Սա անդառնալի գործընթաց է։ Առաջիկայում պարբերաբար թե էլեկտրաէներգիայի, թե գազի սակագների ոլորտում ունենալու ենք բարձրացումներ

Lragira.am-ի զրուցակիցն է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը

Պարոն Դավթյան, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ։ Սա սպասելի գործընթա՞ց էր և ինչի՞ հետևանք է։

Նախ խոսենք այն մասին, որ փաստորեն հայկական կողմն առաջին անգամ խոսեց, այսպես կոչված, կալորիականության գործակցի կիրառման մասին, որն առնվազն 2013 թվականից ի վեր չի կիրառվել։ Պարզվում է՝ այն կալորիականությունը, որով բնական գազը ներկրվել է Հայաստան վերջին տարվա ընթացքում, կազել է 8300- 8500 կկալ/խմ, մինչդեռ պայմանագրով սահմանված էր 7900 կկալ/խմ։ Եվ, քանի որ կիրառվելու է կալորիանականության այս գործակիցը, սա իր ուղիղ ազդեցությունն է ունենալու գազի գնի գոյացման վրա։ Երկրորդ գործոնն այն է, որ «Գազպրոմ Արմենիան», ինչպես մենք տեսնում ենք, վերջին տարիներին պարբերաբար դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ներքին սակագները բարձրացնելու համար։ Եվ այն վերջին բարձրացումը, որն արձանագրվեց 2020 թվականի գարնանն ու ուժի մեջ մտավ ամռանը, դա չէր բավարարում ընկերությանը։ Եթե հիշում եք՝ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում էր այն ժամանակ սակագինը բարձրացնել միջինը 11 տոկոսով, բայց բարձրացվեց ընդամենը 5 տոկոսով։ Եվ այն ժամանակվանից ի վեր, հաշվի առնելով նաև մեր էներգետիկ համակարգում առկա ցուցանիշները և խնդիրները, նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության եկամտաբերության նորմը, որը սահմանված է 9 տոկոսի չափով, պարզ է, որ այդ ընկերությունն ստիպված էր լինելու պարբերաբար հանդես գալ նմանատիպ հայտերով։ Եվ այսօր արդեն խոսվում է սակագնի 6 տոկոսով միջին թույլատրելի բարձրացման մասին։ Նպատակը մեկն է՝ ապահովել ընկերության ներքին եկամտաբերության նորմը։ Ինչպես ասացի՝ 2013 թվականի համաձայնագրերի համաձայն՝ սահմանված է 9 տոկոսի չափով  եկամտաբերություն։

Այստեղ խնդիրն այն է, որ վերջին տարիներին, այսպես կոչված, գազային բանակցությունների շրջանակներում, որոնց մասին խոսում են այսօրվա իշխանությունները, երբևէ չի բարձրացվել այդ եկամտաբերության նորմի վերանայման հարցը։ Երբևէ հարց չի դրվել այդ պայմանագրում որոշակի փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ։ Եվ հաշվի առնելով, որ գործող սակագների պայմաններում եկամտաբերության նորմի ապահովումը բավական բարդ է, բնականաբար, գազատրանսպորտային օպերատորը պարբերաբար դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։

Այսինքն՝ հնարավորությո՞ւն կա, որ հայկական կողմը բարձրացնի «Գազպրոմ Արմենիայի» եկամտաբերության հարցը, որ վերանայվի պայմանագրով նախատեսված չափը։

