Ո՞վ արեց հեղաշրջումը Ղազախստանում

ԱՄՆ-ն երկու հարց է բարձրացրել Ղազախստանի իրադարձությունների վերաբերյալ՝ օրինակա՞ն էր ՀԱՊԿ զորքեր մտցնելը և ինչու՞ է նախագահ Տոկաևն առանց նախազգուշացման կրակելու հրաման տվել։

Եվրասիական ողջ շքախումբն արդեն երեք օր է չի կարողանում պատասխանել մի պարզ հարցի՝ արտաքին ո՞ր ուժերն են փորձել հեղաշրջում անել Ղազախստանում, որն էլ առաջացրեց ՀԱՊԿ-ի մտնելու անհրաժեշտությունը։

«Ղազախստանի պետականությանը սպառնացող վտանգը պայմանավորված էր ոչ թե վառելիքի գների պատճառով ինքնաբուխ հանրահավաքներով, այլ այն հանգամանքով, որ ներքին և արտաքին ուժերն օգտվեցին ստեղծված իրավիճակից»,- ասել է Պուտինը՝ չնշելով, թե որ ուժերն են: Ընդ որում, նա ասել է, որ «թույլ չենք տա, որ սասանվի իրավիճակը տանը և թույլ չենք տա, որ այսպես կոչված գունավոր հեղափոխությունների սցենարը կյանքի կոչվի»։ Այսինքն՝ Պուտինը Ղազախստանն անվանում է «իր տունը», որտեղ ինչ-որ մեկն ուզում է հեղափոխություն անել։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել է, որ Ղազախստանում փորձ է արվել պետական ​​հեղաշրջում իրականացնել։ Նա հայտարարել է Ղազախստանում անկարգություններին «ահաբեկիչների», այդ թվում՝ օտարերկրյա գրոհայինների անմիջական մասնակցության մասին, իսկ ահաբեկչական ագրեսիայի նախապատրաստման ապացույցներ խոստացել ավելի ուշ ներկայացնել։

Ո՞վ է կոնկրետ փորձել հեղաշրջում անել։ Դատելով Տոկաեւի գործողություններից, ով անմիջապես իշխանությունից հեռացրեց Նազարբաեւին եւ նրա շքախումբը, հեղաշրջում հենց Նազարբաևն է փորձել իրականացնել։

Ռուսական լրատվամիջոցներում անմիջապես ենթադրություններ հայտնվեցին, որ «Նուրսուլթան Նազարբաևը Արևմուտքի հին ու վաղուցվա նախագիծն է»։ Նրանք հիշեցրել են, որ դեռ 1994 թվականի մարտին նա Լոնդոնում ներկայացրել է «Եվրասիական միության» նախագիծը և ստիպել է միության անվան մեջ ներառել «տնտեսական» բառը՝ դրանով իսկ արգելակով քաղաքական ինտեգրացիան և միութենական մարմինների ստեղծումը»։

Հայ վերլուծաբաններն ասում են, որ «գործ ունենք ռուսական հատուկ ծառայությունների իրականացրած գործողության հետ, որի նպատակն է հեռացնել պանթյուրքիզմի գաղափարախոսությանը հավատարիմ Նազարբաեւին»։

Եվ, այնուամենայնիվ, պատասխան չկա այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ի ներկայությունը լեգիտիմ է։ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանում կմնան ոչ ավելի, քան մեկ շաբաթ, հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղարը։

«Մենք չպետք է թույլ տանք, որ խաղաղապահ զորախումբը ներկայացվի որպես օկուպանտ, մենք տեսնում ենք, որ նման փորձեր արդեն արվում են, մենք ամենևին էլ օկուպանտ չենք»,- անկեղծացել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ասել է, որ տեսանելի են ՀԱՊԿ ուժերի ներգրավման օրինականությունը կասկածի տակ դնելու փորձեր՝ այդպես էլ չպատասխանելով այն հարցին, թե ինչու է գրառում արել մոտ 20 հազար ահաբեկիչների մասին, ապա հեռացրել այն։ ՀԱՊԿ ուժերը, Պուտինի խոսքով, Ղազախստանում կմնան «այնքան, որքան անհրաժեշտ է», սակայն առաքելության ավարտից հետո ամբողջ զորախումբը դուրս կբերվի երկրից։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