Ազգովի անիծենք բիթքոյնին

Աշխարհի տարբեր երկրների կառավարություններ որոշել են ունենալ սեփական կրիպտոարժույթը: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում Իսրայելը, Ռուսաստանը, Վենեսուելան: Կրիպտոարժույթով հետաքրքրված երկրների թիվը կարող է էականորեն աճել, որովհետև երկրների կառավարությունները հասկանում են, որ գլոբալ կրիպտոարժույթի դեմ հնարավոր է պայքարել միայն սեփականը ունենալու միջոցով:

Ավելի խոհեմ լուծում առայժմ գտնված չէ: Սեփական կրիպտոարժույթ ունենալը շատ է նմանվում սեփական արժույթ ունենալուն, որովհետև երկրների կառավարությունները կիրպտոարժույթը կապում են իրենց ազգային դրամական միավորի հետ, դրանով վերահսկելով կրիպտոաարժույթի քանակը շուկայում: Գուցե արդյունքում ստացվի ոչ այնքան կրիպտոարժույթ, այլ էլեկտրոնային փող, սակայն դա արդեն խոսակցության այլ նյութ է:

Հայաստանի իշխանություններն էլ են հետաքրքրված կրիպտոարժույթով, համենայնդեպս, օրենսդիր իշխանության մակարդակով: Միայն թե մեզ մոտ ոչ թե սեփական կրիպտոարժույթ են ուզում ստեղծել, այլ առայժմ փորձում են հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այն:

Երեկ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, կար մի հարց ևս՝ կրիպտոարժույթը ֆինանսական շուկաներում: Այս հարցով զեկուցողը՝ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, չափազանց դժգոհ էր, որ այս հարցը ընդհանրապես քննարկվում է: Հայաստանի ֆինանսական իշխանությունների դիրքորոշումը ամենատարբեր հարցերի վերաբերյալ շարունակում է մնալ նույնը. եթե խնդրի մասին չենք խոսում, խնդիրը շրջանցում է Հայաստանը: Հիշում եք՝ 2009թ. համաշխարհային ճգնաժամի ամենաթեժ շրջանում այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը հորդորում էր չխոսել ճգնաժամի մասին, որպեսզի ճգնաժամը շրջանցի Հայաստանը: Հիմա էլ իրավիճակը առանձնապես չի տարբերվում. Աբրահամյանը ասում է, որ պետք չէ այս թեմայով հրապարակային քննարկումներ անել, այն մտավախությամբ, որ դրա միջոցով գովազդվում է

կրիպտոարժույթը: Աբրահամյանը երեկվա քննարկման ժամանակ ճիշտ հակառակ ձևով վարվեց, խորհուրդ տալով հեռու մնալ կրիպտոարժույթից, այն համեմատելով ֆինանսական բուրգի հետ, որը ցանկացած պահի կարող է փուլ գալ: Աբրահամյանը հայտարարեց, որ կրիպտոարժույթով միլիարդատերերը մեծ հաճույքով իրենց մեկ միլիարդը կփոխանակեին իրական մեկ միլիոնի հետ, իսկ ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանն էլ շատ արագ հաշվեց, որ մեկ միլիոնի փոխարժեքն էլ կլինի հազար դոլար, և ԿԲ փոխնախագահից հետաքրքրվեց, թե որտեղ կարելի է մեկ միլիոն դոլարին համարժեք բիթքոինը փոխանակել հազար դոլար կենդանի փողի հետ: Աբրահամյանը նույնիսկ կանխատեսեց, որ քվանտային համակարգիչների գործարկումից հետո կրիպտոարժույթի իմաստը ընդհանրապես կվերանա, որովհետև եթե այսօր մայնինգով զբաղվողները օրեր են անցկացնում բիթքոյնի ստեղծման վրա, ապա տեխնոլոգիական առաջընթացի դեպքում դա վայրկյանների խնդիր կդառնա: Չմոռացավ նաև հիշեցնել, որ մայներները ախտոտում են բնությունը, քանի որ նրանց հիմնական մասը աշխատում է Չինաստանում, իսկ նրանց կողմից օգտագործվող էլեկտրաէներգիան ստացվում է ածխի այրման հետևանքով:

Չնայած Հայաստանի օրեսդրությունը արգելում է դրամից բացի որևէ այլ արժույթով առևտուրը, սակայն Հայաստանում արդեն կան առևտրի կետեր, որտեղ գրված է, որ կարելի է առևտուր անել բիթքոինով:

Հնարավոր է, որ դրանք ընդամենը գովազդային ցուցանակներ են, ինչպես պնդում է Աբրահամյանը, բայց հեռու չէ այն օրը, որ կրիպտոարժույթը կարող է իսկապես զգալի դեր խաղալ ֆինանսական շուկայում:

Հասկանալի է, որ որքան մեծ լինի կրիպտոարժույթի շրջանառության ծավալը, այնքան դա թուլացնում է Կենտորանական բանկի դերակատարումը ֆինանսական շուկայում, և դրանով է պայմանավորված ԿԲ-ի ներկայացուցիչների բացասական վերաբերմունքը ամեն տեսակ կրիպտոարժույթների նկատմամբ: Բայց արդյոք կրիպտոարժույթի դեմ պայքարի լավագույն ձևը դրա դեմ հակաքարոզչությունն է, մանավանդ, որ քարոզչական պատերազմում

Հայաստանի Կենտրոնական բանկը դատապարտված է պարտության: Դրանում համոզվելու համար պետք է ընդամենը հետևել, թե օրվա մեջ քանի անգամ են միջազգային լրահոսում շրջանառվում լուրեր բիթքոինի մասին:

Ցանկացած դրամական միավորի փոխարժեք, անկախ նրանից՝ դա ինչ-որ երկրի ազգային արժույթն է, թե կրիպտոարժույթ, հիմնված է այդ արժույթի նկատմամբ առկա վստահության մակարդակով: Առայժմ պետք է արձանագրենք, որ բիթքոյնի նկատմամբ վստահությունը բավական մեծ է, և դրանով է բացատրվում դրա կայուն բարձր փոխարժեքը: Համաշխարհային մակադակով կրիպտոարժույթի պահպանմամբ շահագրգիռ այնպիսի ուժեր կան, որոնք չեն թողնում, որ այդ բուրգը փլուզվի, որքան էլ որ մենք ասենք, որ այն չափազանց խախուտ է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am