Վարակի տարածման տեմպն արագանում է

Lragir.am-ի զրուցակիցն է հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը

Օրերս ուժի մեջ է մտնելու որոշումը, ըստ որի՝ հանրային ու ժամանցի վայրեր մուտք գործելու համար պետք է կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ցույց տալ, կամ պատվաստման հավաստագիր։ Հայաստանի պայմաններում այս որոշումը արդյունավետ կլինի՞, և ինչպե՞ս է հնարավոր վերահսկողություն սահմանել։

Որոշման տրամաբանության հետ կապված որևէ խնդիր չկա, այսինքն՝ այն ամբողջությամբ հասկանալի և ընդունելի է, որովհետև երկու կարևոր հարց է լուծում։ Առաջինը պաշտպանում է մարդկանց, և սա հատկապես կարևոր է օմիկրոնի պարագայում, որովհետև այն անհամեմատ ավելի արագ է տարածվում։ Եվ երկրորդը, մենք սրանով խթանում ենք պատվաստումները։ Սա դարձյալ օմիկրոն շտամի դեպքում կարևոր է, քանի որ ինչքան էլ պատվաստանյութերի արդյունավետությունը նվազում է, այնուամենայնիվ ամբողջական պատվաստում ստացած մարդը հիվանդության ծանր ընթացքից պաշտպանված է 65 տոկոսով, իսկ բուստեր ստացած անձը՝ 81 տոկոսով։

Բայց մյուս կողմից կա վերահսկողության խնդիրը։ Նախքան որոշումն ուժի մեջ մտնելը մի քանի օր կա, և շատ կարևոր է, որ այս օրերին որոշում կայացնողները ևս մեկ անգամ գնահատեն՝ ինչպիսի՞ մեխանիզմներով է իրականացվելու վերահսկողությունը։ Այո, այդ խնդիրը մենք ունենք, վերահսկողները քիչ են, բայց խնդիրները շատ են։ Պետք է հասկանալ՝ արդյոք իրական կյանքում հնարավոր կլինի վերահսկողություն սահմանել, թե ոչ։ Միգուցե Երևանի կենտրոնում՝ Կասկադի հարակից սրճաններում հնարավոր լինի դա վերահսկել, բայց Հայաստանը միայն Երևանի կենտրոնը չէ։ Երևանի կենտրոնից դուրս ինչ-որ քաղաքում կամ գյուղական բնակավայրում որքանո՞վ իրատեսական կլինի նման վերահսկողություն սահմանել։ Սա շատ կարևոր հարց է, հատկապես, որ հարսանիքներ են լինում, մեծ միջոցառումներ, պետք է լինելու այդ վերահսկողությունը սահմանել։ Եվ լավ կլինի, որ քանի դեռ ժամանակ կա, ևս մեկ անգամ բազմակողմանի ուսումնասիրեն, որ սա չդառնա թղթի վրա մնացած որոշում։

Առաջիկայում համավարակի հերթական ալի՞քն է սպասվում։

Որևէ արտառոց բան չկա, երբ չորրորդ ալիքն ավարտվեց, մենք ասացինք, որ 8-10 շաբաթ հետո պետք է սպասենք նոր ալիքի։ Կարող է մի քիչ ժամկետների շեղում լինել, որովհետև այս ընթացքում վիրուսի տեսակը փոխվեց։ Մեր կանխատեսումներն իրականանում են, սա բնական ընթացք է, պետք է լիներ։ Եվ, այո, արդեն շուրջ 2 շաբաթ ունենք ակտիվ բուժման մեջ գտնվող պացիենտների թվի աճ, մենք տեսնում ենք, որ թեստավորում-հայտնաբերում հարաբերակցությունն արդեն գերազանցում է 5 տոկոսը, ինչը ևս խոսում է վարակի տարածման տեմպի արագացման մասին։ Եվ ունենք վերջին ցուցանիշը՝ վիրուսի վերարտադրության գործակիցը, որը պետք է լինի 1-ից ցածր, բայց մեզ մոտ 1-ից բարձր է։ Ուրեմն, համաճարակը զարգանում է։ Եվ այս պարագայում մեր խորհուրդը մարդկանց մնում է նույնը՝ պահպանել հակահամաճարակային կանոնները, չտրվել ապատեղեկատվությանը և անպայման պատվաստվել։ Արդեն փաստ է, որ օմիկրոն տեսակն ավելի արագ է տարածվում, ավելի շատ մարդ կարող է վարակել։ Եվ արդեն խոսում են պայթյունաձև տարածման մասին, ինչը շատ վտանգավոր է առողջապահության համակարգի ծանրաբեռնվածության տեսանկյունից։ Մյուս կողմից, սա ավելի հաճախ առաջացնում է նաև կրկնավարակներ։ Սա կարևոր է հատկապես այն մարդկանց համար, ովքեր ասում են՝ ես հիվանդացել եմ, ինչո՞ւ պատվաստվեմ։ Օմիկրոնը մոտավորապես 10 անգամ ավելի հաճախ է առաջացնում կրկնավարակ, քան դելտա տեսակը։

Բայց, մյուս կողմից, օմիկրոն տեսակի դեպքում հիվանդությունն ավելի թեթև է ընթանում, այդպե՞ս է։

Այո, այն ավելի թեթև ընթացք ունի։ Թվերը խոսում են այն մասին, որ հոսպիտալացման միջին տևողությունը մոտ երկու անգամ ավելի ցածր է, քան դելտա տեսակի դեպքում և ավելի քիչ է ախտահարում թոքերը, այսինքն՝ ավելի քիչ մարդիկ են թթվածնի կարիք ունենում։ Ուզում եմ շեշտել, որ անհատի ռիսկը գնահատելիս միգուցե օմիկրոնով վարակելու ու ապաքինվելու հավանականություն ավելի բարձր է, քան դելտայի դեպքում, բայց հանրության տեսանկյունից վտանգը շատ բարձր է։ Եթե մենք ունենանք վարակվածների թվի պայթյունաձև աճ, ուզենք թե չուզենք այդ վարակվածներից մի մասին պետք է հոսպիտալացնել։ Իսկ եթե հիվանդների թիվը մեծ լինի, առողջապահական համակարգը կարող է ծանրաբեռնվել։

Ինչո՞վ է բացատրվում, որ վիրուսի նոր տեսակն ավելի թեթև ընթացք ունի։

Ոչ ոք հստակ չգիտի։ Այն, որ վիրուսները ենթարկվում են մուտացիայի, դա մենք գիտենք։ Մուտացիաները լինում են երկու տեսակի՝ ավելի վտանգավոր կամ հակառակը։ Օմիկրոնի դեպքում ունենք երկու իրարամերժ մուտացիա՝ մի կողմից ինքն առաջացնում է ավելի թեթև հիվանդություն, բայց մյուս կողմից ավելի արագ է տարածվում։ Թե ինչու է այդ մուտացիան առաջացել, երեք հիմնական թեորեա կա, դրանցից գիտնականների կողմից ընդունված ամենահավանական թեորեան հետևյալն է, որ վիրուսը գտնվել է թուլացած իմունիտետ ունեցող մարդկանց օրգանիզմում, ում իմունային համակարգը չի կարողացել ադեկվատ պայքարել, և ստեղծվել է բարենպաստ միջավայր, որ այն փոխվի։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am