Արարատ Միրզոյանի հարցը Լավրովին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ ասուլիսում նկատել է, որ «ողջ աշխարհը պիտի որոշի՝ արդյոք ուժի չկիրառումը մնում է հիմնարար սկզբունք աշխարհում, թե՞ պետությունները կարող են թույլ տալ ուժի կիրառմամբ և ուժի սպառնալիքով կարևորագույն հարցեր և ժողովուրդների ճակատագրեր որոշել»։

Ճիշտ հարցադրում է, թեեւ ԱԳ քաղկոմիսարն այդպիսով գուցե փորձել է արդարացնել ՀՀ իշխանության՝ հայկական իրավունքներից հրաժարվելու քաղաքականությունը՝ դե աշխարհն անտարբեր է, ինչ կարող ենք անել։ Առավել եւս, որ Ավստրիայի ԱԳ նախարարն ասուլիսին ակնարկել էր հայկական կողմի կրավորական պահվածքը։

Հարցադրումն առավել ազդեցիկ կլիներ այն պարագային, եթե Հայաստանն այլ կեցվածք որդեգրեր՝ ներկայանալով սեփական իրավունքների ու շահերի դիրքերից եւ հասցեական պատասխանատվության տակ դներ միջազգային հանրությանն ու կոնկրետ երկրների։

Մասնավորապես, Արարատ Միրզոյանն այդ հարցը տար նախեւառաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։ Բանն այն է, որ Ռուսաստանից ու թուրքերից բացի, շահագրգիռ որեւէ այլ պետություն կամ կազմակերպություն չի հայտարարել, որ Ղարաբաղի հարցը լուծված է։ Ընդ որում, ՌԴ նախագահ Պուտինն առաջինն է շտապել աշխարհին «ավետել», որ Ղարաբաղի խնդիրը լուծված է, նկատի ունենալով եռակողմ հայտարարությունը։

Երբ ՌԴ-ն առաջին դեմքերի մակարդակով հայտարարում է, որ խնդիրը լուծված է, նշանակում է ոչ միայն ընդունում է ուժի կիրառման սկզբունքը, այլեւ տվյալ դեպքում հանդես է գալիս դրա երաշխավոր եւ ավելին՝ կազմակերպիչ։ Դա են վկայում նաեւ հենց ՌԴ առաջին դեմքերի խոստովանությունները։

ՀՀ իշխանությունը, ինչպես նաեւ խորհրդարանի ընդդիմությունը հայտարարել են եռակողմ հայտարարությանն իրենց հավատարմությունը, այսինքն՝ ընդունել են, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է։ Իսկ աշխարհը դա տեսնում է։

ՀՀ ԱԳ քաղկոմիսարը պարտավոր է այդ հարցը հրապարակային տալ Լավրովին, առաջին իսկ հանդիպմանը կամ հեռախոսազրույցին։ Կրկնենք՝ հայկական իրավունքների պաշտպանությունը սկսում է ճիշտ եւ հասցեական հարցադրումներից եւ պահանջներից։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am