Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արմեն Սարգսյանի հրաժարականին

Այսօր հրավիրած առցանց ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականին ու նրա արած հայտարարությանը։ «Որոշումն ինքը նախագահն է կայացրել, և ես դրա մասին իմացել եմ հրապարակայնացումից ընդամենը ժամեր առաջ՝ մոտ 3,5 ժամ առաջ։ Նա երեկ հրապարակումից ժամեր առաջ զանգահարել է ինձ, և մենք խոսել ենք այդ մասին։ Ես նախագահին հարցրել եմ՝ ինքն ինձ հետ քննարկո՞ւմ է, թե՞ արդեն կայացրել է որոշումը, որից հետո ինքն ասել է, որ կայացրել է որոշում։ Եվ ես այս համատեքստում նաև չեմ կարծում, թե ես պետք է ասեմ՝ ինչն է բավարար, ինչը բավարար չէ։ Միակ դիտարկումը, որը պետք է անեմ՝ այնուամենայնիվ Սահմանադրության հետ կապված Հանրապետության նախագահի դիրքորոշումները հայտնի են եղել, ես ասել եմ, որ իմ դիրքորոշումն այդ կապակցությամբ մի փոքր տարբերվում է Հանրապետության նախագահի դիրքորոշումից կամ էականորեն է տարբերվում։ Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականից, երբ Արմեն Սարգսյանն ընտրվել է Հանրապետության նախագահ, հետո ես ընտրվել եմ հանրապետության վարչապետ, այդ ժամանակվանից ի վեր Սահմանադրության մեջ որևէ դրույթի փոփոխություն տեղի չի ունեցել, համենայնդեպս նախագահի լիազորությունների մասով։ Նկատի ունեմ, որ այս ողջ ընթացքում կանոնների փոփոխություն տեղի չի ունեցել։ Հրաժարականների դրդապատճառների մասին այնտեղ կան որոշակի բացատրություններ, և ես ինքս էլ այդ բացատրություններն ընդամենն ընդունում եմ ի գիտություն և պատեհ չեմ համարում, որ մեկնաբանեմ»,- ասաց նա։

Անդրադառնալով հետաքննական բացահայտմանը, որ իրականում Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի չի եղել նախագահի պաշտոնն ստանձնելիս, Նիկոլ Փաշինյանն ասաց․«Ես չեմ հասցրել մանրամասն ծանոթանալ այդ հրապարակմանը։ Ես դա քիչ հավանական եմ համարում, որ նա ՀՀ քաղաքացի եղած չլինի։ Դրանք իմ քննարկելու մանրամասները չեն, եթե այդտեղ կա որևէ փաստ, որին Հայաստանի որևէ պետական մարմին պետք է արձագանքի, այդ մարմինները պետք է զբաղվեն դրանով»։

Նախագահի թեկնածուի մասին հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ իր քաղաքակյան թիմում այդ թեմայով քննարկում նախկինում չեն ունեցել։ «Հիմա հասկանալի է, որ այդ թեման պետք է լրջագույն քննարկենք և քննարկումների արդունքում որոշումներ կայացնելիս պետք է նաև առաջնորդվենք վերջին 4 տարվա փորձով։ Այո, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցությունն է, որ պետք է ընտրի Հանրապետության նախագահ։ Ես կարող եմ իմ եզրակացությունն ասել՝ կարծում եմ, մենք պետք է գնանք այնպիսի լուծումների, որ Հանրապետության նախագահի, կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև լինի քաղաքական ներդաշնակություն։ Առավել ևս հիմա, երբ մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ»,- հավելեց նա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.