին։ Մենք միամիտ չենք։ Միաժամանակ մենք գիտակցում ենք վճռական քայլերի անհրաժեշտությունը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն։

Հայաստանը ակնկալում է բովանդակային քննարկումներ Վիեննայում կայանալիք հանդիպման ժամանակ, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Երևանը հույս ունի հայ-թուրքական սահմանի բացման և դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանն մասին քննարկումներ սկսել։

Հայաստանում և Թուրքիայում միմյանց գլխավոր սպառնալիք են համարում։ Թուրքիան Ցեղասպանություն ու հայրենազրկում է իրականացրել եւ ստեղծվել է հայերի ոսկորների ու հողերի վրա։ Թուրքիայում գիտեն սա եւ ձգտում են ամեն գնով հասնել Հայաստանի կողմից Ցեղասպանության ճանաչումից, իրավունքներից ու պահանջատիրությունից հրաժարվելուն եւ 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի օրինականացմանն ու ճանաչմանը։ Հայաստանում Արցախի դեմ ռուս-թուրքական արշավը հենց այդ նպատակն ուներ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.