ՌԴ հերթական հակահայ ակցիան ԵԽԽՎ-ում

Հայաստանում բոլորը կենտրոնացել են ԵԽԽՎ-ում Հայաստանի զեկույցի քննարկմանը Պատիվ ունեմ խմբակցության ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Մամիջանյանի «դեմ» քվեարկության վրա, մատնանշելով Թուրքիայի ու Բաքվի պատվիրակների նմանատիպ քվեարկությունը։ Այնինչ, անհրաժեշտ ուշադրություն չի դարձվում «մեր փրկիչ ու ռազմավարական դաշնակից» Ռուսաստանի պատվիրակության քվեարկությանը։ ՌԴ պատվիրակները «ձեռնպահ» են քվեարկել զեկույցին։

ԵԽԽՎ բանաձեւը պայմանական կարելի է բաժանել երկու մասի՝ Ժողովրդավարական խնդիրներ եւ Արցախ։ Ասել, թե ՌԴ պատվիրակների «ձեռնպահ» քվեարկության պատճառը ժողովրդավարական խնդիրներն են, պարզապես ծիծաղելի կլինի՝ ՌԴ-ն պաշտոնապես զզվում է ժողովրդավարությունից, իսկ զեկույցում մատնանշվում են Հայաստանի թե առաջընթացը, թե խոսքի ազատության, դատական եւ այլ ոլորտներում առկա խնդիրները։

Չի բացառվում, որ ռուսներին մտահոգել է նոյեմբերի 9-ից անմիջապես հետո Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին բանաձեւում տրված գնահատականը՝ «սահմանադրական կարգի տապալման փորձ», այն առումով, որ այդ իրադարձությունների մասնակիցների մի զգալի մասը Հայաստանում «ռուսական ներկայության ակտորներ» էին, Կոպիրկինի բառերով ասած։ Սակայն սա էլ թույլ փաստարկ է, որովհետեւ ՀՀ իշխանությունը նման մեղադրանք Մոսկվային չի առաջադրել ու չի առաջադրելու։

Մնում է Արցախի խնդիրը։ Բանաձեւում նշվում է, որ հայ ռազմագերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Ընդգծվում է Արցախի հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պահպանության պահանջը, ինչպես նաև դրա վերականգնման ու պահպանության հստակ մեխանիզմների անհապաղ մշակման կարևորությունը։ Բացի այդ, բանաձևում արձանագրված է, որ ԼՂ հակամարտությունը լուծված չէ, արդար և տևական լուծմանը պետք է հասնել ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափում։

Ինչպես բազմիցս հայտարարել են ՌԴ առաջին դեմքերը, ԼՂ հակամարտությունը լուծված է, Մինսկի խմբում քաղաքական կարգավորումը բացառվում է, ՄԽ-ն պետք է զբաղվի բացառապես հումանիտար հարցերով։ Հայ ռազմագերիների, իրականում՝ պատանդների խնդիրը ունիվերսալ լծակ է Մոսկվայի համար՝ ՌԴ-ն այդ խնդրի լուծումը պաշտոնապես կապում է պարտադրվող միջանցքների ու սահմանազատման, Բաքվի պահանջների հետ։ Ինչ վերաբերում է Արցախի մշակութային ու կրոնական ժառանգության խնդրին, ՌԴ-ն ոչ մի անգամ չի դատապարտել Բաքվի վանդալիզմը, ավելին՝ պատանդների խնդրի պես դա էլ է կապել Բաքվի պահանջների կատարման հետ։ Իր հերթին, ՌՈՒԵ Մոսկվայի պատրիարքարանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Արցախում հայկական եկեղեցիներ չկան։ ՌՈՒԵ Մոսկվայի պատրիարքարանն ու Բաքվի թեմը ձեռնամուխ են եղել հայկական ժառանգության յուրացմանը։

Բանաձեւի ահա այս մասը հակասում է Մոսկվայի քաղաքականությանը։ Եվ որոշում է կայացվել «ձեռնպահ» քվեարկել, քանի որ «դեմ» քվեարկելը չափից ավելի ճչացող կլիներ։ Իրականում, ձեռնպահն այս պարագայում հավասար է դեմի։ Իհարկե, պետք չէ մոռանալ նաեւ թուրքերին ծառայություն մատուցելու պահը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am