«Կամ մենք ռուսների հետ միասին մնում ենք անժամկետ, կամ հեռանում ենք նրանց հետ»․ Զաբուղ-Ստեփանակերտ ի՞նչ նոր ճանապարհի մասին է խոսքը

Լragir.am-ը գրում է. Դեկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, այդ թվում՝ Արցախ «ադրբեջանցիների վերադարձի» հավանականությանը, Արցախի խորհրդարանը արձագանքել է բավական կոշտ հայտարարությամբ։ Բայց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ 2022 թվականին ՀՀ կառավարությունը մեծացնելու է Արցախին հատկացվող սուբսիդիաները, Ստեփանակերտում հանդարտվեցին։

Ռուս խաղաղապահները զեկուցել են, որ ապահովում են «Զաբուղից Ստեփանակերտ այլընտրանքային ճանապարհի» կառուցման անվտանգությունը։ Իսկ Արցախի ղեկավարությունը, ինչպես ասում են, փորձում է հասարակությանը համոզել, որ «կամ մենք ռուսների հետ միասին մնում ենք անժամկետ, կամ հեռանում ենք նրանց հետ»։

Արցախի խորհրդարանի խմբակցություններն իրենց հայտարարության մեջ անդրադարձել են 1992 թվականի հուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ընդունած որոշմանը։ «Այդ որոշմամբ ՀՀ-ն պարտավորվում է «հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը»: Սահմանվում է նաև, որ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում», նշված է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, Արցախի խորհրդարանը հղում չի արել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհուրդների 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։ Արցախի խորհրդարանը չի հիշատակել նաև ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1990 թվականի փետրվարի 13-ի որոշումը «ՌԿ(բ)Կ Կենտկոմի կովկասյան բյուրոյի 1921 թվականի հուլիսի 5-ի որոշումը անօրինական ճանաչելու մասին»։

Արցախի խորհրդարանը վկայակոչում է միայն այն փաստաթուղթը, որը բացառում է Ադրբեջանի կազմում լինելը։ Բայց թե՛ Երևանը, թե՛ Ստեփանակերտը չեն խոսում Արցախի և Հայաստանի վերամիավորման վերաբերյալ որոշումների մասին։ Իսկ Արցախի նախագահն իր հայտարարություններում խոսում է Արցախում ոչ թե հայկական, այլ ռուսական բանակի անժամկետ մնալու մասին։

Մոսկվայի դրդմամբ Ստեփանակերտն ու Երևանն անում են ամեն ինչ, որպեսզի հայերի մնալն Արցախում ասոցացվի միայն ռուսական զորքերի «անժամկետ» ներկայության հետ։ Դրան են միտված նաեւ Փաշինյանի հայտարարությունները «ադրբեջանցիների վերադարձի» եւ այլ պարտավորությունների մասին։

Երեւանն օգնում է Ռուսաստանին չեզոքացնել միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի ներգրավման փորձերը։ Ռազմական գործողությունների ավարտից 14 ամիս անց Մինսկի խմբի համանախագահները չեն այցելել հակամարտության գոտի, իսկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին Մոսկվան ու Բաքուն թույլ չեն տալիս իրականացնել իր մանդատը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.