Չեմ կարող ասել՝ ով է Ղազախստանում դուրս եկել փողոց, հասարակ ժողովուրդը երբեք դուրս չէր գա. Աստանայի հայ համայնքի ղեկավար

Հունվարի 2-ին Ղազախստանում հեղուկ գազի գնի կտրուկ բարձրացման որոշման դեմ սկսված ցույցերը տարածվել են ամբողջ երկրով: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ կան ավելի քան 300 վիրավորներ, տասնյակ սպանվածներ ցուցարարների և ոստիկանների շրջանում, հարյուրավոր ցուցարարներ ձերբակալված են: Այս պահին Ղազախստանում մոտավորապես 32.000 հայ կա: Նուր-Սուլթան /Աստանայի/ հայ համայնքի ղեկավար Սահակ Սալումյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մայրաքաղաքում այս պահին նորմալ է իրավիճակը:

«Ամեն ինչ սկսվել է գազի գնի բարձրացումից, և քրեական որոշ տարրեր, որոշել են ամեն ինչ իրենց ձեռքը վերցնել»,-ասաց նա: Սալումյանի խոսքով՝ մայրաքաղաքում ամեն ինչ անվտանգ է, նորմալ է, մարդիկ աշխատում են, պարետային ժամն է միայն գործում երեկոյան ժամը 23-ից մինչև առավոտյան ժամը 7-ը: Նրա խոսքով՝ հայկական համայնքից որևէ մեկը այդ ակցիաներին չի մասնակցել, չի բողոքել. «Մենք կապվեցին տարբեր շրջանների մեր համայնքների հետ, նորմալ է իրավիճակը»,-ասաց նա՝ հավելելով, որ տարբեր քաղաքների հայկական համայնքների ղեկավարների հետ քսանչորս ժամ կապի մեջ են:

 

«Ընդամենը մեքենայի գազի գինն է բարձրացել, ես մեքենա չունեմ ու ճիշտն ասած, չգիտեմ անգամ, թե ինչքան է բարձրացել գազի գինը կամ բենզինի գինը»,-ասաց նա:

Հայերը, նրա խոսքով, շատ հանգիստ են, ոչ մի անհանգստություն չկա, Նոր տարվա տոներն են նշում:

Դիտարկմանը, որ այդ ցույցերը վերածվել են բռնապետական ռեժիմի դեմ ժողովրդական շարժման, Սալումյանը չհամաձայնվեց. «Ես չեմ կարող ասել՝ ով է դուրս եկել փողոց, հասարակ ժողովուրդը երբեք դուրս չէր գա»:

Հունվարի 5-ին նախագահ Տոկաևի կողմից բանավոր դիմում է ներկայացվել ՀԱՊԿ` իրավիճակը հաղթահարելու նպատակով աջակցության ակնկալիքով:

Նույն օրը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց զինված ուժեր ուղարկել այդ երկիր: Սահակ Սալումյանը կարծում է, որ դա ճիշտ քայլ էր: Քանի որ մենք գտնվում ենք ՀԱՊԿ-ի կազմում, պետք է իրար օգնենք:

«Դա էնպիսի հարց է, որ եթե այսօր մեկը մեկին չօգնեց, վաղն էլ իրենց չեն օգնի, ու ավելի վատ կլինի դրությունը: Դրա համար թող օգնեն, թող հասնեն իրար»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ շատերը զուգահեռներ են տանում 2018-ին Հայաստանում տեղի ունեցածի և Ղազախստանի իրադարձությունների միջև, Սահակ Սալումյանն ասաց. «Դրանք բացարձակ տարբեր բաներ են: Այս դեպքում միայն Ղազախստանի հարավում են այդ հարցերը ծագել, ոչ թե ամբողջ Ղազախստանում»:

Սալումյանը վստահեցրեց, որ խուճապ չկա հայերի շրջանում. «Առնվազն Աստանայում նման բան չկա, գուցե ուրիշ շրջաններում անհանգստություն լինի, բայց մեզ մոտ հանգիստ են, բոլորն իրենց տեղում են, աշխատում են, ապրում են: Վիրավորների ու զոհերի մեջ հայեր չկան, որովհետև հայերը չեն մասնակցում նման բաների, ինչի՞ պետք է մասնակցեն»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Չեմ կարող ասել՝ ով է Ղազախստանում դուրս եկել փողոց, հասարակ ժողովուրդը երբեք դուրս չէր գա. Աստանայի հայ համայնքի ղեկավար