Ամեն ինչ կախված է բանակցային հմտություններից և հայկական կողմի դիրքից։ Բայց, հաշվի առնելով, որ մենք դասական իմաստով երբևէ չենք ունեցել բանակցային գործընթաց, մենք պարզապես ունեցել ենք միակողմանի կոմունիկացիա, այս իրավիճակն է։ Ռուսաստանից Դաշնության կողմից եղել են որոշակի առաջարկներ, հայկական կողմը, բնականաբար, դրանք ընդունել է։ Հայկական կողմը վերջին տարիներին երբևէ չի առարկել ու չի սահմանել իր բանակցային «կարմիր գծերը», ինչպես դա արել են Ռուսաստանի գործընկերները։ Այդ համաձայնագրերում կան բազմաթիվ դրույթներ, որոնք պետք է վերանայվեն։ Բացի այդ 9 տոկոս եկամտաբերության հարցից, առանցքային հարցերից մեկը, որը պետք է լուծվեր, դա այդ համաձանագրերի այն դրույթի վերանայումն էր, համաձայն որի՝ հայկական կողմը «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդում կարող է ունենալ ընդամենը մեկ ներկայացուցիչ՝ այն էլ առանց ձայնի իրավունքի։ Սա Հայաստանի ազգային էներգետիկ շահին հակասող դրույթ էր, որը տեղ էր գտել համաձայնագրում, և այդ հարցը երբեք չի բարձրացվել։ Եթե խոսում ենք 2018 թվականի հեղափոխական զարգացումների մասին, այդ հեղափոխությունը պետք է տարածվեր բոլոր համակարգերի վրա։

Ես կարծում եմ, այո, սա գործընթաց է, որն անդառնալի է։ Առաջիկայում մենք պարբերաբար թե էլեկտրաէներգիայի, թե գազի սակագների ոլորտում  ունենալու ենք բարձրացումներ։ Դրանք միմյանց հետ փոխկապակցված են, որովհետև նույն այդ 6 տոկոս միջին բարձրացումը վերաբերելու է նաև մեր ջերմաէլեկտրակայաններին, որոնք Հայաստանի էլեկտրաէներգիայի գեներացման համակարգում ապահովում են շուրջ 40 տոկոսը։ Իսկ վերջին մեկ տարվա ընթացքում վերանորոգման նպատակով Ատոմակայանի կանգնեցման պայամաններում 2021 թվականի դրությամբ այդ մասնաբաժինը կազմել է 56 տոկոս։ Այսինքն՝ սա ուղղակիորեն ազդելու է նաև էլեկտրաէներգիայի սակագնի վրա։

Նախորդ տարեվերջին կառավարությունը մի որոշում ընդունեց, ըստ որի՝ նախատեսվում է պետական բյուջեից տարեկան 31,79 մլն ԱՄՆ դոլար գումար վճարել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես վերջինին պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար։ Որոշման մեջ նշվում էր, որ սա հնարավորություն կստեղծի 10 տարվա կտրվածքով հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 165 ԱՄՆ դոլար՝ 1000 խմ դիմաց։ Ստացվում է, որ և պետական բյուջեից տարեկան ավելի քան 30 մլն դոլար է ուղղվելու այդ ընկերությանը, և պարբերաբար սպառողների համար սակագինը թանկանալո՞ւ է։

Այո, փաստորեն այն կոմպենսացիոն քայլը, որին գնաց կառավարությունը, չստեղծեց այն անվտանգության բարձիկը, որն առնվազն կարճաժամկետ ժամանակահատվածում՝ 2022 թվականին կկարողանար ապահովել գազի սակագնի զսպումը։ Սա բացարձակ ձախողում է, որն առկա է մեր էներգետիկ քաղաքականության տիրույթում։ Եվ ես ուզում եմ ընդգծել կարևոր հանգամանք։ «Գազպրոմ» մայր ընկերության 2022 թվականի բյուջեի հիմքում դրված է 250 դոլար արտահանման միջին գինը։ Հաշվի առնելով այն, որ այսօր համաշխարհային շուկայում գազի գինը կտրուկ աճում է, եվրոպական ու ասիական շուկայում հասնում է 1500-2000 դոլարի, պարզ է, որ ինչպես վերջին մեկ տարվա ընթացքում, այնպես էլ առաջիկայում «Գազպրոմ» ըներությունն աշխատելու է գերշահույթով։ Եվ հայկական կողմն այդ բանակցային գործընթացի շրջանակներում պետք է կարողանար օգտվել այս հանգամանքից, որովհետև գերշահույթով աշխատելով՝ «Գազպրոմը» հնարավորություն է ստանալու մանևրելու և որոշակի ավելի սոցիալակենտրոն գնային քաղաքականություն իրականացնելու իր առանցքային ռազմավարական գործընկերների հետ։ Այս հնարավորությունը ևս հայկական կողմը բաց թողեց։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.