Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը համակարգում խոշոր ձախողումների հետևանք է

Lragir.am-ը գրում է. Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող բարձրացումը համակարգում առկա ճգնաժամի հետևանք է, և այդ մասին է վկայում այն, որ վերջին մեկ տարվա ընթացքում երկու անգամ որոշում է կայացվում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել։ Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։ Վերջին անգամ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը թանկացել էր նախորդ տարվա փետրվարին, և ահա 2021-ի դեկտեմբերի 29-ին դարձյալ թանկացման որոշում կայացվեց։ Ըստ Վահե Դավթյանի՝ սա խոսում է համակարգում առկա լուրջ ռիսկերի մասին։

Նշենք, որ փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում կթանկանա միջինը 4․7 դրամով։ Որպես հիմնավորում բերվել է ատոմակայանի արդիականացման համար վերցված վարկը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախորդ տարեվերջին գումարած նիստում սահմանել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի նոր սակագները, որոնք կգործեն 2022 թվականի փետրվարի 1-ից:

Ըստ այդմ՝ սոցիալապես անապահով ընտանիքների համար, որոնք բնակիչ-բաժանորդների շուրջ 11 տոկոսն են կազմում, գործող սակագները կմնան անփոփոխ։ Ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար, որոնց բնակիչ-բաժանորդների 55 տոկոսն են կազմում, սակագները կավելանան 1.5 դրամ/կՎտժ-ով՝ ներառյալ ԱԱՀ-ն։ Ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար, որոնք կազմում են բնակիչ-բաժանորդների 25%-ը, սակագները կավելանան 3.5 դրամ/կՎտժ-ով՝ ներառյալ ԱԱՀ-ն։ Մնացած սպառողների համար սակագները կավելանան 5.5 դրամ/կՎտժ-ով՝ ներառյալ ԱԱՀ-ն։

Ըստ Վահե Դավթյանի՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը հիմնավորված ու արդարացված է, եթե գնահատում ենք և էներգետիկ համակարգում, և ընդհանուր մեր տնտեսության մեջ առկա իրավիճակը։ «Ավելին ասեմ, մեծ հավանականությամբ առաջիկայում մենք ևս ունենալու ենք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում։ Ինչո՞վ է սա պայամանավորված։ Առաջինը՝ գազի ոլորտում իրականացվող քաղաքականությամբ։ Մասնավորապես, 2020 թվականի ամռանը գազի սակագինը բարձրացավ 10 հազար խմ-ից ավելի սպառող օբյեկտների, նաև ջերմաէլեկտրակայանների համար։ Իսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի գեներացման շուրջ 40 տոկոսն ապահովում են ՋԷԿ-երը։ Սա բացարձակ ձախողում է, և այն, ինչ մեզ ներկայացվում են որպես գազային բանակցություններ, իրականում դրա առանցքային արգասիքներից մեկը սա է։ Երկրորդ, մեր էլեկտրաէներգետիկ համակարգն ավելցուկային է, միաժամանակ, ունենք հսկայական վարկային բեռ, որը տարբեր գնահատականներով՝ վերջին 15 տարիների ընթացքում հասել է մինչև 1 մլրդ դոլարի։ Եվ վերջին տարիներին ևս այդ վարկային բեռը շարունակել է աճել։ Պատկերացրեք մի համակարգ, որն ավելցուկային է, որն ունի հսկայական վարկային բեռ, սակայն, որը չունի արտահանման ռեալ հնարավորություններ, որն ունի ներքին բացասական սպառում, այսինքն՝ համակարգի ՕԳԳ-ն քիչ է, բայց այդ վարկերի համար պետք է վճարել։ Ինչպե՞ս դա անել, եթե համակարգը չի գեներացնում անհրաժեշտ միջոցներ։ Դա անհրաժեշտ է անել այսպիսի ոչ պոպուլյար քայլերով, ինչպես սակագների բարձրացումն է։ Չմոռանանք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որպես էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պատճառներից մեկը նշեց նաև Ատոմակայանի մոդեռնիզացիայի համար վերցված վարկի մարումը»,- ասաց Վահե Դավթյանը։

Նրա խոսքով՝ Ատոմակայանի վարկի հարցում ևս կա ձախողում։ Ճիշտ է, Ատոմակայանի մոդեռնիզացիան բարեհաջող իրականացվեց, և կայանը միացված է ցանցին, բայց աննախադեպ երկար ժամանակով այն կանգնեց։ Մինչդեռ 2021 թվականի հունվարից Հայաստանն արդեն սկսել է մարել այդ վարկային միջոցները, այն պայմաններում, երբ Ատոմակայանը կանգնեցված էր։ «Այսինքն՝ Ատոմակայանը էլեկտրաէներգիա չէր փոխանցում ցանց, գումար չէր աշխատում, բայց վարկային պայմանագրով սահմանված տոկոսները ՀՀ-ն արդեն սկսել էր մարել։ Սա ևս լուրջ բեռ ձևավորեց մեր ընդհանուր սակագնային քաղաքականության համար»,- հավելեց մասնագետը։

Ըստ Դավթյանի՝ էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող թանացումն իր ուղիղ ազդեցությունն է ունենալու մակրոտնտեսական ցուցանիշների վրա։ «Ամբողջ աշխարհում էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցող և առկա խնդիրները կորելացվում են տնտեսական խնդիրների հետ։ Տվյալ դեպքում մենք կարող ենք ակնկալել սպառողական գների աճ, որոշակի լրացուցիչ բեռ կլինի բիզնես, սպասարկման ոլորտներում, վերամշակող կազմակերպությունների համար։ Սրա հետևանքով կլինեն որոշակի բիզնես սուբյեկտների փակում, աշխատետեղերի կրճատում, հատկապես դա կվերաբերի միջին բիզնեսին։ Եվ վերջին հաշվով, իհարկե, սա իր ազդեցությունը կունենա նաև աղքատության ցուցանիշների վրա»,- ասաց նա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.