ԱՄՆ-ն ու Ֆրանսիան չեն ընդունել ՌԴ առաջարկը Արցախի վերաբերյալ․ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը վերահաստատում է հակահայ դիրքորոշումը

Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը չի կարող այցելել Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ի՞նչն է մեզ մտահոգում․ այն, որ համանախագահների եռյակին մինչ օրս չի հաջողվում այցելել տարածաշրջան, ծանոթանալ իրավիճակին եւ կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ կողմերին աջակցելու մարդկանց միջեւ շփումների հաստատման, հումանիտար խնդիրների լուծման գործում», ասել է նա։

Նոյեմբերի 9-ից հետո Պուտինը, Ալիեւը եւ Էրդողանը հայտարարեցին, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում Ղարաբաղի խնդրի քաղաքական կարգավորումը եւ մասնավորապես կարգավիճակի քննարկումը բացառվում է։ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հայտարարեցին սակայն, որ խնդիրը լուծված չէ, եւ նոյեմբերի 9-ի հայտարարությունը կարգավորում չէ։

2020-ի նոյեմբերի 9-ից հետո համանախագահներն այցելեցին տարածաշրջան, սակայն ռուս համանախագահը չմիացավ այցին, անհեթեթ պատճառաբանությամբ։ Բաքվում Ալիեւը ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահներին բավական կոպիտ ընդունեց, հայտարարելով, որ չի համաձայնելու քաղաքական կարգավորմանը ՄԽ-ում։

Ալիեւը նույն բանը կրկնեց իր վերջին հարցազրույցում, ծաղրելով Մինսկի խումբն ու ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, միեւնույն ժամանակ, գոհունակություն հայտնելով Ռուսաստանի գործողություններից։ Հասկանալի է, որ Ալիեւը չի կարող դեմարշ անել ՄԱԿ ԱԽ երեք մշտական անդամներից կազմված Մինսկի խմբի դեմ, եթե չունի նրանցից մեկի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի աջակցությունը։

Մոսկվան մի ոտքով մնում է Մինսկի խմբում, քանի որ դա միակ հարթակն է մնացել, որտեղ նա հավասար հիմունքներով գտնվում է Արեւմուտքի հետ նույն ձեւաչափով։ Բացի այդ, Մոսկվան ակնկալում է ՄԽ-ում լեգիտիմացնել Պուտին-Լավրով պլանն ու ռուս-թուրքական համաձայնությունները, խմբին վերապահելով միայն հումանիտար խնդիրները։ Եվ ահա, հերթական անգամ այդ մասին հայտնում է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։

Ինչպես երեւում է ռուս պաշտոնյայի հայտարարությունից, ՄԽ արեւմտյան համանախագահները չեն ընդունել ՌԴ առաջարկը։ Մինչ այդ, ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն եւ ԵԱՀԿ-ն մեղմ ասած մերժել են Մոսկվայի պահանջները անվտանգության երաշխիքների ու ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերում։

Մոսկվային ու Բաքվին ձայնակցում են ՀՀ վարչապետն ու ՀՀ ԱԳՆ-ն, որոնք նույնպես առաջնային են հայտարարել «հումանիտար խնդիրները», ինչպես նաեւ համաձայնել 3+2-ին եւ հայ-թուրքական կարգավորմանը մոսկովյան հովանու տակ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am