Մոսկվան բոլոր հարցերում աջակցություն հայտնեց Ալիևին

Լragir.am- ը գրում է.  Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վերջին ճեպազրույցում հարցեր են հնչել Ալիևի գործողությունների և հայտարարությունների վերաբերյալ։

Մասնավորապես, պատասխանելով հարցին, թե ՆԱՏՕ-ին չընդլայնվելու վերջնագիր ներկայացրած Մոսկվան ինչպես է վերաբերվում ՆԱՏՕ-ի անդամի և Ադրբեջանի ռազմական սերտ համագործակցությանը, Զախարովան ասել է, որ «համագործակցությունը չպետք է հակասի Եվրոպայում անվտանգության անբաժանելիության անկյունաքարային սկզբունքներին»։

Երկկողմ հարաբերությունների կառուցումը յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է, կարևոր է, որ այդ կապերն ու շփումներն ուղղված չլինեն երրորդ երկրների դեմ։ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել Ալիևի այցը Կիև, որի ընթացքում Ալիեւը հայտարարել է Ուկրաինայի «տարածքային ամբողջականության» ճանաչման մասին։

Զախարովան հիշեցրել է, որ Ալիեւի Կիեւ կատարած այցը մանրամասն քննարկվել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հեռախոսազրույցի ժամանակ, որը նախաձեռնել է ադրբեջանական կողմը։

Զախարովան հրաժարվել է մեկնաբանել Ալիևի սպառնալիքները Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին Արցախ կատարած այցի կապակցությամբ։ Ալիեւն ասել է, որ Լաչինի միջանցքը վերահսկվում է ոչ թե ռուս խաղաղապահների, այլ իրենց կողմից։ «Եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության տակ։ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով», ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Հարցին, թե ինչպես է Մոսկվան արձագանքում Ալիևի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը թույլ չի տա Մինսկի խմբին զբաղվել ղարաբաղյան խնդրով, Զախարովան ասել է, որ «Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է այս ձևաչափի շարունակմանը, առաջին հերթին՝ իր ձևաչափին համապատասխան մանդատով և, իհարկե, հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, որոնք ձևավորվել են 2020 թվականի պատերազմից հետո»։ Նա նշել է, որ դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում կայացած ԵԱՀԿ նախարարական համաժողովին համանախագահները երկու նախարարներին են փոխանցել «հավասարակշռված, շատ իրական առաջարկ հետագա համագործակցության օրակարգի վերաբերյալ։ Համանախագահների առաջարկած օրակարգը շոշափում է ինչպես հումանիտար, այնպես էլ սոցիալ-քաղաքական հարցեր»։

Այսպիսով, Մոսկվան հաստատում է, որ ոչ մի սպառնալիք չի տեսնում ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցության մեջ, որ Ալիևի այցը Կիև եղել է Պուտինի իմացությամբ (կամ գուցե նրա հանձնարարությամբ), որ Լաչինի միջանցքն իրականում վերահսկվում է ոչ թե ռուս խաղաղապահների, այլ Բաքվի կողմից, և Մոսկվան ու Բաքուն ԵԱՀԿ-ին թույլ կտան զբաղվել միայն հումանիտար հարցերով։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.